Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:51 04-02-2023

Հայ անինքնասիրության մասին. հայկական մսամթերք` ադրբեջանական անվամբ

«Բիէլլա» ընկերությունն Էրիվան անվանումով հում-ապխտած երշիկի է արտադրում ու արտահանում: Սոցկայքում արտադրանքի նկարը տարածվելուց հետո քաղաքացիները բացասական են արձագանքել անվանը, ասելով, որ մայրաքաղաք Երևանին Էրիվան անվանում են ադրբեջանցիները։

«Սա անուն է, հում-ապխտած երշիկի անուն: Արդեն 2-3 տարի է` վաճառվում է մսամթերքի շուկայում: Անունն ընտրվել է մարքեթինգային` գեղեցիկ հնչող, հիշվող անուն, որը հեշտությամբ կարտասանվի ու կհիշվի օտար լեզուներով, քանի որ մեծ քանակ արտահանվում է»,-գրել էր ընկերությունը՝ արձագանքելով թեմայի վերաբերյալ հրապարակումներից մեկին:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ են ընտրել այդ անվանումը և արդյո՞ք պատրաստվում են անվանափոխություն անել: Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Փաստորեն հայկական արտադրողը կարևորել է մարքեթինգային գեղեցիկ անվանումը և ինչպես հպարտորեն նշել է ընկերությունը՝ այդ արտադրանքը մեծ քանակով արտահանվում է:

Այսինքն, Հայաստանից դուրս մարդիկ սկսում են Երևանը ճանաչել Էրիվան անունով, ինչպես դա անում են ադրբեջանցիները: Ստացվում է, որ հայկական արտադրողը նպաստում է ադրբեջանական քարոզին: Կամ էլ սա հայ արտադրողի անինքնասիրության հետևանքն է։

Պատրաստ ենք տեղադրել նաև «Բիէլլա» ընկերության պաշտոնական դիրքորոշումը։