Պատգամավորներ եք, ինչի՞ չեք արտահայտվում, ինչի՞ եք լռում․ Սաքունցը՝ Եռաբլուրում բռնության դեպքերի մասին
copy image url

Պատգամավորներ եք, ինչի՞ չեք արտահայտվում, ինչի՞ եք լռում․ Սաքունցը՝ Եռաբլուրում բռնության դեպքերի մասին

Ներքին 2 տարի առաջ - 14:32 22-09-2022
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից որդեկորույս ծնողներին բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկելը դատապարտել է Հայաստանյան 35 հասարակական կազմակերպություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելով պաշտոնից հեռացնել ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

ՀԿ-ների թվում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», որի ղեկավար Արթուր Սաքունցի հետ Oragir.news-ը զրուցեց այն մասին, թե ի՞նչ գործիքակազմ կա՝ հետագայում այսօրինակ վարքագիծը կանխելու համար։

«Գործիքակազմը բարեփոխումներն էին, որ չիրականացվեցին։ Միայն պարեկային ծառայությունը բավարար չէր, որպեսզի ամբողջ ոստիկանական համակարգը համարվեր բարեփոխված։ Պարեկային ծառայությունը ոստիկանության միայն մի հատվածն է, մյուս կառույցները պետք է փոփոխությունների ենթարկվեն, որի մասին բազմիցս ենք խոսել։ Այդ թվում, պիտի իրականացվի նաև վեթինգը, պետք է ազատվել այն կադրերից, որ մինչև 2018թ․ հեղափոխությունն աչքի էին ընկել, նրանց կողմից արձանագրվել էին խախտումներ, ու նրանք մնացել էին անպատիժ։Այդ մթնոլորտի փոփոխությունն է պետք՝ այլևս ի՛նչ չի կարելի»,-ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իրավապահ մարմինը միշտ առաջնագծում է՝ մարդկանց հետ շփումներում, ու մշտապես կարող են լինել խնդիրներ, բայց մոտեցումը, մտածելակերպը պիտի փոխվի։

«Մենք արձանագրում ենք, որ պետք են համակարգային և արմատական բարեփոխումներ, որի մեջ մտնում է վեթինգ, բարեվարքության սկզբունքների ամրագրում և կադրերի ճիշտ ընտրություն․ շատ կարևոր է, որ կարգավորումներին համապատասխան կադրեր ընտրվեն։ Եթե կադրերն անհամատեղելի են իրավապահ մարմնի էթիկայի նորմերին, ապա նրանք անհապաղ պետք է հեռացվեն»։

Ըստ էության, խնդրի լուծումն, ըստ նրա, անպատժելիության մտածելակերպի վերացումն էր, որ չեղավ, իսկ եթե խնդիրը համակարգային լուծում չի ստանում, միայն մեկ առանձին դրվագով է լուծվում, ապա ընդհանուր առմամբ, մնում է չլուծված։

«Հասկանալի է, որ հանրային ուշադրության կենտրոնում այս դեպքն է (Եռաբլուրի), սակայն միայն սա չէ, մենք շարունակաբար տարբեր դեպքերի ենք ականատես լինում և արձագանքում՝ Ֆիզգորոդոկի, Մարց գյուղի բնակիչների նկատմամբ (համարյա ամբողջ գյուղին բերման էին ենթարկել, ոստիկանության բաժնում բռնությունների ու ծեծի ենթարկել)»,- հիշեցրեց իրավապաշտպանը։

Այսպիսով, ըստ նրա, առաջին կետում բարեվարքության այս համակարգը չի աշխատում և անպատժելիության մթնոլորտը չի վերացվում։ Երկրորդով՝ քրեական հետապնդումը, փաստրեն, ևս պատշաճ չի կատարվում։

«ՀՔԾ-ն լուծարվեց, որ չպիտի լուծարվեր, փոխանցվեց, որ ԱԱԾ-ն քննի, ինչն աբսուրդ էր․ մենք բավական քննադատեցինք այդ մոտեցումը։ Հիմա տեղափոխվեց քննչական կոմիտե, մի մասն էլ գնում է հակակոռուպցիոն կոմիտե այն դեպքում, երբ հատուկ քննչական ծառայությունը խոշտանգման, վատ վերաբերմունքի գործերով բոլոր քննությունների վարող մարմինն է։ Իսկ խոշտանգումների գործերով իրականում պիտի զբաղվեր հատուկ քննչական ծառայությունը, որն ուղղակի պիտի հզորացվեր, արդյունավետությունը, բարեվարքությունը բարձրացվեր, ոչ թե լուծարվեր»։

Չլուծվող համակարգային խնդրի երրորդ հանգրվանը դատական համակարգն է, ուր ևս փոփոխություն չի արվել։

«Համակարգային բարեփոխում ասվածը՝ ժողովրդավարական, իրավական պետության համապատասխան, եթե չի կատարվում, ապա նման դեպքեր, իհարկե, լինում են և կլինեն, քանի դեռ այդ անպատժելիությունը վերացնելուն ուղղված ինստիտուցիոնալ մոտեցումները չեն ներդրվել, չեն իրականացվել»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ հիմնային խնդիր է նաև այն, որ բոլորը խոսում են խախտումների մասին, բայց այդ խախտումները վերացնելուն ուղղված գործողությունների մասին շատ քիչ է խոսվում, չի խոսում նաև ընդդիմությունը, և հարցն օրակարգից դուրս է մնում։

«Վերջին հաշվով, պատգամավորներ եք, ինչի՞ չեք արտահայտվում, ինչի՞ եք լռում»,- ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մոտեցումը քննադատեց իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

16:23 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից
11:27 Սպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներ
15:48 Mercedes GLE-ն Չայնիի ոլորաններում, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի ու ուղևորի կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com
18:44 Սարիկը եթե ըդքան ազնիվ է, ընչի՞ է ընկել ու ձեն կհավաքե. գյումրեցի
11:13 Խոշտանգման ենթարկված Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված
17:49 Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. shamshyan.com
09:13 Ողբերգական ավտովթար՝ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կա 1 զոհ
22:46 Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից․ shamshyan.com
15:23 Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի
08:20 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ