Ներքին 3 տարի առաջ - 18:36 13-10-2022

Մոտ օրերս շրջադարձային իրադարձություններ են լինելու․ ցանկացած ուժ շատ զգույշ քայլեր պետք է անի․ Վահե Հակոբյան

Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից հետո պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ երկու երկրների միջև «Խաղաղության պայմանագիրը» նախատեսվում է ստորագրել մինչև տարեվերջ։

Միաժամանակ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Պրահայում հանդիպումներից հետո նշել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Այս հայտարարություններից հետո, սակայն, խորհրդարանական ընդդիմությունը հանրային ակտիվություն չի ցուցաբերում, բողոքի ակցիաների մասին խոսք անգամ չկա։

Oragir.news-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, անդրադառնալով հարցին, թե այս հայտարարությունների ֆոնին՝ ինչ կարելի է ակնկալել ընդդիմությունից, ասաց, որ մենք պետք է նայենք իրավիճակին և փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը։

«Այսօր, ինչպես նշեց ՀՀ երկրորդ նախգահը իր ասուլիսում, Հայաստանը բանակցության կողմ չէ, այլ բանակցության առարկա։ Մենք այսօր դրված ենք գերտերությունների սեղանին։ Մենք նրանց համար կռվախնձոր ենք դարձել։ Ես կարծում եմ, որ մեզ շատ մոտ օրերս սպասվում են շրջադարձային իրադարձություններ և այսօր ցանկացած ուժ՝ ընդդիմություն լինի, թե «չընդդիմություն», պետք է շատ զգույշ քայլեր կատարի և շատ զգույշ լինի իր խոսքերի և գործողությունների մեջ, քանի որ կրկնեմ այսօր Հայաստանը հայտնվել է գերտերությունների բախման խաչմերուկում։ Մեր այսօր, վաղը կամ մյուս օրը հանրահավաք չհավաքելը ունի մի շարք պատճառներ, դրանցից մեկն այն է, որ մենք այսօր չափազանց զգույշ պետք է լինենք։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին ինքներդ կտեսնեք, կհասկանաք՝ խոսքն ինչ շրջադարձային իրադարձությունների մասին է․ խոսք Արևմուտքի և Արևելքի հակամարտության արդյունքը տեսնելու մասին է»։

Նա ընդգծեց, որ իրենք չեն հրաժարվում ակտիվ գործողություններից, պարզապես շարժվում են ըստ տրամաբանության և անհրաժեշտության։

«Հիմա խորհրդարանական ընդդիմությունը շատ մեծ ակտիվություն է դրսևորում արտաքին հարթակներում։ Միջազգային բոլոր հարթակներում ենք մենք հիմա տեսնում մեր աշխատանքը։ Մենք այդպիսով պետք է բոլորին հասցնենք, թե ինչ է նշանակում Արցախը հանձնել Ադրբեջանին՝ 150-հազարանոց հայությունով։ Այսօր սա է մեր աշխատանքի առաջնահերթությունը»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը