Վերջին օրերին տարբեր քաղաքացիներից
Oragir.News-ը զանգեր է ստացել այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կայքում Գյումրի-Երևան, Երևան-Գյումրի գնացքուղին սպասարկող գնացքների ժամանակացույցը գնացքի մեկնման իրական ժամերին չի համապատասխանում։
«Երկուշաբթի օրն էր․ կայքում Գյումրի-Երևան գնացքի մեկնման ժամը նշված էր 7։55-ին։ 7։50 էր, մինչև տեղ հասա, մուտքի մոտ կանգնած տաքսու վարորդն ասաց՝ գնացքը նոր գնաց։ Ինձ նման էլի մարդկանց խմբեր կային, որոնք անգամ մինչև կայարան գալը նախապես զանգել, ժամ էին ճշտել։ Իրենց էլ լրիվ ուրիշ ժամ էին ասել․ «իրենց գնացքն» էլ, փաստորեն, 7։50 էր մեկնում։ Իրենք էլ, ես էլ, չհասանք գնացքին․ ստիպված եղանք տաքսիով՝ ավելի թանկ գնով, ճանապարհ ընկնել։ Առաջին դեպքը չէ, որ իրենց կայքում տեղադրված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։
Պարզելու՝ ինչպիսի ժամանակացույցով են մեկնում առավոտյան գնացքները, Oragir.News-ը կապ հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հերթապահ աշխատակցի հետ․ «Գնացքը չի կարող իր ժամից անգամ 1 րոպե շուտ մեկնել։ Գնացքը այդ իրավունքը չունի․ իր ժամով մեկնում է։ Մեկ րոպե շուտ չի կարող մեկնել, մեկ րոպե ուշ, հնարավոր է, կարող է՝ նայած դեպքից։ Կայքում գրված է, որ Գյումրիի գնացքը առավոտյան 7։55 է մեկնում Երևանից։ Նոր աշխատողներ էլ չկան, որ ասենք՝ շփոթել են․ բոլորս հին աշխատողներ ենք։ Այդ ժամերն արդեն անգիր ենք արել․ օրական 100 հոգու սպասարկում ենք։ Գնացքը ունի ժամ, իր ժամին մեկնում է։ Հատուկ լուսացույց ունի․ բացվում է, գնացքը շարժվում է, հազար մարդ է աշխատում, գնացքին ճանապարհ են տալիս, գիծ են փոխում։ Անհնար բան եք ասում»։
Հարցին՝ տեսախցիկներն արձանագրո՞ւմ են գնացքների մեկնումները, մեզ պատասխանեցին․ «Տարածքում ունենք տեսախցիկներ․ դրանց տեսագրության հասանելիության համար պիտի գաք, պետին դիմեք գրությունով»։
Մեզ ահազանգած քաղաքացիներն ասացին նաև, որ շատ հաճախ նման իրավիճակներում կայարանի մուտքի մոտ գտնվող տաքսիների վարորդները առավել իրազեկ են գնացքների մեկնման ժամերից, և թյուրըմբռնմամբ սխալ ժամի եկած քաղաքացիներին ավելի թանկ արժեքով հենց իրենք են տեղափոխում Գյումրիից Երևան։
«Որ գնացքին չհասանք, տպավորություն էր՝ պատրաստ սպասում էին մեզ, որ տեղափոխեին։ Ավելի թանկ արժեցավ մեզ վրա տեղափոխվելը, բայց այլ տարբերակ էլ չունեինք․ գործի էինք, չէինք հասցնում։ Տպավորություն է՝ գնացքի «պետերը» կողքից տաքսիներ են պահում, որ տաքսիների տեղափոխության ժամանակ թանկության մեջ իրենք էլ իրենց տոկոսն ունենան»,- բողոքեցին քաղաքացիները։
Oragir.News-ը քաղաքացիների այս մտահոգության վերաբերյալ հարց ուղղեց Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակցին, վերջինս պատասխանեց․ «Ինչպե՞ս կարող է գնացքը ուշ գնալ, որ տաքսիստին «գործ պաս տանք», կամ տաքսին 1000-2000 դրամ փող աշխատի․ անհնարին բան է։ Եկեք գրությունը գրեք՝ ավելի հասկանալի լինելու համար։ Եթե թույլտվությունը տան, տեսախցիկներով նայեք, պարզեք»։