Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ։ Հատկանշական է, որ զոհվածներից 2-ը վարժական հավաքների մասնակցներ էին, թեև թե՛ ռազմական փորձագետները, թե՛ իրավաբանները պաբերաբար ահազանգում էին, որ վարժական հավաքների մասնակիցներին մարտական հավաքների ուղարկելը օրենքի խախտում է, սակայն վարչական հավաքների մասնակիցներով ուժային գերատեսչությունը շարունակում էր մարտական առաջադրանք կատարել, ու նրանց ուղարկում է առաջնագիծ։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, իրավաբան Մհեր Հակոբյանն ընդգծեց, որ այն, որ այստեղ օրենքի խախտում կա, միանշանակ է, քանի որ վարժական հավաքների կանչվածները չպետք է մարտական հերթապահության տանեն։
«Բայց այս պահին կդժվարանամ միանշանակ ասել՝ այստեղ քրեական գործի նյութ կա՞, թե՞ ոչ, թերևս պատկան մարմիններն են այդ հարցի պատասխանը տալու։ Ես կարծում եմ, որ այստեղ խախտում կա, բայց թե այդ խախտման հիմքով գործ կհարուցվի և ինչ ընթացք կունենա, ովքեր ինչ պատասխանատվություն պետք է կրեն, պատկան մարմինները պետք է որոշեն։ Կարծում եմ՝ առնվազն պաշտոնեական անփութության հոդվածով գործ հարուցելու անհրաժեշտոթյուն կա»։
Նա ընդգծեց, որ հարցն այն է, որ նման դեպքերի նախադեպային պրակտիկա չկա, մենք չգիտենք իրավապահների մոտեցումը։
«Ամեն դեպքում՝ կա խախտում, որի արդյունքում 2 հոգի զոհվել է, այսինքն՝ կա նաև ծանր հետևանք, հետևաբար, իրավապահների արձագանք պետք է լինի, բայց թե այդ արձագանքն ինչ ձևով և ում դեմ կլինի՝ չգիտեմ։ Հավանաբար, պետք է նայել, թե ով է ուղարկել վարժական հավաքի, ինչի հիմքով են դա արել»։
Հակոբյանն ասաց, որ գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ։
«Եթե ստանդարտ սպանություն լիներ, պարզ է, թե ինչ լուծումներ կան, բայց սա ոչ ստանդարտ իրավիճակ է։ Նման իրավիճակում, երբ այդ սլաքները կարող են գնալ իշխանություների դեմ, բնական է, որ իրենք աշխատելու են քրեական գործեր չհարուցել։ Հեռու չգնանք, Աժ-ի հայտնի ծեծը եթե ընդդիմությունն աներ, քրեական գործ կհարուցեին։ Իրավիճակներ կան, որ քրեական գործ հարուցելը քաղաքական նպատակահարմարության հարց է։ Սա հենց այդ դեպքն է»։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն
Oragir.News-ի հարցին, թե արդյոք այս դեպքը դառնալու է քննության առարկա, ասաց, որ թեմայի առնչությամբ պատախան ստանալու համար գրավոր հարցում ուղարկենք։