Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է.  մարզպետ
copy image url

Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է. մարզպետ

Ներքին 1 տարի առաջ - 18:07 02-11-2023
2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է: Մեծածավալ ու շատ դժվար աշխատանք ենք իրականացնում, այդ աշխատանքը դրական արդյունքներ տալիս է: Պատերազմից հետո առկա իրավիճակի համեմատ, այժմ շատ լուրջ դրական առաջընթաց կա, սակայն այն, ինչ ունեինք մինչև պատերազմը և հիմա, անհամեմատելի է, բնականաբար, շատ լուրջ տուժել է», - ասաց նա` ընդգծելով, որ աշխատանքը տվել է արդյունք. շատ տնտեսավարողներ արդեն հնարավորություն ունեն իրենց ծախսերը փակելու ու որոշակի եկամուտներ ստանալու, որոշները՝ դեռևս ոչ:

«Մինչպատերազմական իրավիճակում մենք Ջերմուկում ընդհանրապես ազատ համարներ չունեինք, հիմա արդեն ուրիշ է», - նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ հիմա իրականացվում են ճոպանուղու վերականգնման աշխատանքներ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված ճոպանուղին այս պահին չի գործում, սակայն աշխատանքների ավարտից հետո կսկսի գործել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է պատկերացնում թշնամու զորքերը ինչպե՞ս պետք է դուրս գան ՀՀ տարածքից։ «Դժվար է այդ հարցին պատասխանել, հնարավոր է և խաղաղ ճանապարհով, և այլ ճանապարհներով։ Ոնց եկել են, այդպես էլ երևի պիտի դուրս գան։ Կարելի է համաձայնագրով պայմանավորվել։ Պարտադիր չէ, որ պատերազմ լինի, եթե համաձայնագրի գանք, հետ գնան, շատ լավ կլինի»։

Արարատ Գրիգորյանը նաև հավելեց, որ Վայոց ձորի մարզում, բացի Ջերմուկի հատվածից, այլ բռնազավթված տարածքներ չկան։ «Ես հաստատում եմ այն, որ ես տեղյակ եմ՝ Վայոց Ձորի մարզում, բացի Ջերմուկից, այլ վայրերում պատերազմական գործողություններ չեն եղել։ Եվ եթե որևէ վայրում պատերազմական գործողություններ չեն եղել, բնական է, փոփոխություններ չեն լինի»,- ասաց նա։