Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 18-12-2023

Ինչի՞ մասին է ՔՊ տեսլականը, և ինչո՞ւ էր Փաշինյանը լենինյան կեպիով եկել Գյումրի

Ժողովրդավար երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի իմաստն այն է, որ պաշտոնյաները բարեխիղճ աշխատեն, առաքինի վարք դրսևորեն, առաջնորդվեն օրենքով, չչարաշահեն իրենց լիազորությունները։ Այսպիսի ընկալում ՔՊ-ում կա՞։

Գյումրիում դեկտեմբերի 16-ին ՔՊ 3-րդ քաղաքական ժողովում քննարկվել է երկու թեմա կոռուպցիայի դեմ պայքարն ու արտաքին քաղաքական տեսլականը։ Ի տարբերություն նորմալ երկրների, կոռուպցիայի դեմ ՔՊ-ական պայքարի թիրախում ոչ թե գործող, այլ նախկին պաշտոնյաներն են։ Վերջիններիս ճնշելու և ունեզրկելու հիմնական պատճառը հարկատուների միջոցները տնօրինելու մենաշնորհը պաշտպանելն է։ Պարզ ասած՝ ուզում են պահպանել իշխանությունը, որ իրենցից բացի՝ ոչ ոք չպայքարի կոռուպցիայի դեմ։ Այս առումով՝ Գյումրի այցը կուսակցության դիրքերն ամրացնելու համար էր։ Այստեղ ևս սպասվում է Ալավերդու նման գործողություն։

Քննարկված երկրորդ թեման ուշագրավ է, քանի որ ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգը կազմվել է տարիներ առաջ և այսօր իրականության հետ աղերս չունի։ Անկախ երկրներում իշխանությունը ոչ թե տեսլական է քննարկում, այլ արտաքին քաղաքականություն որոշում՝ ըստ հաստատված հայեցակարգի, կառավարության ծրագրի։ Իսկ ոչ իշխանական ուժերը ներկայացնում են իրենց տեսլականը, պատկերացումները, թե ինչ արտաքին քաղաքականություն են վարելու, երբ իշխանություն ունենան։ Օրինակ՝ ընդդիմադիր արևմտամետների տեսլականում Հայաստանը Եվրամիության և ՆԱՏՕ անդամ, անկախ և ժողովրդավար պետություն է, ազատ աշխարհի հարազատ մասը։ Իսկ ընդդիմադիր ռուսամետների տեսլականում Հայաստանը Ռուսաստանի հետ է, ինչպես խորհրդային բռնզավթման տարիներին։ Ինչո՞ւ է հինգուկես տարի կառավարող ուժը քննարկում ոչ թե արտաքին քաղաքականությանն, այլ տեսլականին առնչվող հարցեր։

2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ ՔՊ-ականները հրապարակավ խոստացան ռուսներին, որ չեն փոփոխելու արտաքին քաղաքականությունը։ Չփոփոխեցին 44-օրյա պատերազմից առաջ, երբ արևմտյան գործընկերները զգուշացնում էին հնարավոր պատերազմի մասին։ Նոյեմբերի 9-ից հետո՝ նույնպես չմտածեցին այդ մասին։ Չփոփոխեցին, երբ Ադրբեջանը ՌԴ-ի խրախուսմամբ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, երբ ռուս խաղաղապահների վերջնագրերով զինաթափվեց Արցախը։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ՔՊ ժողովում քննարկված արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցերը չեն վերաբերել արտաքին քաղաքականության փոփոխությանը։ Այսինքն՝ քննարկել են, թե ինչպես շարունակեն սպասարկել ռուսական ազգային շահերը, երբ աշխարհի մեծ մասը ռուսների դեմ է միավորվել և պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի և նրան օգնողների նկատմամբ։

Այս ենթադրության օգտին է վկայում նաև այն, որ պոպուլիստ ուժի տարածած կես էջանոց հաղորդագրության մեջ բացակայում է տեսլականի բովանդակությունը։ Զեկույցներից և ելույթներից մի տող անգամ չկա։ Նշանակում է՝ այնպիսի բան են քննարկել, որի մասին բարձրաձայնելն անգամ ռիսկային են համարում։ Իսկ այսօր ռիսկային է ռուսամետ կուրսը, որին առնչվող միակ տեսլականը միասնական պետությունն է։ Հետևաբար՝ քննարկել են ռուս-բելառուսական տեսլականին առնչվող հարցեր։

Քանի որ ՔՊ-ն ժողովրդից թաքուն էր քննարկում կոռուպցիայի դեմ պայքարին և արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր, հանրությունը ստիպված քննարկում էր Նիկոլ Փաշինյանի լենինյան կեպին։ Ասեկոսե էր պտվում, թե կեպին դրել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պահանջով, որպեսզի նրան տարբերեն քաղաքում և թյուրիմացաբար չշփոթեն զինծառայությունից խուսափած ու Գյումրիում ապաստանած ռուսների հետ։ Ասում են նաև, թե կեպին հատուկ դրել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին մասնակցելու առիթով, փորձելով մտնել կոմունիստական գործչի կերպարի մեջ և հասկանալ, թե ինչ է նկարել Կարեն Օհանյանը։

Կարճ ասած՝ դեկտեմբերի 16-ը պատմության մեջ կմնա որպես արևոտ մի օր, երբ հեղափոխական առաջնորդը Գյումրի եկավ լենինյան կեպիով, ու թաքուն խոսեցին տեսլականի մասին։

Թաթուլ Մկրտչյան