Արտաքին 45 րոպե առաջ - 22:53 18-10-2026

Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը, հաղորդում է Le Monde-ը։

Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները՝ կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։

«Նրանք, ովքեր ավերել են, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է հատուցեն վնասը», — հայտարարել է Մակրոնը կիրակի երեկոյան։ Նա նաև զգուշացրել է, որ հանրապետության հիմքերը խարխլելու փորձերի մեղավորները պատասխան կտան իրենց գործողությունների համար։

Միևնույն ժամանակ նախագահը կոչ է արել չշփոթել խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցներին ջարդարարների հետ։ Ըստ նրա, իշխանությունները պետք է միաժամանակ հաշվի առնեն քաղաքացիների պահանջները և ապահովեն հասարակական կարգի պահպանումը։

Մակրոնը վառելիքի գների աճը կապել է Պարսից ծոցում հակամարտության հետևանքների հետ, որին Ֆրանսիան չի մասնակցել։ Նա հայտնել է, որ արդեն երկուշաբթի կշարունակի միջազգային բանակցությունները՝ ուղղված Ֆրանսիա վառելիքի և գազի մատակարարումների ապահովմանը, և կմեկնի Պարսից ծոցի երկրներ։

Նախագահը նաև ընդունել է, որ երիտասարդությունը «խոր անհանգստություն» է ապրում ապագայի անորոշության, կյանքի և ուսման պայմանների, մասնագիտության ընտրության և հասարակության մեջ իր տեղի վերաբերյալ։ Նրա համոզմամբ, իշխանությունները պետք է լսեն երիտասարդներին՝ չնվազեցնելով նրանց խնդիրների լրջությունը։

Մակրոնը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ կառավարությունը կսկսի քննարկումներ ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, արհմիությունների, գործատուների և տեղական ընտրված ներկայացուցիչների հետ՝ երիտասարդության պահանջներին պատասխաններ մշակելու համար։

Միաժամանակ պետության ղեկավարը խոստացել է կոշտ արձագանքել նոր անկարգություններին։ Պրեֆեկտները քաղաքապետերի հետ միասին կկարողանան միջոցներ ձեռնարկել քաղաքների, հասարակական շենքերի և խանութների պաշտպանության համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում արգելել առանձին հավաքներ։

«Մենք անդրդվելի կլինենք։ Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը չի նշանակում ոչ թուլություն, ոչ էլ անպատժելիություն»,- ընդգծել է Մակրոնը։

Ուղերձի ավարտին նա ֆրանսիացիներին կոչ է արել վեց ամիս անց կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախապատվությունը տալ ժողովրդավարական բանավեճերին։ Նա հանդես է եկել փողոցային մոբիլիզացիայի կոչերի դեմ, եթե այն ուղեկցվում է անկարգություններով, և միասնության, հանգստության և փոխադարձ հարգանքի կոչ է արել։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց