Երևան +11°
copy image url
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:27 24-11-2023

Անկլավների հարց, այո, կա․ Փաշինյան

Տավուշի մարզի բնակիչներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից՝ արդյոք բանակցությունների սեղանին քննարկվում է անկլավների հանձնման հարց․ «Եթե կա, ապա ինչպե՞ս է դա հանգուցալուծվելու։ Մենք չենք ուզում անորոշության մեջ ապրել։ Մենք հստակություն ենք ուզում»։

Ի պատասխան Փաշինյանը նշեց , որ այդ թեմայով մի քանի անգամ արդեն բաց խոսել է.«Նման հարց, այո՛, կա։ Արդեն ասացի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային տարածքների հիման վրա։ Երբ ասում ենք՝ Հայաստանի 29.8 հազար քառ.կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին, սակայն դրա մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա, քանի որ Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է։ Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք իր բնութագրմամբ և Խորհրդային Միության քարտեզներով դեյուրե գոյություն են ունեցել։ Եթե մենք ասենք՝ անկլավի հարց չկա, ապա պետք է նաև ասենք՝ էքսկլավի հարց չկա, Արծվաշենի հարց չկա։ Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերն էլ պետք է կարգավորվեն»։

Վարչապետը նշեց, որ երկու տարբերակ է քննարկվում. «Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ դեյուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ։ Այստեղ բազմաթիվ հարցեր կան։ Նախ՝ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, վերահաստատել, թե ինչքան է այդ էքսկլավի տարածքը։ Նաև այնտեղ հարց է առաջանում՝ քանի որ մենք Արծվաշենի հետ անմիջական սահման չունենք, ո՞նց ենք մենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման տարածքն անցնելու, համապատասխանաբար, Ադրբեջանն էլ՝ իր պարագայում։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարող են ուրիշ լուծումներ ստանալ։ Սա պայմանագրի թեմա է, որը պետք է ՀՀ խորհրդարանի կողմից հաստատվի»։