copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:00 25-11-2023

Մարդիկ ասում են՝ ինչպե՞ս կարելի է ամուսնու վրա գործ տալ․ Զոհրաբյանը՝ կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին

Նոյեմբերի 25-ը նշվում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2000 թվականին։ Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել մոլորակի բոլոր երկրներում կանանց նկատմամբ բռնության խնդրին։

Հայաստանի Հանրապետությունում կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասով Oragir.News-ը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ․

«Ես՝ որպես քաղաքայան գործիչ, նախկին պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ինչու ոչ՝ 10 տարի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որի օրակարգում կանանց հանդեպ բռնության բացառումն էր, և օրենսդրությամբ հիմնական առանցքային հարցը դա է եղել՝ ֆունդամենտալ եմ զբաղվել այս խնդրով։ Ավելին՝ ես ամենաակտիվ մասնակցությունն եմ ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի ստեղծման և ընդունման ամբողջ գործընթացում, բայց անչափ ցավոտ բան պիտի ասեմ․ կանանց հանդեպ բռնությունը, հատկապես՝ լատենտ բռնությունը, Հայաստանում շարունակում է մնալ ամենախնդրահարույց հարցերից մեկը։

Երբ մենք ընդունում էինք «Կանանց հանդեպ ընտանիքում բռնությունների կանխարգելման մասին» օրենքը, ակնհայտ էր մի բան, որ ոչ մի օրենք չի աշխատելու, եթե մենք չկարողանանք մենտալիտետ փոխել։ Ես օրենքի ընդունումից առաջ ոստիկանությունից պարբերաբար ստացել եմ մոնիթորինգ՝ ընտանիքում կանանց նկատմամբ բռնության դեպքերի թվի վերաբերյալ և օրենքի ընդունումից հետո փորձել եմ հասկանալ՝ արդյոք օրենքը զսպիչ օղակ հանդիսացա՞վ, որ ընտանիքում բռնությունը պակասի։ Ցավոք սրտի, օրենքի ազդեցությունը եղել է շատ աննշան․ կանայք շարունակում էին թաքցնել իրենց հանդեպ բռնությունը։

Ավելին՝ բռնությունը միայն ֆիզիկական չէ․ կա հոգեբանական, տնտեսական բռնություն, երբ կնոջը թույլ չեն տալիս աշխատել և զրկում են ցանկացած եկամուտից։ Ցավոք սրտի՝ կանայք շարունակում են այդ ամեն ինչը թաքցնել, և նույն ավանդույթը շարունակվում է։ Իսկ եթե անգամ դիմում են ոստիկանություն, ապա ինչ-որ ժամանակ հետո նրանց մեծ մասը միջավայրի՝ ընտանիքի, աշխատատեղի ճնշման տակ գնում, դիմումը հետ է վերցնում, որովհետև իր կոլեգաները, ընտանիքը, հարևանները շատ կոպիտ ասում են՝ ինչպես կարելի է սեփական ամուսնու, կամ սեփական ծնողի, եթե բռնարարը ծնողն է, վրա գործ տալ․ իրենք դա այդպես են նկարագրում։

Վերջերս համացանցը ցնցեց մի դեպք, երբ կինը երեխաների պոռնոգրաֆիկ և նվաստացնելու վիդեոներն էր տարբեր պատվիրատուների վաճառում՝ տելեգրամյան կանալներում, և որի՝ բերդում գտնվող ամուսինը սեռական բռնության էր ենթարկել սեփական երեխաներին։ Մենք բոլորս զարհուրեցինք, որովհետև դա մեկ բացահայտված դեպք էր, բայց մենք իրականում չգիտենք, իսկ ես վստահեցնում եմ՝ շատ ավելի լավ գիտեմ, որ այդպիսի ընտանիքներ, որտեղ մայրը և հայրը անչափահաս երեխային հանձնում են պոռնկության, շատ կան։

Եթե փորձեմ ամփոփել, ցավոք սրտի՝ մենք չենք կարողանում ճիշտ աշխատել կանանց հետ, մեր «քաղաքացիական հասարակություն» կոչվածը, որն իբր զբաղվում է կանանց հանդեպ բռնություններով, իրականում զբաղված է անհեթեթագույն, իդիոտ թրեյնինգներով և մի քանի գալչկայի համար արված միջոցառումներից արևմտյան դեսպանատներից տրվող «կորմից» չկտրվելով։ Պիտի կարողանանք այդ մտայնությունը փոխել, որ կինը չվախենա իր հանդեպ բռնության ժամանակ բարձրաձայնելուց, և մենք այդ ամենի մասին չիրազեկվենք միայն այն ժամանակ, երբ կինն այլևս մահացած կլինի»։