Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում Հայաստանում այցելել են «Artfood» պահածոների գործարան և զրուցել ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի հետ։ Տնօրենն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի փակ լինելուն և դրա հնարավոր բացմանը։ Գրում է Ermenihaber-ը:
Ընկերության տնօրենը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան տրադիցիոն պահածոներ արտադրող երկրներ են ու մեծամասամբ եվրոպական շուկային մատակարարվում են թուրքական պահածոներ, իսկ նախկինում ամբողջ Սովետական Միությանն էր մատակարարվում հայկական պահածոներ։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ ու Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ ունի լավ դիրքեր ու հնարավորություններ։ Ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո հնարավորություն կա որոշակի համագործակցություն թուրքական ընկերությունների հետ։
Ըստ նրա՝ սահմանի բացվելը միայն հայկական կողմի համար չէ շահավետ, այն նաև շահավետ կլինի ու հնարավորություններ կընձեռնի թուրքական կողմի համար։
«Սահմանի բացվելը թուրքական ընկերություններին հնարավորություն կտա մեր միջոցով ու մեր ռեսուրսներն օգտագործելով տեղ գրավել ռուսական շուկայում։ Ես հատկապես ի նկատի ունեմ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Մենք վերամշակող ճյուղ ենք, կարող ենք որոշակի հումքային ապրանքների նախնական վերամշակումն անել իրենց մոտ, իսկ ապրանքի վերջնական տեսք ստանալը մեր ըկերությունում ու այդ կերպ թուրքական ապրանքը կհայտնվի ռուսական շուկայում։ Նույնը նաև հակառակ ուղղությամբ»,- նշել է նա։
Ըստ Կարապետյանի՝ թուրքական ընկերություները Հայաստանի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել ռուսական շուկայում, իսկ հայկական ընկերությունները Թուրքիայի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել եվրոպական շուկայում, Ծոցի ու աֆրիկյան երկրների շուկաներում։
«Այդ առումով ես սիներգետիկ պոտենցիալ եմ տեսնում, որը հնարավոր է իրագործել։ Վերամշակման ոլորտում ոչ միայն արտադրում ենք պատրաստի պրոդուկտ այլ նաև արտադրում ենք կիսաֆաբրիկատներ՝ օրինակ մրգային պյուրեներ, որոնք հետագա վերամշակման համար են։ Մեր պոտենցիաը մեծ է այնքանով, որ մեր կիսաֆաբրիկատները կարող են այնտեղ վերջնական արտադրանք դառնալ հետագա շուկաների համար ու հակառակը»,- հայտել է Կարապետյանը։
Հայ գործարարը հայտնել է, որ վստահաբար կարող է ասել, որ հայ բիզնեսմենները դրական են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ճիշտ է կա նաև մտավախություն, որ սահմանների բացվելուց հետո Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել, քանի որ Թուրքիան ունի ավելի զարգացած ու մասշտաբային տնտեսություն։ Բացի այդ մտավախություն կա, որ թուրքական տնտեսությունը կկլանի հայկական տնտեսությանը, սակայն Կարապետյանն այդ կարծիքը չի կիսում։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: