«Պետական պարտքի մեծացումը խորը հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Ընդհանրապես լավ օրից չէ, որ պետությունը դիմում է այդպիսի մեծածավալ ներքին և արտաքին փոխառությունների։ Դա խոսում է այն մասին, որ պետությունը կենսունակ չէ, տնտեսական համակարգը կենսունակ չէ, և ինքը չի կարող աշխատատատեղերով գեներացնել իր եկամուտները, չի կարող թեկուզ իր հանքահումքային ռեսուրսները կամ այլ կարգի ռեսուրսներն օգտագործելով ունենալ այնպիսի եկամուտներ, որ ձևավորի իր պետական բյուջեն ու իրականացնի իր ծախսերը»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ
Ատոմ Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենա, եթե Հայաստանի պետական պարտքը հասցվի 15․5 մլրդ դոլարի, ինչի մտադրությունը կառավարությունն ունի։
Տնտեսագետը շեշտում է՝ այս ամենը պետությանը ստիպում է դիմել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին փոխառությունների։ Նրա խոսքով՝ պետությունը ստրատեգիական առումով հայտնվել է ֆինանսական բուրգի տիրույթում․ «Որպեսզի դու կարողանաս նախկին պարտքը սպասարկես, փակես, տոկոսները վճարես և այլն, ստիպված ես նոր պարտքեր վերցնել։ Դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածից փոխառությունների ներգրավմանը։ Սա շատ վտանգավոր է, նշանակում է, որ այսպես ասած պարտքի ասեղն անվրեպ աշխատում է, և օրվա իշխանությունն ըստ էության անպատասխանատու ձևով է վերաբերվում այս խնդրին՝ քողարկվելով այն թեզերի ներքո, որ «ինչ է եղել, պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 60%-ից ցածր է»։ Չմոռանանք, որ մեր կարգի երկրի խնդիրը միայն պետական պարտքը չէ, դա վերաբերում է նաև մասնավոր սեկտորի՝ դրսից ներգրավված պարտքին և բանկերի ներգրավված պարտքերին, բնակչության՝ պարտքով ապրելու օրակարգերին։ Այնպես որ՝ շատ բարդ է, ընդհանուր կամ կոնսոլիդացված պարտքը շատ ավելի մեծ է, նաև արտաքին կոնսոլիդացված պարտքը։ Հետևաբար իրավիճակը կրիտիկական է, այսպես հնարավոր չէ և պետք չէ շարունակել»։
Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ է պետք անել՝ պետական պարտքը չմեծացնելու և հիշյալ խնդիրներին չբախվելու համար՝ Ատոմ Մարգարյանը պատասխանեց, որ ընդհանրապես տնտեսական՝ ֆինանսական քաղաքականության ու կառավարման ողջ մոդելի տրամաբանությունը պետք է փոխվի։ Ըստ նրա՝ այն մոդելը, որը Հայաստանում իներցիայով ձևավորվել է 1990-ական և 2000-ական թվականներին շարունակվել է, որը հիմնված է պարտքի կուտակման և հանքային վերարտադրողական ռեսուսների արդյունահանման ու վաճառքի վրա։
«Այս մոդելը հիմնված է երկրից աշխատուժի արտահամնամ կամ այսպես ասած դուրսմղման վրա՝ ոչ թե տնտեսությունը զարգացնելու, ռեալ սեկտորը զարգացնելու, հարկային քաղաքականությունը բարելավելու վրա։ Այսինքն՝ եթե դու չես կարողանում ստեղծել աշխատատեղեր, դու ստիպված ես լինելու ֆինանսավորել այլոց աշխատատեղերը՝ ներմուծման ավելացման հաշվին։ Սա պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն է․ եթե քո քաղաքականությունն այնպիսինը չէ, որ քո երկրում ապահովես ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում և եկամուտների գեներացում, ապա դա հանգեցնելու է արտագաղթին, երբ առանձին անհատներն արտագաղթել են, դրսում աշխատել ու իրենց աշխատած գումարները փոխանցել Հայաստան։ Այս ձևով նաև ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկ է ձևավորվում, իսկ որոշներն էլ օգտվելով դրանից այդ ապրանքները ներմուծում են դրսից։ Հիշյալ մոդելը գործել է տասնամյակներ շարունակ, բայց այս կառավարթությունը բոլորին գերազանցել է որակի և այդ տեսակի մեջ»,- նշում է նա։
Տնտեսագետի խոսքով՝ այս իրավիճակից լուծումներ շատ կան, օրինակ՝ պետք է զսպել ծախսերը․ ուռճացված պետական ապարատի վրա կատարվող ծախսերը, տարբեր տեսակի երկրորդական-երրոդական ծրագրերի վրա կատարվող ծախսերը և այլն։ «Օրինակ՝ ինչ է նշանակում Սնուփ Դոգերի կամ այլ տեսակների համար այդպիսի խոշոր գումարներ ծախսելը։ Հետևաբար՝ նման իրավիճակում, եթե դա անվանենք բյուջետային ճգնաժամ, առաջին քայլը չհիմնավորված, այսրոպեական ծախսերի զսպումն է։ Մյուսը՝ գործողությունների մեջ պետք է քաղաքականության այնպիսի գործիքներ դնել, որոնք երկրում ներդրումները կխթանեն, որպեսզի մարդիկ, բանկերը, ֆինանսական հաստատությունները ոչ թե իրենց փողը պարտքով տան պետությանը՝ գնելով պետական գանձապետական պարտատոմսերը, այլ շահագրգռված լինեն օրինակ դրանք ներդնել հայկական ընկերությունների բաժնետոմսերի մեջ»,- ասաց նա։
Ատոմ Մարգարյանը շեշտում է՝ շատ մոդելներ ու մեխանիզմներ կան, սակայն դրանց համար պետք է համապատասխան կարողություններ և քաղաքական կամք ունենալ։ Ըստ նրա՝ այժմ ունենք այն, ինչ ունենք․ պետական պարտքը սահմանված առավելագույն չափաքանակից ցածր է, բայց դրա սպասարկումը չափազանց թանկ հաճույք է․ «Օրինակ այս տարի 2 մլրդ 300 մլն դոլար․ դա մայր գումարի սպասարկում է և տոկոսագումարները։ 2025 թվականը ծանրագույն տարի է՝ հատկապես եվրոբոնդերի՝ պետության թողարկած արտաքին արտարժույթային պարտատոմսերի մասով։ Դրանց մարման ժամանակաշրջանն է այժմ։ Մյուսը՝ արտաքին պարտքի այսպես ասած սպասարկման գծով վճարներն են, որոնք ևս պատկառելի գումարներ են և այսօր պետական պարտքի՝ ներքին գումարած արտաքին, պարտքի սպասարկման վճարները շատ ավելի մեծ են քան կրթության վրա կատարվող ծախսերը։ Սա աբսուրդ է, նոնսենս է․ այն որ վերջին 6-7 տարիներին յուրաքանչյուր տարի այս կառավարության կողմից պետական պարտքը 1 մլրդ դոլարով ավելեցվել է, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Ես իրավիճակը կհամեմատեմ մի թմրամոլի հետ, ով շարունակաբար պետք է ավելացնի իր թմրանյութի մասնաբաժինը, այլապես՝ կոլապսը անխուսափելի է լինելու»։
Տնտեսագետ հավելեց՝ սա անվտանգային լրջագույն սպառնալիքներ ունեցող երկրի համար մեծ ճոխություն է։ «Այս ամենին պետք է ուղղակի վերջակետ դնել, իսկ վերջակետը, ես կարծում եմ՝ քաղաքական որոշումների ու քաղաքական հարթության վրա է։ Այս առումով հասարակությունն ինքը պետք է ակտիվ լինի։ Մարդիկ հասկանում են ինչն ինչոց է, յուրաքանչյուրը պետք է հետևություն անի, ու ամեն մեկն ինքը որոշի՝ ցանկանո՞ւմ է ապրել այպսիսի երկրում, թե՞ ոչ»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ օրերս Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 միլիարդ 962 միլիոն դոլար։ Իրականում Պապոյանը մանիպուլացրել էր՝ ներկայացնելով պետական պարտքի միայն արտաքին բաղադրիչը, մինչդեռ այն ձևավորվում է ներքին և արտաքին պարտքի հանրագումարում։ Այս հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ արդեն 2025 թվականի բյուջեում պետական պարտքը նախատեսված է հասցնել 6159 մլրդ դրամի, որը դոլարի այսօրվա՝ 397 դրամ փոխարժեքով, կազմում է 15.5 մլրդ դոլար։
Դավիթ Գույումջյան