copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 29-11-2022

Նեղացած չենք հեռանում խմբակցությունից․ ինչու են «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները վայր դրել մանդատները  

«Վերածնվող Հայաստան» խմբակցության անդամները՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ։

Oragir.News-ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց, որ որոշման պատճառը լիագումար նիստերի մասնակության վերաբերյալ խմբակցության որոշումն է։

«Իրականում մեր կուսակցության որոշմամբ խնդիր չեն դրել հակադրվելու մյուսներին, սա նաև խմբակցության ներսում առկա խնդիրների մասին չի։ Հարցը առավել քան պարզ է․ խմբակցության մեր մյուս գործընկերների մոտեցումը, որով իրենք որոշում կայացրեցին վերադառնալ խորհրդարան և որոշ չափով շարունակել բնականոն աշխատանքը՝ մեր կուսակցությունը չի կիսում։

Մեր կուսակցության ներսում տեղի ունեցած որոշումների արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ բոլոր այն խնդիրները, հրատապ հարցերը, որոնք առկա էին բոյկոտը հայտարարելու ժամանակ՝ այսօր էլ առավել քան արդիկան են։ Ես շեշտում եմ, որ որևէ այլ գաղափարային խնդիր մենք չունենք։ Մոտեցման խնդիր է»։

Նա ընդգծեց, որ իրենք շարունակելու են մնալ ընդդիմադիր դաշտում և հանդես են գալու որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ «Մեր գլխավոր նպատակն իշխող ուժը՝ իր ղեկավարի հետ միասին դուրս շպրտելն է մեր քաղաքական կյանքից»,-ասաց Հակոբյանը։

Հարցին, թե արդյոք մտադիր են ակտիվ գործողությունների անցնել՝ նա շեշտեց, որ ունեն ծրագիր, բայց առայժմ դրա մասին խոսել չցանկացավ․
«Շուտով մեր քայլերի մասին բոլորը կիմանան»։

Դիտարկմանը, թե արդեն տևական ժամանակ է, որ խոսվում էր «Հայաստան» խմբակցության կազմականդման մասին՝ նա նշեց, որ որևէ նման ակնկարկ չկա․

«Եթե մենք դուրս գայինք խմբակցությունից, բայց վայր չդնեինք մանդատները, այդ ժամանակ կարելի էր այդ հարցը բարձրացնել։ Բայց այդ խոսակցությունները սա իշխող ուժի ցանկալի խոսակցությունների տարածման հետևանքն է, ինչը իրականությանը չի համապատասխանում»։

Հարցին՝ նեղացած են գնում խմբակցության մյուս գորգծընկերներից՝ նա նշեց, որ իհարկե ոչ։

«Դաշինքի հայտարարությունն էջում փաստում է այն մասին, որ նեղացած չենք հեռանում։ Ես մեր որոշման մասին նաև երրորդ նախագահին եմ տեղեկացրել, ինչպես նաև մեր որոշման մասին հայտնել եմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը, մենք բոլորի հետ շարունակում ենք ունենալ բարիդրացիական հարաբերություններ»։

Հարցին, թե կտեսնե՞նք խմբակցությունից էլի պատգամավորների, ովքեր վայր կդնեն մանդատները՝ նա նշեց, որ չի բացառում․

«Մեր քարը ավելի ծանր է, քանի որ մենք կուսակցության որոշում ենք կայացրել և ինչպես արդեն տեղյակ եք՝ ամբողջ կազմով ենք դուրս գալիս, բացառությամբ Զեմֆիրա Միրզոյանի, որովեհտև նա ներկայացնում է ասորի համայնքը և մենք որևէ պարագայում թույլ չենք տա, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ներկայացված չլինեն ԱԺ-ում։ Մենք նրան շատ ենք հորդորել, որ մնա։ Մյուսների դեպքում մեկնաբանություններ չեմ կարող անել»։

Ամենից շատ դիտված