Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:15 25-11-2023

Պուտինի՞ն, թե՞ նրա կրկնօրինակին. ու՞մ է ուզում նմանվել Փաշինյանը

Վարկանիշի անկումը ստիպեց վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին դիմել պուտինյան պոպուլիստական գործելաոճին։ Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում այսպիսի շոու չեն անում։ Երկրի ղեկավարը ընտրանու առաջ հանդես է գալիս ամփոփիչ ելույթով, հաստատում կամ վերահաստատում բարձրագույն արժեքները, նախանշում առաջիկա անելիքները, հույս արթնացնում կամ այն վառ պահում։ Փաշինյանն ինչո՞ւ չի հետևում ժողովրդավարական երկրների օրինակին, այլ պուտին խաղում, իսկ եթե հավատանք Պուտինի մահվան մասին լուրերին՝ Պուտինի կրկնօրինակ խաղում։

Ի տարբերությունն Պուտինի կամ նրա կրկնօրինակի, Փաշինյանը շոուին մասնակցում էր անպատրաստ՝ պատասխանների մեջ չէր հիշում թվեր, տրամաբանական սխալներ էր թույլ տալիս, շոուն դարձնում զվարճալի։

Ինչպես սպասվում էր, շոուն սկսվեց և առավելապես սևեռվեց սոցիալական թեմաների վրա։ Քաղաքական կարևոր թեմաներին անդրադարձ եղավ, երբ լսարանի մեծ մասն արդեն ձանձրացել էր անփոփոխ կադրից և ձայնից։ Արժեքների մասին աղճատ խոսքը խճճվեց հարցերի արանքում։ Մոտ 8 ժամ տևած շոուին հետևող ՔՊ-ական քարոզիչները մաղեցին ու մատուցեցին կարևոր բաները, որոնց ծավալը չի գերազանցում 2 էջը։ Եթե կարևոր ասելիքը հնարավոր էր սեղմել 2 էջում, ապա ի՞նչ իմաստ ուներ 8 ժամանոց շատախոսությունը։

Շոուն նաև քաղաքական ինստիտուտների չկայացածության կամ անգործության մասին ամոթալի պատկեր ստեղծեց։ Եթե քաղաքացին ցանկացած հարցով կարող է դիմել վարչապետին, ապա հսկայական պետական ապարատ պահելու, նրանց աշխատավարձ ու պարգևավճար տալու իմաստը ո՞րն է։ Հարցերի մի մասը հասել էին վարչապետին, քանի որ չինովնիկը տեղում չէր լուծել քաղաքացու հարցը։ Այդպիսի հարցերի մի մասն անպատասխան մնացին, վարչապետն արդարացրեց պաշտոնյայի անգործությունն ու ինստիտուտների չկայացածությունը։ Այսպիսով՝ անուղղակի հրահանգ իջեցրեց ՔՊ-ական ծառայողներին, որ ինչպես անգործության էին մատնված մինչև շոուն, նույնպես կարող են արհամարհել քաղաքացուն վաղը։

Տեսանելի արդյունքը, որը քիչ թե շատ արդարացնում է 8 ժամանոց շոուն, առնչվում է սև ուրբաթին։ Քանի որ խանութների, սրահների մեծ մասը սևուրբաթյան զեղչեր չէին արել, իսկ քաղաքացիների մեծ մասը տարբեր պատճառներով զեղչված գնումներ չէին անելու, ապա պետք էր զբաղեցնել ժողովրդին, մեղմել սոցիալական դժգոհությունը, մեկ օր շեղել հանրային ուշադրությունը կենցաղային խնդիրներից, ինչը մասամբ հաջողվեց Նիկոլ Փաշինյանի էքսցենտրիկ դատողությունների, լրագրող, ընդդիմադիր գործիչ, կալանավոր Նիկոլ Փաշինյանի անցյալից մեջբերված ապաքաղաքական, զվարճալի, հակամշակութային պատումների շնորհիվ։

Վերադառնալով վարկանիշը բարձրացնելու թեմային, ենթադրելի է, որ առաջիկայում պատվիրված սոցհարցման տվյալներով վարկանիշի աճ կարձանագրվի, պայմանավորելով այն շոուի էֆեկտով։ Եթե հաշվի առնենք քաղաքագետների հաշվարկներն ու իշխանական շրջանակներից բաց թողած արտահոսքը 2024-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մասին, ապա վարկանիշի ցուցադրական աճը կարդարացնի Փաշինյանի արդյունքներն ընտրություններում։

Հարկ է հաշվի առնել նաև մի կարևոր հանգամանք։ 2024-ի արտահերթում ՔՊ-ն կարող է արդյունքի հասնել, եթե 2024-ին ՌԴ-ում Վլադիմիր Պուտինն ընտրվի և օգնի, որ ՀՀ-ում էլ Փաշինյանն ընտրվի։ Թերևս՝ այս պատճառով է Փաշինյանը պուտինական շոու բեմադրում, իրեն երևակայում Պուտինի դերում, անուղղակի ցույց տալիս, որ Պուտինը կամ նրա կրկնօրինակը իր միակ ու անփոփոխ իդեալն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան