Ներքին 3 տարի առաջ - 20:17 31-01-2023

Եգիպտոսից միջնորդական ակտիվ ջանքեր ակնկալել պետք չէ․ արաբագետ

«Եգիպտոսի նախագահի՝ ՀՀ կատարած այցի արդյունքների մասին հնարավոր կլինի դատել ավելի ուշ, երբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածվեն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Այցն իրականում իսկապես պատմական է։ Սա Եգիպտոսի որևէ նախագահի առաջին այցն է մեր տարածաշրջան, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետություն։ Հաշվի առնելով, որ այս երկիրն արաբական երկրներից առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, հաշվի առնելով, որ Եգիպտոսը չափազանց կարևոր դերակատար է միաժամանակ մի քանի տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Աֆրիկա մայրցամաք, արաբական, մուսուլմանական տարաբնույթ ձևաչափեր և այլն, նման բավականաչափ ազդեցիկ դերակատար երկրի նախագահի այցը չափազանց կարևոր է մեզ համար։ Պետք է նշել նաև, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եգիպտոս ավանդական, պատմական ու քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների ֆոնին»,-ասաց փորձագետը։

Արաբագետի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հիմնախնդրի շրջանակներում որպես միջնորդ հանդես գալու Եգիպտոսի հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը մեր տարածաշրջանում այս պահին շահեր չունի։ Փորձագետը խորհուրդ է տալիս Եգիպտոսից այդ ուղղությամբ մեծ ջանքեր չակնկալել։

«Եգիպտոսի կողմից այդ առաջարկությունն առավելապես պարունակում էր ուղերձ՝ մեր տարածաշրջանում եղած խնդիրները խաղաղ բանակցային ձևաչափում, երկկողմ գործակցության արդյունքում լուծելուն։ Այսինքն, Եգիպտոսի իշխանությունների ու անձամբ նախագահի ցանկությունն է դա։ Եվ եթե եղած ձևաչափերը չեն նպաստում նման կարգավորմանը, ապա Եգիպտոսը ևս պատրաստ է միջնորդություն ներկայացնել։ Ըստ երևույթին՝ նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել այս համատեքստում»,- ասաց նա։

Եգիպտոսի նախագահի այցն, ըստ փորձագետի, պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Պատճառներից մեկն Արցախյան պատերազմից հետո ստոտուս քվոյի փոփոխությունն է։

«Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այլևս Արցախյան հակամարտության չլինելու վերաբերյալ շեշտադրումն ավելի մեծացնում է տարածաշրջանում բոլոր խաղացողների ակտիվանալու հնարավորությունները, որոնք նախկինում կաշկանդել են նրանց։ Խոսքն այս դեպքում վերաբերում է մուսուլմանական երկրներին։ Սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ նպատակային քաղաքականություն են վարել։ Նրանք Արցախյան հիմնախնդիրը ներկայացրել են որպես կրոնական հակամարտություն։ Այդպիսով նրանք նաև խոչընդոտներ են ստեղծել այն խաղացողների համար, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու մեջ։ Այս առումով, նրանք զգուշանում էին մուսուլմանական երկրների կողմից հնարավոր բացասական արձագանքից»,- ասաց նա։

Երկրորդն, ըստ նրա, կարելի է կապել Եգիպտոսում «արաբական գարնան» հետևանքով առաջացած ներքաղաքական իրադարձությունների հետ։

«Ներկայում, քանի որ արդեն այդ խնդիրն էլ չկա, և Եգիպտոսն աստիճանաբար հաղթահարել է ներքաղաքական ճգնաժամը, դա հավելյալ կերպով նպաստում է, որպեսզի ավելի անկաշկանդ խաղա այն տարածաշրջաններում, որտեղ ունի հետաքրքրություններ»,-ասաց նա։

Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանի ու Եգիպտոսի միջև դիվանագիտական երկարատև հարաբերությունները բավականին արդյունավետ են եղել նաև երկու երկրների համար կարևոր գրեթե բոլոր ոլորտների շրջանակում պայմանավորվածություններ ձեռքբերելու առումով։

Արաբագետի խոսքով՝ դրանք ձեռք են բերվել գրեթե բոլոր՝ կրթության, մշակույթի, տնտեսական, իրավական, տեղեկատվական դաշտի ու մի շարք այլ կարևոր ոլորտներում։

«Վերջին այցի ընթացքում այդ պայմանավորվածությունները համալրվեցին ևս մի քանի ուղղություններով։ Դրանք այն մի քանի արձանագրություններն են, որոնք ստորագրվեցին Հայաստանի և Եգիպտոսի կառավարությունների միջև։ Հետևաբար, նման կարգի այցելությունները հավելյալ խթան են՝ երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու և դրանք ավելի նպատակային կերպով զարգացնելու։ Հիմա պետք է հուսալ, որ նախագահի՝ այսինքն, հնարավոր ամենաբարձր մակարդակով այս այցելությունը կնպաստի այս պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»