Ուղիղ եթեր
Երևանի պապուլն ընդդեմ ազատ մամուլի. Ավինյանի արկածները
copy image url

Երևանի պապուլն ընդդեմ ազատ մամուլի. Ավինյանի արկածները

Ներքին 2 տարի առաջ - 11:00 14-05-2023
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ինքն իր ետեւից է ընկել, եւ այս տեմպերով հեռու կհասնի, բայց ոչ երբեք բաղձալի քաղաքապետի աթոռին։

Թե որ «խելացի գլուխն» է նրան խորհուրդ տվել պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին՝ հայտնի չէ։ Բայց այդ «խելացի գլուխը» հավանաբար որոշել է այդպես ազատվել փոխքաղաքապետից, մենք, իհարկե, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ բոլոր ազնիվ եւ արդար ձեռնարկներում։

Զուտ հանրային ընկալումների անհրաժեշտությամբ լրատվամիջոցներին դատի տալու մասով մի քանի արձանագրում անենք։

Նախ՝ Ավինյանը եւ նրա քաղաքական թիմը անհաշտ են այլակարծության, քննադատության հետ, խոսքի ազատությունը Հայաստանում այդպես էլ կարգախոս մնաց, ոչ ավելին։

Երկրորդ՝ Ավինյանն այնքան «խակ» է, որ մտածում է, թե եթե անգամ դատարանով ստիպեն հերքում տարածել, ինչ-որ մեկը հավատալու է այդ հերքմանը կամ դա որեւէ ազդեցություն է ունենալու։

Երրորդ՝ Ավինյանն այնպես է «հաբռգել»՝ փողի, շատ փողի համը տեսնելով, որ լրատվամիջոցներին միլիոնանոց պահանջներ է ներկայացնում մի երկրում, որտեղ լրագրողի աշխատվարձը 150-200 հազար դրամ է, ասել է թե նա փողի առումով վաղուց կտրվել է իրականությունից։

Չորրորդ՝ Ավինյանն այնքան սանձարձակ է եւ ինքնավստահ, որ չի մտածում քարոզարշավին ընդառաջ նոր թշնամիներ ձեռք չբերի, եղած սուր անկյունները հարթի, վերանայի գործելաոճը, ներող, հանդուրժող, լսող կերպարի մեջ մտնի։

Եւ հինգերորդ՝ Ավինյանի այս քայլը լակմուսի թուղթ է լինելու շատերի համար, եթե նախկին լրագրող-իշխանավորների մասով վաղուց արդեն ակնկալիք չկա, ապա բոլորս անհամբեր սպասելու ենք խոսքի ազատության համար շապիկ պատռող իրավապաշտպանների, Հ/Կ սեկտորի, միջազգային կառույցների արձագանքին, չէ՞ որ Հայաստանի դատական պատմության մեջ չի եղել մեդիայի դեմ հայցի գործով 18 մլն դրամի չափով հայցի ապահովման միջոցի կիրառում, այն, ինչ եղավ «168ժամ»-ի եւ Դավիթ Սարգսյանի դեպքում։

Ի դեպ, Ավինյանը մտադիր է բոլոր մյուս հայցերով եւս հասնել հայցի ապահովման՝ կաթվածահար անելով լրատվամիջոցների գործունեությունը։

Ձեռնոցը նետված է, այն ընդունված է, կհանդիպենք դատարանում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ միայն այս տարվա ընթացքում Ավինյանը դատական հայց է ներկայացրել 3 լրատվամիջոցի դեմ։

ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը «168ժամ»-ից բացի 2023թ. հայցադիմումներ է ներկայացրել՝ մարտի 16-ին՝ «Փաստինֆո» ՍՊԸ-ի, իսկ ապրիլի 13-ին՝ «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ի դեմ: Ավինյանը կրկին պահանջում է հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում: