Երևան +13°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:15 31-03-2023

Միասին մենք ավելի ուժեղ և ապահով ենք. Ստոլտենբերգը ողջունել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի ավարտը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին՝ կազմակերպությանը իր երկրի անդամակցության հաստատման գործընթացի ավարտի կապակցությամբ։ Այս մասին Ստոլտենբերգը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ստոլտենբերգը հայտնել է, որ անհամբեր սպասում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ֆինլանդիայի դրոշը բարձրացնելու արարողությանը։ «Միասին մենք ավելի ուժեղ և ապահով ենք»,- գրել է նա։

Վերջինս նաև տեսաուղերձ է հրապարակել՝ հայտնելով, որ Հելսինկիի պաշտոնական մուտքը դաշինք տեղի կունենա մոտ օրերս։ Ստոլտենբերգը նշել է, որ Ֆինլանդիան ունի շատ մարտունակ ուժեր, ուժեղացված կարողություններ և ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, ուստի սկանդինավյան երկրի անդամակցությունը շատ բան է խոստանում Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Անցյալ տարի բոլոր դաշնակիցները պատմական որոշում կայացրին՝ հրավիրելով Ֆինլանդիային և Շվեդիային միանալ դաշինքին: Այդ ժամանակից ի վեր մենք ականատես ենք եղել ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ ամենաարագ վավերացման գործընթացին»,- հայտարարել է նա։

Յենս Ստոլտենբերգը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացի արագ ավարտը բխում է դաշինքի ընդհանուր շահերից։ Նա նաև հավելել է, որ անհամբերությամբ սպասում է այն պահին, երբ Շվեդիային նույնպես կողջունի որպես դաշինքի լիիրավ անդամ։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Նախօրեին Ֆինլանդիայի դիմումը հաստատել էր նաև Հունգարիայի խորհրդարանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է Oragir.News-ը, նախօրեին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները վավերացրել են Ֆինլանդիայի դիմումը, և առաջիկա օրերին երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։

Ձեզ գուցե հետաքրքրի