Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 19:30 27-10-2026

Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի հավաստի տեղեկություններով Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի դպրոցը, որն ունի 63 աշակերտ և 4 նախակրթարանի սան, հայտնվել է փակման վտանգի առաջ։ Գյուղի բնակիչներն ու աշակերտների ծնողները մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ սկսվել է օպտիմալացման ինչ-որ գործընթաց, ինչը կարող է հանգեցնել տեղի կրթօջախի վերջնական փակմանը։

Տեղեկությունը ճշտելու և ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով՝ Oragir.News-ը կապ հաստատեց Մարմարիկի միջնակարգ դպրոցի տնօրինության հետ։ Դպրոցի տնօրեն Նոնա Արզումանյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը։ Նրա խոսքով՝ պաշտոնական հրաման դեռևս չկա, սակայն ծնողները դիմումներ են գրել, որ դեմ են օպտիմալացմանը․ «Ճիշտն ասած, լսել ենք, բայց էսպիսի բան չկա, հատուկ որոշում չկա... եղել ենք մարզպետարանում, իրենք ասել են, որ այդպիսի ոչ որոշում կա, ոչ էլ հրաման։ Ինչ-որ հրաման կա, որ գումար են տալիս՝ 2000 դրամ, որ երեխային տանեն Մեղրաձոր, բայց ծնողները չեն համաձայնվել»։ Նոնա Արզումանյանը հայտնեց, որ դիմել են և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ նախկին կրթության վարչության պետին, և՛ համայնքապետին․ վերջիններս ևս ժխտել են, որ փակման հարց կա՝ ասելով, որ ընդամենը խոսակցություններ են։

Մեղրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մալյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունից արդեն ստացել են համապատասխան շրջաբերականը. «Մենք մարզպետարանի միջոցով ստացել ենք նախարարության համապատասխան շրջաբերականը, որը վերաբերում է Մեղրաձորի և Մարմարիկի դպրոցներին։ Ըստ այդ որոշման՝ երկու կրթօջախները պետք է միավորվեն հավասար հնարավորությունների ու իրավունքների սկզբունքով, իսկ որպես գործունեության տարածք ճանաչվել է Մեղրաձորի միջնակարգ դպրոցի նոր վերանորոգված շենքը։ Անցած շաբաթ մեզ մեկօրյա ժամկետով գրություն ուղարկվեց՝ պահանջելով ներկայացնել, թե ինչ իրազեկման աշխատանքներ ենք կատարել ծնողների ու սովորողների շրջանում, և թե քանի հոգի է հավանություն տվել յուրաքանչյուր աշակերտին տրանսպորտի համար առաջարկվող օրական 2000 դրամի փոխհատուցմանը։ Ես անձամբ զանգահարեցի նախարարություն՝ ճշտելու՝ արդյոք դա վերաբերում է նաև Մեղրաձորի երեխաներին։ Պատասխանեցին, որ ոչ. աջակցությունը նախատեսված է միայն տրանսպորտով եկողների, այսինքն՝ Մարմարիկի սովորողների համար»։

Տնօրենը պատմեց նաև, թե ինչպես է տեղեկացրել Մարմարիկի գործընկերոջը, քանի որ մինչ այդ գյուղում ոչ ոք տեղյակ չի եղել. «Եվ Մարմարիկի դպրոցի տնօրենին խնդրեցի, որ իրենք կատարեն այդ աշխատանքը՝ իրազեկեն ծնողներին։ Նա էլ ծնողների շրջանում աշխատել էր, և ծնողներն ասել էին, որ մենք համաձայնություն չենք տալիս 2000 դրամ ստանալու։ Ուրիշ որևէ բան չի եղել»։

Անահիտ Մալյանը չբացառեց, որ դպրոցների միավորման դեպքում լինելու են ուսուցչական կազմի աշխատանքից ազատումներ. «Ըստ նախարարության ուղարկած շրջաբերականի՝ Մարմարիկի դպրոցը, որպես առանձին կրթօջախ, այլևս չի գործելու, և երեխաները պետք է կրթություն ստանան Մեղրաձորի դպրոցի տարածքում։ Սակայն սա չի նշանակում պարզ միացում մեր ներկայիս անձնակազմին, քանի որ երկու դպրոցների բոլոր աշխատակիցներն էլ ազատվելու են աշխատանքից, և լինելու են նոր մրցույթներ՝ հավասար հիմունքներով։ Երկու բնակավայրերին սպասարկելու է մեկ միասնական դպրոց։ Խնդիրն այն է, որ սա ոչ թե մեխանիկական միավորում է Մեղրաձորի դպրոցին, այլ ձևավորվում է կլաստերային դպրոց՝ հավասարության սկզբունքով։ Այսինքն՝ թե՛ Մեղրաձորի, թե՛ Մարմարիկի կազմերը պետք է հավասար պայմաններով սկսեն աշխատել նույն հաստատությունում»։

Մեղրաձորի դպրոցի տնօրենը չթաքցրեց, որ իրենց մոտ նույնպես այս լուրը սրերով է ընդունվել․ «Անկեղծ ասած, այնպես չի, որ մեր դպրոցում այդպես մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը։ Մենք էլ համաձայն չենք, մեր աշխատակիցներն էլ են դժգոհում, անկեղծ ասած, երեխաներն էլ, քանի որ ցանկացած այդ տիպի փոփոխություն սկզբնական շրջանում, համենայն դեպս, սրերով է ընդունվում։ Ինչ կարող ենք անել, եթե Նախարարության որոշումը կա։ Նախարարությունն էլ հիմնավորում է Կառավարության ընդունած ծրագրով, որ նման փոքր դպրոցներում այդ խնդիրները չի կարող պետությունը ապահովել»,- պարզաբանեց տնօրենը։

Oragir.News-ը պարզաբանում խնդրեց նաև Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանից։ Վերջինս վստահեցրեց, որ ամեն ինչ թողնված է բնակիչների կամքին, և տեղական իշխանությունը թույլ չի տա կրթօջախի կորուստը. «Ճիշտն ասած, դպրոցը փակելու մասին ես որևէ պաշտոնական խոսք չեմ լսել։ Ինչքան հիշում եմ, նման խոսակցություններ եղել են, բայց ես դրան լուրջ նշանակություն չեմ տվել։ Ծնողն ինքը պետք է որոշի, թե որտեղ է սովորելու իր երեխան և ուր ուղարկի նրան։ Պետությունն ինչ-որ գումար է փոխհատուցում այն դպրոցի համար, որտեղ երեխան կգնա սովորելու, բայց այդ մանրամասներին ես դեռ չեմ տիրապետում։ Ինչ վերաբերում է փակմանը, ապա նման որևէ խոսք չկա, դրանք կարող է զուտ բամբասանքներ լինեն։ Անկախ ամեն ինչից՝ փակվելու մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետև մենք ոչ մեկս թույլ չենք տա դա»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է