Գյումրիում տեղավորված արցախցիները սկսել են հեռանալ Հայաստանից. 3 պատմություն
copy image url

Գյումրիում տեղավորված արցախցիները սկսել են հեռանալ Հայաստանից. 3 պատմություն

Ներքին 1 տարի առաջ - 10:40 23-02-2024
Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիներից շատերը լքել են Հայաստանը։

42-ամյա Արևիկ Մելքումյանը արդեն երկու ամիս է` Կրասնոդար է ընտանիքի հետ տեղափոխվել։ Ասում է`ոչ ոք լավ օրից չի գնում իր հայրենիքից։

«Էստեղ եթե տարանջատում են հայաստանցի, ղարաբաղցի, մեր էստեղ մնալն անիմաստ ա։

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ արցախցիները Հայաստանից էլ գնան։ Աշխատանքի դիմում ես, իմանում են` Արցախից ես, ամենացածր աշխատավարձն են առաջարկում, ասում են` չես ուզում, հնդիկները կանեն։

Մարդը եթե իր հայրենիքում պիտի իրեն օտար զգա, ուրեմն ավելի լավ է` ուրիշ տեղ գնա, գոնե աշխատանք կգտնի, կաշխատի։

Երեք անչափահաս երեխա ունեմ, երեխեքիս ուսում է պետք, ապրել է պետք։ Ես չէի կարա նստել ու ձեռքս պարզել, բեր, պետություն, պահի ինձ, փող տուր, որ սովից չմեռնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արևիկը։

Սոնա Այրապետյանի ընտանիքն էլ Սոչի է գնացել, դարձյալ խնդիրը նույնն է։ Հայաստանում չեն կարողացել աշխատանք գտնել։ Ամուսինը Գյումրիի խանութներից մեկում բանվոր է աշխատել։
Ասում է` 80.000 դրամով չեն կարողացել հա'մ տան վարձ վճարել, հա'մ ապրել։

«Գյուղի դպրոցում եմ աշխատել, մի քանի տեղ դիմել էի աշխատանքի համար, ոչ մի արձագանք չեղավ։ Մենք որ Գյումրի էինք գալիս, ասացին, որ այդտեղ դժվար է աշխատանք գտնելը։ Բացի դրանից` աշխատավարձը շատ ցածր է, տան վարձերն էլ` ահավոր բարձր։ Պարզ է, որ էսօր պետությունը աջակցություն է տալիս, բայց դա հո հավերժ չի։ Դրա համար որոշեցինք գնալ Հայաստանից։

Ես էլ ամուսինս էլ աշխատանք ունենք։ Հյուրանոցում ենք աշխատում։ Ռուսը վատն ա, ռուսը էս ա, էն ա...ռուսը էսօր շատ հայերից ավելի լավ ա։ Իսկ մեր երկրում Նիկոլի պարանով փոսը իջնողները շատ են, ովքեր ատում են արցախցիներին, ովքեր չեն ընդունում արցախցիներին։

Ես չեմ հասկանում հայը հայ ա, ինչ տարբերություն սյունեցի ա, թե արցախցի»,- ասում է Սոնա Այրապետյանը, ով Ստեփանակերտից է բռնի տեղահանվել. ի դեպ, երկու անգամ է բռնի տեղահանվել Արցախից։ 2020 թվականին Քարին տակ գյուղում է տունը կորցրել։

Հերմինե Ավանեսյանն էլ է պատրաստվում լքել Հայաստանը, ասում է` ծանր որոշում է, բայց ուրիշ տարբերակ չունի։

«Դեռ 40+10 աջակցությունը չեմ ստացել, արդեն 2 ամիս է, ինչ անեմ ես, ոնց ապրեմ, ոնց վարձ տամ։ Մարդկանց իրենց հոգսերի հետ մենակ են թողել ու ասում են` գնա, ապրի։ Իսկ թե ոնց, այ էս հարցի պատասխանը ոչ ոք չունի, ոչ ոքի չի էլ հետաքրքրում։ Քույրիկս Ռուսաստանում է ապրում, դեռ 2020-ից հետո էր ասում` եկեք, մնացել եք էդտեղ, որ ինչ անեք։ Ասում էի`քուր ջան, ախր ոնց կլինի տենց, էդքան մարդ ա զոհվել, որ ես դուռս փակեմ գամ։ Ինչ իմանայի, որ վռնդելու էին ինձ իմ տնից։ Հիմա որ էսպես մտածում եմ, այո, պիտի գնացած լինեի, չգիտեմ։

Չնայած արդեն չգիտեմ ինչն է սխալ, ինչը` ճիշտ։ Չուզենալով եմ գնում, դժվար ա...սփռվել ամբողջ աշխարհով մեկ, էս ինչ արեցին մեզ հետ»,- ասում է Հերմինե Ավանեսյանը։

Արցախցիներին առոք-փառոք տեղավորելուց գոհ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ արցախցիները Հայաստանը լքում են նաև խտրական վերաբերմունքի պատճառով։ Մեզ հետ զրույցում արցախցիներն ասում են, որ Հայաստանում իրենք իրենց օտար են զգում։