Որտե՞ղ է Փաշինյանը տանում Հայաստանը
copy image url

Որտե՞ղ է Փաշինյանը տանում Հայաստանը

Ներքին 1 տարի առաջ - 14:30 26-03-2024
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին։

Հարցազրույցի մի զգալի մասում, առ ի քաղաքավարության, Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է հայ-հունական հարաբերություններին, դրանց անցյալին և զարգացմանը։

Սակայն արծարծված մյուս թեմաներում զգացվում է Հայաստանը 6 տարի ղեկավարողի հարաճուն մտավախությունները՝ կապված երկրի ընթացիկ վիճակի հետ։

Հայաստանի համար ի՞նչ է կարողացել զարգացնել, մեծացնել, ընդլայնել Փաշինյանն իր վարչապետության ընթացքում։ Եթե դատենք զուտ Kathimerini –ում ներկայացված արձանագրումներից, ապա «զարգացել» են ռազմաքաղաքական միակ դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը փաստացի դադարեցնելու, Թուրքիայի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորելու, Արցախի կորստի հետ կապ ունեցող միտումները։
Սրանք Հայաստանի համար կենսական կարևորության ոլորտներ են, որոնց հետ առնչվող դրական, թե բացասական իրադարձությունները ռազմավարական առումով ՀՀ իշխանությունները պետք է կառավարեն, հավասարակշռեն և ձգտեն երկիրը չտանել կործանիչ ցնցումների։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, որպես կառավարության գլուխ, կարողացել է կառուցել նորը՝ իր կողմից քանդած հնի փոխարեն։ Նոր մի բան, որից Հայաստանը գոնե չի տուժում։ Այս հարցն այսօր, ցավոք, ավելի շատ հեգնական երանգներ ունի, քան իրականության հետ որևէ աղերս․․․

Ինչ արժեն Փաշինյանի արտահայտությունները միայն «հայրենիքի մնացորդ»-ի մասին։ Բայց արտերկրի մամուլի միջոցին տված զրույցում ՀՀ դե-ֆակտո ղեկավարը փորձում է տպավորություն ստեղծել, իբր «Խաղաղության խաչմերուկ»-ի ստեղծման պարագայում՝ ապագայում Հայաստանը կկարողանա օգտվել ռազմավարական նշանակության իր դիրքից։

Որ տարածաշրջանում Հայաստանն ունի աշխարհաքաղաքական առումով կարևորագույն դիրքավորում՝ գիտեն բոլորը, սակայն ինչքանո՞վ է ռեալ Փաշինյանի կառավարման ընթացքում այդ առավելությունը հօգուտ Հայաստանի Հանրապետության գործադրելու հավանականությունը։ Դատելով հայկական ուժերի թուլության և ադրբեջանական բանակի՝ անգամ մինչև Երևան հասնելու մասին Փաշինյանի հուսահատ արձանագրումներից, որ արել է Ազգային ժողովում՝ Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ ծավալված քննարկմանը, նա չի կարող անգամ պահպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, ուր մնաց, թե զբաղվի Հայաստանի ռազմավարական հնարավորություններն ի շահ երկրի օգտագործելով։

Հունական թերթին այս հարցազրույցը, զուտ վիճակագրական տեսանկյունից, գուցե որևէ արժեք ունի՝ որպես իշխանավորի և հանրույթի շփման միջոց, սակայն ակնհայտորեն վկայում է, որ աշխարհաքաղաքական ցնցումների այս ժամանակամիջոցում ՀՀ-ն ղեկավարում է մի մարդ, որը կա՛մ չի հասկանում, թե երկրի համար որն է կարևորը և հնարավորը, կա՛մ, հասկանալով հանդերձ, ծանրագույն վիճակում գտնվող հանրապետությունը միտումնավոր ներքաշում է կործանարար վտանգների ոլորապտույտ, որտեղից դժվար թե կարողանա դուրս գալ, մասնավորապես Հունաստանի օգնությամբ։

Տիգրան Աթանեսյան