Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 00:23 01-04-2023

Վերցրեք ինձնից գրիչը, և նույն րոպեին ես կդադարեմ շնչել

1882 թ. մարտի 31-ին ծնվել է ռուս արձակագիր, բանաստեղծ, քննադատ, գրականագետ, թարգմանիչ, մանկագիր, լրագրող Կոռնեյ Չուկովսկին: Նա առավել ճանաչված է որպես մանկագիր։ Չգիտեմ, կան արդյո՞ք մարդիկ, որոնք մանկության տարիներին չեն կարդացել «Չոփոչոփիկը» (Մոյդոդիր), «Բժիշկ Այբոլիտն» ու «Տզզան ճանճը» (Муха-Цокотуха) կամ գոնե չեն տեսել դրանց բազմաթիվ էկրանավորումները։ Կարծում եմ` չկան։

Իր ողջ կյանքը գրականությանը նվիրած գրողը խոստովանել է. «Վերցրեք ինձնից գրիչը, և նույն րոպեին ես կդադարեմ շնչել»։

Կոռնեյ Չուկովսկու կյանքը հենց սկզբից դժվար ու բարդ է ընթացել։ Նա մեծացել է առանց հոր։ Հայրը որդու ծնվելուց հետո լքել է երեխային ու մորը։ Նրա ծնողները երբեք ամուսնացած չեն եղել, քանի որ մայրը աղախին էր հոր տանը։ Այն ժամանակվա օրենքներրը թույլ չեն տվել նրանց ամուսնանալ։ Օրենքներից բացի այս ամուսնությանը դեմ են եղել նաև Չուկովսկու հրեա հայրը և ուղղափառ քրիստոնյա մայրը։



Չուկովսկու կենսագրության մեջ նշված է, որ նա չի ունեցել լիարժեք կրթություն։ Սովորել է գիմնազիայում, որտեղից հեռացրել են անհայտ պատճառով։ Թեև «Արծաթե գերբ» ինքնակենսագրական վիպակում նա գրում է, որ իրեն հեռացրել են «ցածր ծագման» պատճառով, այսինքն ամենաիսկական խտրականությունն է գործել։

Չուկովսկին հրաշալի տիրապետել է անգլերենին, սակայն դրա հետ կապված հետաքրքիր մի դեպք կա։ Գրողն անգլերեն սովորել է ինքնուրույն` գրքերով, առանց ուսուցչի։ Սակայն, Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ ոչ ինքն է անգլիացիներին հասկացել, ոչ էլ նրանք` իրեն։ Այսպես բացահայտվել է ինքուրույն լեզու սովորելու թերությունները։

Այնուամենայնիվ իր ողջ կյանքի ընթացքում Կոռնեյ Չուկովսկին անգլերենից ռուսերեն է թարգմանել անգլիացի և ամերիկացի գրողների բազմաթիվ գրքեր։ Նրա շնորհիվ միլիոնավոր ռուս ընթերցողները ծանոթացել են Դանիել Դեֆոյի, Կիպլինգի, Ուուոլթ Ուիթմենի, Հերբերտ Ուելսի և այլոց ստեղծագործություններին։ «Ռոբինզոն Կրուզոյի» նրա թարգմանությունը մինչ օրս էլ շարունակում է մնալ լավագույնը։

Չուկովսկին անձամբ ծանոթ էր իր ժամանակաշրջանի շատ ու շատ գրողների հետ, այդ թվում` Վլադիմիր Մայակովսկու, Աննա Ախմատովայի, Ալեքսանդր Բլոկի և այլոց հետ։ Սակայն նրա սիրած բանաստեղծը Նեկրասովն էր ու հենց Չուկովսկու ծանոթագրություններով ու խմբագրմամբ էլ ԽՍՀՄ-ում լույս է տեսել Նեկրասովի բանաստեղծությունների ժողովածուն։ Չուկովսկուն հաջողվել էր գտնել, բացահայտել և հրատարակել այնպիսի բանաստեղծություններ, որոնք արգելված են եղել ցարական գրաքննությամբ։



Ընթերցողների մեծամասնությանը Չուկովսկին հայտնի է որպես մանկագիր։ Իր ստեղծագործությունների հիմնական մասը, իրոք, նա գրել է պատանի լսարանի համար։ Ընդ որում միշտ պնդել է, որ իր գրքերն պետք է ունենան յուրահատուկ նկարազարդումներ։ Նա մանկական գրքերն առանց նկարների անընդունելի է համարել։

Չուկովսկու հայտնի ստեղծագործություններից է Տզզան ճանճը (Муха-Цокотуха), որի հիման վրա խորհրդային տարիներին չորս անգամ մուլտֆիլմ է նկարահանվել։ Ավոլին` 1992 թ. ռուս գիտնական Ա. Օզերովը գիտության մեջ բացահայտելով ճանճի մի նոր տեսակ, նրան անվանել է Муха-Цокотуха։ Այս ճանճերն ապրում են Վիետնամում և Չինաստանում։

Չուկովսկու ստեղծագորոծությունների հիման վրա ստեղծվել են քսանից ավելի մուլտֆիլմեր։ ԽՍՀՄ-ում, ապա նաև Ռուսաստանում հայտնի մանկագրի գրքերը հրատարակվել են ավելի քան երկու միլիոն տպաքանակով։ Նա աշխարհում համարվում է ամենաշատ հրատարակված ռուս մանկագիրը և ամենահայտնին է` ռուսալեզու գրողների և ընթերցողների շրջանում։

Ի ծնե` Նիկոլայ Վասիլևիչ Կոռնեյչուկովը հեղափոխությունից հետո պաշտոնապես փոխել է իր անունը, ազգանունն ու հայրանունը, դառնալով Կոռնեյ Իվանովիչ Չուկովսկի։ Նրա երեխաները կրել են հոր փոխված անունն ու ազգանունը։ Ի դեպ Չուկովսկու երկու զավակները` Լիդիան և Նիկոլայը նույնպես հայտնի գրողներ էին։

Իր ապրած երկար տարիների ընթացքում Չուկովսկին տեսավ իր չորս երեխաներից երեքի մահը, որոնք անասելի ծանր հարվածներ էին նրա կյանքում։ Գրողը մահացավ 1968 թվականին` 86 տարեկանում։

Նաիրա Եղիազարյան