Արտաքին 3 տարի առաջ - 20:53 10-12-2022

Վաշինգտոնը գտնում է, որ Մոսկվա-Թեհրան համագործակցությունը համաշխարհային սպառնալիք է դառնում

Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները վերածվել են լիարժեք պաշտպանական գործընկերության։ Ինչպես փոխանցում է «BBC»-ն, Սպիտակ տունը տվյալներ ունի, որ Մոսկվան ու Թեհրանը ​​​​դիտարկում են մարտական ​​անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ու Թեհրանը միմյանց ցուցաբերում են աննախադեպ ռազմական աջակցություն։

Օգոստոսին ամերիկյան հետախուզությունը հայտնել էր, որ Թեհրանը սկսել է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր մատակարարել Մոսկվա՝ Ուկրաինայի թիրախները խոցելու համար: Սկզբում կողմերը կտրականապես հերքում էին այդ տեղեկությունը, սակայն շուտով ուկրաինական տարածքներն ու օբյեկտները սկսեցին հարձակման ենթարկվել իրանական «Շահեդ-31» և «Շահեդ-36» անօդաչու թռչող սարքերի կողմից։

Իսրայելում կարծում են, որ ռուս-իրանական սերտ ռազմական համագործակցությունը սկսվել է շատ ավելի վաղ։ Մասնավորապես, իսրայելցի շատ քաղաքական գործիչներ համոզված են, որ Իրանը զարգացնում է իր միջուկային ծրագիրը ռուսական տեխնոլոգիաների և ռուս մասնագետների օգնությամբ։

Այժմ խոսքը կամիկաձե անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին է։ Քիրբիի համոզմամբ` իրանական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը զգալի վնաս կհասցնի Ուկրաինային, տարածաշրջանում Իրանի հարևաններին ու ողջ միջազգային հանրությանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում մի շարք ռուսների նկատմամբ՝ կապված Իրանի հետ գործարքի հետ։ «Շահեդ-ի դիմաց Ռուսաստանը պատրաստ է Իրանին տրամադրել առաջադեմ ռազմական բաղադրիչներ, այդ թվում՝ ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է Քիրբին։

«Ռուսաստանը ձգտում է համագործակցել Իրանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զենքի մշակումը և ուսուցումը: Իրանը դարձել է Ռուսաստանի գլխավոր ռազմական հովանավորը», - ասել է Քիրբին:

Վերջինս ընդգծել է, որ հազարավոր ուկրաինացիներ մահանում են, իսկ միլիոնավոր մարդիկ զրկված են էլեկտրականությունից և ջերմությունից, այդ թվում՝ Իրանի գործողությունների հետևանքով։

ԱՄՆ դիրքորոշումը պաշտպանել է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին։ Նա հայտարարել է, որ Իրանը դարձել է Ռուսաստանի գլխավոր ռազմական գործընկերներից մեկը, և որ Թեհրանի մերձեցումը Մոսկվայի հետ սպառնում է համաշխարհային անվտանգությանը։

Նա նշել է, որ Թեհրանի հետ «կեղտոտ գործարքների» արդյունքում Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է ստացել։ «Դրա դիմաց Ռուսաստանը Իրանի ռեժիմին առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, ինչը կմեծացնի վտանգը, որը Թեհրանը ներկայացնում է Մերձավոր Արևելքում մեր գործընկերների և ողջ միջազգային անվտանգության համար», - հավելել է նա։

Քլիվերլին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Մեծ Բրիտանիան կիսում է Վաշինգտոնի մտահոգությունն առ այն, որ Իրանի աջակցությունը ռուսական ուժերին առաջիկա ամիսներին միայն կմեծանա, քանի որ Մոսկվան բախվում է զենքի և բալիստիկ հրթիռների պակասի:

Նախօրեին բրիտանական հետախուզությունը զգուշացրել էր, որ, ըստ ամենայնի, վերջերս Ռուսաստանը ստացել է իրանական անօդաչու թռչող սարքերի հերթական խմբաքանակը, հետևաբար կարճ դադարից հետո Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հերթական ալիքն է սպասվում։

Ավստրալիան նույնպես շաբաթ օրը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Դրանք վերաբերում են Իրանի 22 քաղաքացու, մեկ իրանական ձեռնարկության և երկու կազմակերպությունների, որոնք կապված են Ռուսաստանի հետ ռազմական պայմանագրերի և հակակառավարական ցույցերը ճնշելու հետ։

«Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ցույց է տալիս Իրանի դեր` գլոբալ անվտանգությունը ապակայունացնելու հարցում: Պատժամիջոցների այս ցուցակը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին, կբախվեն հետևանքների»,- հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Փեննին։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին