Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:30 25-02-2024

Բացեք դուռը, գարնանային դրական իրադարձություններ են գալիս

Հանրային մտավախություն կա, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական սխալն է գործելու, որը նոր աղետ է պատճառելու ժողովրդին։ Բայց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչի ակնարկած գարնանային դրական իրադարձությունները լավատեսության ալիք են բարձրացրել։ Նկատենք, որ ամերիկացի վերլուծաբանները պատերազմ են կանխատեսում։ Նույնիսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է սպառազինություն բերում, քանի որ Հայաստանը անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում աջակցության կարիք ունի։ Հետևապես՝ ի՞նչ դրական իրադարձությունների մասին է ակնարկում ուկրաինացի պաշտոնյան։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է 3 վարկած։

Առաջին վարկածը կապված է խաղաղության պայմանագրի հետ։ Ենթադրվում է, որ Զելենսկին Հայաստան և Ադրբեջան այցելության ժամանակ հայ-ադրբեջանական բանակցային առաջընթացին նպաստելու ուղղությամբ ջանք է գործադրելու, որի արդյունքում շրջանակային փաստաթղթի կամ միմյանց վրա չհարձակվելու մասին պակտի ստորագրման օր կնշանակվի։ Այդպիսով՝ Ադրբեջանը կխոստանա, որ չի հարձակվելու ՀՀ-ի վրա։ Իսկ ՀՀ-ն կխնդրի իր համար նախատեսված ֆրանսիական զինամթերքի մի մասը տրամադրել Ուկրաինային։ Դրանից հետո ՀՀ-ի միջազգային հեղինակությունը Արևմուտքում էապես կբարձրանա, և արտաքին մեծ ներդրումներ կկատարվեն ՀՀ տնտեսության մեջ։

Երկրորդ վարկածով՝ ենթադրվում է, որ Զելենսկու այցից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բեռլին, որից հետո Գերմանիայի պաշտպանության նախարարը կժամանի ՀՀ՝ բերելով սպառազինության խմբաքանակ։ ՀՀ-ում կստորագրվեն հայ-գերմանական մի շարք փաստաթղթեր սպառազինության մատակարարման, պաշտպանության և անտանգության ոլորտներում գործակցության վերաբերյալ։ Դրանից հետո Շոլցի միջնորդությամբ կստորագրվեն սահմանազատման փաստաթղթերը, և ադրբեջանական զորքերն առանց կրակոցի կհեռանան ՀՀ սահմանից դուրս։

Երրորդ վարկածով՝ ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին Ռուսաստանը պարտվելու է պատերազմում, դուրս է գալու Ղրիմից, Դոնբասից, կապիտուլյացիա է ստորագրելու։ Պարտված ՌԴ-ն հեռանալու է նաև ազդեցության երբեմնի մյուս գոտիներից, այդ թվում՝ Հայաստանից։ Այսինքն՝ ՀՀ-ն ազատվելու է ռուսական սպառնալիքից։ Սա Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչի կարծիքով՝ դրական իրադարձություն է։ Այսպես Լոբաչն ակնարկում է, որ շուտով Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանին։

Իրականում՝ ուկրաինա-ռուսական պատերազմի վերջը չի երևում։ Ուկրաինային աջակցողները փորձում են մեծացնել Պուտինի վրա ճնշումը՝ ներգրավելով այնպիսի երկրների, որոնք այս պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չեն, սակայն Արևուտքի դաշնակիցն էլ չեն, օրինակ՝ Հայաստանին և Ադրբեջանին։ Այս նպատակով է Զելենսկին գալիս Երևան և Բաքու։ Ու չի բացառվում, որ ՔՊ-ական իշխանությունը Զելենսկու այցից մի քանի օր անց՝ մարտի 16-ին, կհայտարարի հայ-ռուսական որոշ պայմանագրեր լուծելու գործընթաց սկսելու մասին։ Ուշագրավ է, որ երբ Մոսկվան Նիկոլ Փաշինյանից պարզաբանում պահանջեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարություն անելու վերաբերյալ, ապա դրան արձագանքեց ոչ թե ՀՀ ԱԳՆ-ն, այլ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ընդգծելով՝ «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում»։

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ևս լրջորեն մտադիր է Հարավային Կովկասից վերջնական դուրս մղել ՌԴ-ին։ Այս հավաքական ջանքերի թիրախներից մեկը Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի բացումն է, որը նախատեսված է մայիսի վերջին։ Ու եթե այդ ճանապարհի շահառուները հետևողական լինեն, ապա Հարավ-հյուսիսի բացմամբ՝ ՀՀ-ի նկատմամբ ռուսական սպառնալիքը կչեզոքանա, կնվազի ադրբեջանական հավանական ագրեսիայի վտանգը։ Այսինքն՝ իսկապես, դրական իրադարձություն կլինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին