Ներքին 2 տարի առաջ - 19:15 21-01-2024

Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ երկօրյա նիստերն ավարտվեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ եւ նախագահությամբ գումարված «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի երկօրյա նիստերը ավարտվեցին։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

«Առկա հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ երկօրեայ նիստերով քննարկեցին «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Իրադարձութիւնները» թեմային առնչուած հրատապ օրակարգի կէտեր։

Փրոֆ. Աշոտ Մելքոնեան (Հայաստան), փրոֆ. Ռուբէն Սաֆրաստեան (Հայաստան), դոկտ. Արմէն Մարուքեան (Հայաստան), դոկտ. Վահրամ Բալայեան (Արցախ), դոկտ. Հրայր Պալեան (Ա.Մ.Ն.), դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան (Արժանթին), դոկտ. Վիգէն Չթըրեան (Զուիցերիա), Տիգրան Եկաւեան (Ֆրանսա), դոկտ. Նորա Պայրագտարեան (Լիբանան), Շահան Գանտահարեան (Լիբանան) եւ Ահարոն Շխրտըմեան (Լիբանան - քարտուղար) յաջորդաբար քննարկեցին տարածաշրջանի նորագոյն իրադարձութիւնները, Ազրպէյճանի իրագործած ցեղասպանութեան եւ ցեղային զտման հետեւանքները, միջազգային իրաւական ատեաններու մօտ՝ ռազմագերիներու, ձերբակալուածներու եւ պահուող անձանց վերադարձի հնարաւոր ուղիները արծարծելու, Ազրպէյճանի գործադրած ռազմական յանցագործութիւններու թղթածրարի պատրաստութեան եւ հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման ծրագիրի մշակման խնդիրները։

Խորհրդաժողովը արձանագրեց.-

1) Միջազգային իրաւունքի մասնագէտներ եւ ցեղասպանագէտներ Արցախի հայաթափումը որակեցին ցեղասպանութիւն։

2) Ինչպէս 20-րդ դարու Մեծ Եղեռնը, Արցախի հայաթափումը տեղի ունեցաւ ի լուր անտարբեր մնացած միջազգային հանրութեան, ներառեալ Հայաստանի գործընկեր Ռուսիոյ։

3) Արցախի հարցը փակուած չէ. կարելի չէ լուռ մնալ ոճիրին, անոր ուրացման եւ շարունակման վտանգին դէմ յանդիման։

4) Արցախի հարցով յանձնառութիւնը յանձնառութիւն է Հայաստանի հողային ամբողջականութեան, անկախութեան եւ ապահովութեան։

5) Դէմ յանդիման ազգային գոյութենական սպառնալիքին, Հայրենի հայութիւնն ու Սփիւռքը պարտին վերջ տալ ներքին պառակտումներու, ոյժերու ջլատման եւ կրաւորականացման, համախմբուիլ ի խնդիր սպառնալիքի միասնական դիմակայման։

6) Նպատակաուղղուած աշխատանքներ ծրագրել դէպի հզօր Հայաստան եւ հզօր Սփիւռք՝ իբրեւ մէկ ամբողջութեան վերակայացում։

Խորհրդաժողովը գործնական աշխատանքներու առումով որոշեց.-

ա) 24 Ապրիլ 2024-ի նախօրեակին Հայաստանի, Արցախի, Սփիւռքի եւ ոչ-հայ մասնագէտներու մասնակցութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ, հրաւիրել Արցախի դէմ իրագործուած ցեղասպանութեան եւ միջազգային դատական ատեաններու մօտ Ազրպէյճանը պատասխանատուութեան կանչելու ուղիներուն նուիրուած միջազգային գիտաժողով։

բ) Հրատարակութեան ձեռնարկել «Կիլիկիխ Վերլուծական Հարթակ»ի 19-20 Յունուար 2024-ի խորհրդաժողովի նիստերու ժողովածուն։

գ) «Արցախի նկատմամբ Ազրպէյճանի կողմէ 2016-2023-ին կատարուած յանցագործութիւնները եւ անոնց հետեւանքները» հետազօտական ծրագրի շրջանակներուն մէջ համակողմանի վերլուծութեան ենթարկել յիշեալ ժամանակահատուածի ընթացքին Արցախի դէմ Ազրպէյճանի իրագործած յանցագործութիւնները՝ նախանշելով անոնց դատապարտման եւ հետեւանքներու վերացման հնարաւոր մեթոտներն ու գործիքակազմերը։

դ) Պատրաստել Արցախի բռնագրաւուած տարածքներուն մէջ մշակութային ցեղասպանութեան ենթարկուած եւ անոր սպառնալիքին տակ գտնուող հոգեւոր-մշակութային ժառանգութեան արժէքներու ցանկը։

ե) Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ճամբով կոչ ընել, որպէսզի անյապաղ ազատ արձակուին ռազմաքաղաքական առեւանգուած ղեկավարութիւնն ու ապօրինաբար պահուող ռազմագերիները։

Խորհրդաժողովի մասնակիցները անհրաժեշտ նկատեցին հարթակի նիստեր գումարել հերթական յաճախականութեամբ, հետեւելու, քննարկելու եւ աշխատանքային ուղիներ ճշդելու համար Հայաստանի եւ հայութեան վերաբերեալ ամէնէն հրատապ գործընթացներուն»։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին