Ոչ թե վատ է ներկայացված, այլ ընդհանրապես չկա. Անուշ Հակոբյանը՝ աղմկահարույց դասագրքի մշակույթի բաժնի մասին
copy image url

Ոչ թե վատ է ներկայացված, այլ ընդհանրապես չկա. Անուշ Հակոբյանը՝ աղմկահարույց դասագրքի մշակույթի բաժնի մասին

Միտք 1 տարի առաջ - 09:53 09-10-2023
Անուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 7-րդ դասարանի աղմկահարույց Հայոց պատմության դասագրքին.

«Ուշադրություն եմ դարձրել հատկապես մշակույթի բաժիններին, որոնց կանդրադառնամ մաս-մաս։

Նախ՝ նորից և նորից ուզում եմ շեշտել․ հայոց պատմության դասագրքերում, ոչ միայն այս հրատարակության պարագայում այլ ավանդաբար, մշակույթին հատկացված բաժինները ամենասեղմն են, ամենահակիրճը, ըստ էության, ոչինչ չասող և ընդհանրացված տեքստերով լրացվածները։

Հանրային մշակութային կրթություն իրականացնելով 13 տարի, ընդհանուր առմամբ՝ աշխատել եմ մի քանի հազար մարդու հետ, իրականացնելով տարբեր դասընթացներ։ Սա նշում եմ հաստատելու համար, որ ինչ ասելու եմ՝ հիմնված է հստակ փորձի վրա․ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔԸ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՏ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է։ ՏԱՐԲԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2020 թ․ ԵՂԵԼ Է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ։

Ինչու՞։
Որովհետև դպրոցում հայ մշակույթի և արվեստի պատմություն չի դասավանդվել, մշակույթին հատկացված է եղել ամեն թեմայի վերջում երկու երեք էջ, որը, հիմնականում, երեխաները անցել են շատ մակերեսային կամ չեն անցել, որովհետև ուսուցիչները նույնպես չեն ունեցել հայ մշակույթի և արվեստի հանդեպ հետաքրքրություն և գիտելիք (խոսքը չի վերաբերվում անշուշտ Անհատ ուսուցիչների, որոնք սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել են և դասավանդել․ նման ուսուցիչները ճնշող փոքրամասնություն են կազմում)։
Հավելեմ՝ նշածս եզրահանգմանը եկել եմ խմբերիս բազում մասնակիցների, ուսանողներիս հետ տարիների աշխատանքի և համապատասխան հարցումների հետևանքում)։

Թե ինչի է բերում ազգային մշակույթի մասին գիտելիքի բացակայությունը գիտենք։ Չկա ազգային մշակույթ, նույնն է թե՝ ազգային որակ, առանձնահատկություն, նաև՝ մշակույթի հարստությունը իմացող և գնահատող պատանի, հասարակության ապագա լիարժեք անդամ, ապագա զինվոր, քաղաքական գործիչ և այլն։ Այնինչ, մեր մշակույթի և արվեստի պատմության յուրաքանչյուր շրջանը այնքա՛ն հարուստ է, այնքա՛ն հագեցած է բառի լավագույն առումով հպարտության զգացում առաջացնող նյութով, ինֆորմացիայով, որ դրա թաքցնելը աշակերտից այլ կերպ չի կարող որակվել, քան հանցանք։ Հայ արվեստի պատմության մանկական գրականության բացակայության մասին դեռ չեմ խոսում։
Դրա համար մենք այսօր ունենք հանրություն, որը չգիտի իր առանձնահատկությունները և որակները, չգիտի իր ծագումը, չգիտի իր արժեքը և այն հողի արժեքը, որի վրա ապրում է։ Հետևանքը՝ տեսնում ենք։

Նշածս երևույթը ոչ միայն կա այս դասագրքում, այլև «կատարելագործված» է։
Հայ հնագույն շրջանի մշակույթին անդրադարձը սա է․ (հավելեմ՝ խոսքը սկզբնավորումից մինչև Արարատյան թագավորություն (Ք․ա․ 9-րդ դար) ընկած, ամենազգույշ թվագրումով՝ 3000 տարվա մշակույթի պատմության մասին է, ներառելով վաղ հայկական պետությունների շրջանը։

«Բայց լեզուն միակ միջոցը չէր, որով մարդիկ արտահայտվում էին: Նրանք քարից, ոսկրից և փայտից քանդակներ էին անում, քարանձավի պատերին կամ ժայռերի վրա պատկերներ նկարում կամ քանդակում։ Ի հայտ են գալիս կրոնն ու արվեստը»։

«Այս ժամանակաշրջանում աստիճանաբար կազմավորվեցին ավելի բարդ հասարակություններ: Գործընթացներից անմասն չմնաց Հայկական լեռնաշ­խարհը, որտեղ պետական կազմավորումների ձևավորումը տեղի էր ունենում համեմատաբար դանդաղ։ Ստեղծվեցին ավելի մարտունակ բանակներ, ակտիվացան պատերազմները, հասարակությունը շերտավորվեց, առաջացավ մասնավոր սեփականությունը։ Այդ ամենի մասին վկայում են բրոնզի դարի նշանավոր հնավայրերի՝ Շենգավիթի, Մեծամորի և Լճաշենի դամբարաններից պեղված տարատեսակ առարկաները։ Դրանք պատմում են մի ինքնատիպ մշակույթի մասին, որն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածքները և հայտնի է Շենգավիթյան կամ Կուր-Արաքսյան անվանումներով։»

Վերջ։ Ուրիշ ոչ մի տեղեկություն, նյութ, նկարագրություն, մեկնաբանություն։
Ոչ մի խոսք չկա հնագույն ճարտարապետության (բնակատեղիներ, բերդշեներ, պաշտամունքային ճարտարապետություն), Ք․ա, 4-րդ հզ․ ստեղծված, հինգ հազար տարի գոյություն ունեցած, ժամանակի քաղաքակրթության օջախներից մեկի՝ Մեծամորի մասին, Լճաշենի մասին, մեգալիթյան հուշարձանների մասին (օր․՝ Զորաց քարեր), վիշապների մասին (որոնք եզակի երևույթ են համաշխարհային մշակույթում և օտարալեզու գրականության մեջ, առանց թարգմանության, «վիշապ» են կոչվում)։ Չկա հնագույն խեցեգործական նյութը։ Չկա հնագույն քանդակագործությունը։ Չկա հնագույն դեկորատիվ կիրառական արվեստը։ Չկա իրենից պատկերագիր ներկայացնող ժայռապատկերային ժառանգությունը։
Ոչ թե վատ է ներկայացված, այլ ուղղակի չկա։

Կից մեկ պատկեր կա․ Լճաշենի քառանիվ կառքի պատկերը։

Հաջորդ գրառմամբ կանդրադառնամ այս դասագրքում Արարատյան թագավորության (Ուրարտու) մշակույթի բաժնին, կանգ առնելով հատկապես ճարտարապետության և կերպարվեստի վրա։

Հ․Գ․ Պատմությանը չեմ անդրադառնում, ելնելով նրանից, որ պատմաբան չեմ, չնայած արվեստի պատմաբանի համար պատմությունը հիմնարար առարկա է, մասնագիտության կարևորագույն մաս։ Բայց շատ կուզեի պատմաբան մասնագետների կարծիք լսել դասագրքում ներառված՝ օր․՝ հնագույն հայ պատմության, մասնավորապես հայ ժողովրդի ծագման, Բալկանյան տեսության մեջբերման, հայկական վաղ պետություններին նվիրված հատվածների մասին։

Հ․Հ․ Գ․ Լուծում կա․ ինքնակրթվում ենք։ Խնդիրը տեսնում ենք։ Բարձրաձայնում ենք։

Պատկերը և նկարագրությունը՝ Հայաստանի պատմության թանգարանի կայքից։

«Արձանախմբի կենտրոնական ֆիգուրան հզոր մկանունքով ցուլն է: Ցուլի մոտ՝ պատվանդանի վրա կանգնած են երկու այծ: Ունենալով պաշտամունքային նշանակություն, քանդակը օգտագործվել է իբրև կառքի հմայական զարդ և շտանդարտ»։

Լճաշեն․ Ք.ա. XV–XIV դդ.

#հայրենասիրությունըսկսվումէհայրենաճանաչությունից»։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը