Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 16:50 19-12-2023

Ու այդտեղ կինոյի տղեն ելա՜վ

Մշակութային քաղաքականություն որոշողները, հավանաբար, չեն պատկերացնում կարևոր անելիքը։ Չեն էլ պատկերացնում, թե ինչ վտանգավոր է անգործությունը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում իշխանությունը պատվեր է ձևակերպում, ըստ ազգային գաղափարների, քաղաքական հավակնությունների, հանրային արժեքների, խրախուսում այն ստեղծագործողներին, որոնք վարպետորեն իրականացնում են պատվերն ու արվեստի կախարդանքի միջոցով հանրայնացնում արժեքները, գաղափարները, հավակնությունները։ Մեր քաղաքականություն որոշողը պոպուլիստաբար մերժում է իզմերը, արժեքները, իսկ հավակնությունները սահմանափակվում են իշխանությունը պահպանելով։

Տևական ժամանակ կինոպրոդյուսերները հարցազրույցների, վարպետության դասերի ժամանակ կրկնում էին կինոարքաներից մեկի հայտնի խոսքը, որ լավ ֆիլմ նկարելու համար պետք է երեք բան՝ լավ սցենար, լավ սցենար, լավ սցենար։ Հույս էին ներշնչում, որ հայ գրողին կհաջողվի լավ բան գրել, որով պրոդյուսերը լավ ֆիլմ կնկարի։ Այն կարժանանա մեծ կինոքննադատների ուշադրությանը։ Կինովարձույթի մեծ հարթակներում, օրինակ՝ Netflix-ում, կհայտնվի հայկական սցենարով ֆիլմեր։ Մենք էլ բաց ճակատ կնայենք աշխարհին, որ արժեքավոր բան ենք տվել մարդկությանը։

Բայց պարզվում է՝ կինոարտադրության զարգացման համար ոչ թե լավ սցենար է պետք, ինչպես թյուրիմացաբար կարծում էր Տարանտինոն, այլ օրենսդրական փոփոխություն, որով պետությունը ֆիլմարտադրողներին կվերադարձնի ներդրված գումարի մի մասը: Օրենքով սահմանվում է, որ եթե կինոարտադրողը ֆիլմում տեսանելի և ընկալելի ձևով ներկայացնի այնպիսի պատմություն, որը որևէ կերպ կնույնականացվի Հայաստանի Հանրապետության, պատմամշակութային հուշարձանների, տեղանքների կամ հերոսների հետ, ապա պետությունը ֆիլմարտադրողին կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոյոսը։

ԱԺ կողմից մի քանի ամիս առաջ ընդունված այս խայծը առաջիկայում Հայաստան է բերելու ֆիլմարտադրողներին։ Այս մասին պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ավետել է դեռ օրենքի փոփոխությունը քննարկելու ժամանակ։ Իսկ դեկտեմբերի 18-ին նախարար Ժաննա Անդրեասյանը, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցիչը ստորագրեցին հուշագիր, որով կողմերը կաջակցեն գերմանացի պրոդյուսերի երեք ֆիլմերի՝ «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Netflix-ի 8 մասանոց ֆիլմ) նկարահանումներին Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել 2024-ին և, ըստ օրենքի պայմանների՝ ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate) կտրամադրվի ֆիլմարտադրողին:

Իհարկե՝ Netflix-ով ցուցադրվող ֆիլմում Հայաստանի կամ նրա տեսարժան վայրի մասին հիշատակումը կարող է ուրախություն պարգևել հայ մարդուն, ինչպես օրինակ՝ խորհրդային ֆիլմերի տիտրերում հայկական ազգանունը։ Այդպիսի ֆիլմի շնորհիվ աշխարհում կարող են ինչ-որ բան իմանալ հայերի գոյության մասին, զբոսաշրջիկները կցանկանան իրենց աչքով տեսնել ֆիլմում ցուցադրված տեսարանը։ Գուցե նաև ՀՀ-ում նկարահանումների ժամանակ որոշ արտարժույթ կմտնի բանկեր, իսկ հայ ուսանողներին էլ կներգրավեն զանգվածային տեսարաններում կամ բանվորական աշխատանքներում։ Բայց այս ամենն ինչ կապ ունի հայկական կինոարտադրության զարգացման հետ, մնում է գաղտնիք։

Չար լեզուներն ասում են, որ ներդրումների հետվերադարձի օրենսդրական կարգավորումից կօգտվեն նաև ռուսներն ու թուրքերը։ Արդյո՞ք ՀՀ-ն թույլ կտա նրանց նկարահանումներ անել ՀՀ-ում և հետ կվերադարձնի նրանց ներդրումների 10-40 տոկոսը։ Չհիմնավորված կասկած կա, որ թուրքերն առաջիկայում ֆիլմ են նկարելու Հայաստանում հարաբերություների կարգավորման ու խաղաղության դարաշրջանի բացման թեմայով, «կինոյի տղեն» լինելու է խաղաղության ջատագով երիտասարդ հայ, որի տան պատին Արագած սարի նկարն է։ Իսկ ռուսների ֆիլմի «կինոյի տղեն» լինելու է ռուսախոս հայ, որը հին հեռուստացույցով նայում է «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդումը, դեմ է ՀԱՊԿ-ին, բայց կողմ ԵՏՄ-ին, քանի որ Վորոնեժում բիզնես ունի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից