Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:30 15-04-2023

Ելակետն Էրդողանից ազատվելն է. Հասան Ջեմալը՝ քրդական հարցի լուծման մասին

Հայտնի թուրք լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ով Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Կանաչների ձախ կուսակցությունից, կարևորել է քրդական հարցի լուծումը և նշել, որ այդ հարցում ելակետն Էրդողանից ազատվելն է։ Այս մասին տեղեկացնում է Gerceknews լրատվական գործակալությունը։

Հասան Ջեմալն հայտնել է, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, եթե ընտրվի որպես պատգամավոր։ Նա հայտնել է, որ մտադիր է քաղբանտարկյալների նկատմամբ համընդհանուր համաներում հայտարարելու և սոցիալ-քաղաքական հաշտեցման կոչ անել։ «Առանց քաղաքական համաներման դժվար է Թուրքիայում սոցիալական և քաղաքական խաղաղության դուռ բացել։ Մենք պետք է ապահովենք, որ և՛ բանտում գտնվողները, և՛ աքսորում ապրողները կարողանան վերադառնալ»,- ասել է Ջեմալը:

Նա հայտնել է, որ Թուրքիան բոլոր ոլորտներում դարձել է ճգնաժամերի երկիր, որտեղ խնդիրներ կան ոչ միայն քրդական հարցում, այլ նաև իրավունքի, արդարության և ազատությունների հարցում։ Նա միևնույն ժամանակ քննադատել է Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը, երբ ընդդիմադիր քաղաքապետերը քաղաքական դրդապատճառներով ձերբակալվում են, և պետությունընրանց փոխարեն պաշտոնակատարների է նշանակում։ «Մարդիկ ընտրում են իրենց քաղաքապետերին, հետո դու նրանց բանտ ես նետում։ Պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել այս խնդիրներից»,- նշել է նա։

Հարցին, թե նոր ժամանակաշրջանում քրդական հարցի ժողովրդավարական լուծման համար ինչպիսի՞ ճանապարհային քարտեզ է անհրաժեշտ, Ջեմալն ասել է, որ ելակետը Էրդողանից ազատվելն է ու քրդական հարցը խորհրդարան բերերը։ Նա ընդունել է, որ քրդական հարցը բարդ ու խորը արմատացած խնդիր է, որը հնարավոր չէ լուծել մեկ գիշերում։

«Մենք պետք է թվարկենք խնդրի բարդ ու հեշտ կողմերը և սկսենք ավելի հեշտ կողմերից: Որովհետև 100 տարվա խնդիրը մեկ գիշերվա ընթացքում չես կարող լուծել։ Պետք է սկսել առաջնահերթություններից։ Այս հարցում կան ներքին և արտաքին ասպեկտներ: Մենք պետք է զգույշ և սառնասրտորեն վարվենք դրա հետ: Մենք պետք է հաշտության ոգի ստեղծենք և այդ ոգով հասնենք լուծման։ Սա մեզ ցույց է տալիս նաև անցյալի փորձը»,- հայտարարել է նա։

Ջեմալը միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող վիճակը ամենավատն է վերջին շրջանում։ Նա ներկայիս իրավիճակը համեմատել է նախորդ շրջանների հետ և ընդգծել, որ բացի ռազմական ղեկավարման ժամանակահատվածներից երբեք նման իրավիճակ չի տեսել։

Նշենք, որ Հասան Ջեմալը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ընդունել, որ այն կազմակերպվել էր իր պապի և նրա գործընկերների կողմից, ինչպես նաև ներողություն է խնդրել հայերից։