Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:38 23-06-2022

Հե՜յ, ով կա այդտեղ…

Վերջին օրերին ծայր առած «դատաիրավական դիսկուրսն» իր տարատեսակ մեկնաբանություններով ոչ թե բացառության, այլ օրինաչափության վկայությունն է: Հանրային լայն շրջանակներն ու նրա խոսափողը հանդիսացող զանգվածային լրատվամիջոցները տիրաժավորում են մի բան, որի ոչ թե վերին՝ ասեկոսեի ժանրին վերագրվող շերտն է կարևորն ու քննարժանը, այլ խորքայինն ու անտեսը, հենց որի շուրջ էլ պիտի ծավալվեր երևույթի քաղաքական գնահատականը տալուն միտված խիստ կարևոր պրոցեսը:

Պետականության թերմացքի՝ իրավական համակարգը ներկայացնող պատեհապաշտ երկու առնետների կառապանին վայել հայհոյախառը զրույցի «երևակումն» ի հայտ է բերում մի իրողություն, որի խորքային ընկալումից է կախված շատ բան, այդ թվում՝ հասարակության կազդուրման, հասարակության ինքնամաքրման հնարավորությունը: Այսօրինակ «կազուսները» պիտի «սրտի հովանք» ու «բեսեդկաներում» ծավալվող բուռն բամբասանքների մատակարա՞ր, թե՞ պետական կարևորության, պետական նշանակության ուշադրության արժան հարցեր դիտարկվեն, որոնց շուտափույթ լուծումից է մեծապես կախված նաև երկիր կայացնելու, պետություն դառնալու՝ ուժերի գերլարում ու վճռական կամք պահանջող խնդիրը: Ըստ իս՝ հենց սա է գլխավորն ու առաջնայինը և ոչ ամենևին մարդկային կերպն ու հոգին կորցրած «դասախոսաուսանողական» տխեղծ, հանցակազմ պարունակող ու արգահատանք առաջացնող հարաբերությունները: Կարևորը՝ երևույթի անաչառ, կրկնություն բացառող գնահատականն է և ոչ երբեք՝ հուդային բնորոշ վարքի և «ոսկեղենիկ» բառապաշար և «նյուխ» ունեցող «սև կարդինալի» ակամա փիառը: Ի տարբերություն շատերի, որոնք կարևորում են «ցուցքը», միջանձնային հարաբերություններն ու կլանային հետաքրքրությունները, ողջամիտ տեսակին հետաքրքրում է իրավական համակարգի փտածության, կոռումպացվածության ու անկարության, ուղղահայաց ու անձնակենտրոն հարաբերությունների, ինչպես նաև փակ համակարգի վերահսկելիության անհնարինության խնդիրը: Հարկ է նկատել, որ այսօրինակ դեպքերն են դառնում լակմուսի այն թուղթը, որոնք բացահայտում են հիվանդություններն իրենց ամբողջ «հմայքով»: Քաղաքակիրթ երկրներում այդ իսկ պատճառով են հանգել հակակշիռների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությանն ու դրա անփոխարինելիությանը: Միայն փոխվերահսկողության կարգի խստիվ պահպանմամբ ու գործունեության թափանցիկության շնորհիվ է հնարավոր զերծ մնալ կործանարար խոտորումներից: Միայն այս կերպ է հնարավոր վերջակետ դնել ավատատիրությանը բնորոշ անպատժելիությանն ու բացել արդարադատության հաղթահանդեսի ճանապարհը: Թե չէ արծաթասեր վարդազարյաններն ու գերինքնավստահ, «բարեխիղճ դահիճ» ջհանգիրյանները եղել են, կան, ու որքան էլ ցավալի լինի ընդունելը, դեռ էլի կլինեն: Ուղղակի, պետության կայացման ճանապարհին մոլախոտերից կարելվույնս արագ ազատվելու և «քաղհանի» մեջ հմտանալ է պետք:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով