copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:10 14-12-2023

Վաղն էլ Թուրքիայի իրավապահներն են գալու՝ ՀՀ-ից մարդ տանեն, դատեն. իրավապաշտպան 

Oragir.News-ը անդրադարձել էր օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել, և դատախազությունից հայտնել են, որ հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։
Նինա Կարապետյանցի խոսքով, հարցը նաև քաղաքական աստառ ունի։

«Սկսեմ նրանից, որ Հայաստանը առայժմ սուվերեն պետություն է, և բնականաբար, ՀՀ տարածքում գործում է մեր օրենսդրությունը, իսկ մեր օրենսդրության համաձայն` ՀՀ տարածքում ձերբակալումներ, կալանավորումներ, ազատությունից զրկել կարող են միայն ՀՀ համապատասխան իրավապահ մարմինները և դատարանի որոշման հիման վրա։ Հետևաբար, ցանկացած այլ կառույցի մասնակցություն` անկախ նրանից, թե նրանք որ երկիրն են ներկայացնում, անթույլատրելի է և հանցավոր։

Հետևաբար, էն, ինչ որ տեղի է ունեցել, կոչվում է հանցագործություն։

Ամենայն հավանականությամբ քրեական գործ պետք է հարուցված լիներ`մարդու առևանգում (ՔՕ օրենսգրքի 191-րդ հոդվածով), որպես ծանրացնող հանգամանք պետք է գնահատվեր, որ առևանգումը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից և 4-8 տարի ազատազրկում է նախատեսվում»,- ասում է իրավապաշտպանը։

Ըստ Կարապետյանցի`դատախազությունը նախ պիտի թույլ չտար, որ որևէ երկրի իրավապահ մարմիններ ՀՀ սուվերեն տարածքում այդպիսի գործողությունների դիմեին։

«Պիտի քրեական գործ հարուցվեր մարդուն առևանգելու հոդվածով, հաջորդիվ պետք էր հասկանալ, թե հընթացս էլ ինչ գործողություններ են իրականացվել, որոնք մեր օրենսդրությամբ խախտում են, ու համարժեք գնահատականներ տալ։

Ամենակարևորը, որ նաև պիտի հրավիրվեր ՌԴ դեսպանը, և վերջինիցս բացատրություն պահանջվեր, թե ինչպես են ռուսական իրավապահ մարմինները իրենց թույլ տալիս էսպիսի գործունեություններ իրականացնել և բողոքի նոտա ներկայացնել»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով, եթե միջադեպի հետ կապված արձագանք չլինի, ապա ենթադրաբար Թուրքիայի իրավապահ մարմինները ևս կարող են գալ Հայաստան՝ իրենց պատկերացրած մեղավորներին պատասխանատվության ենթարկելու։

«Հաջորդ օրը Ադրբեջանի իրավապահ մարմինները կարող են հայտնվել ՀՀ տարածքում և ՀՀ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել։ Արձագանքը պետք է լինի շատ խիստ»,- ընդգծեծ իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցը ակնկալիք չունի, որ միջադեպին կտրվի համապատասխան արձագանք կամ գնահատական։