Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Իրաքի վարչապետ Մոհամմադ ալ-Սուդանիի հետ: Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Իրաքի վարչապետը Թեհրան է ժամանել քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությամբ։
Ավելի վաղ Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին հայտարարել էր, որ Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի այցը Թեհրան ուղղված է երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Նրա խոսքով, բացի պաշտոնական հանդիպումներից, Իրաքի վարչապետի այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի՝ Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Իրանի նախագահը բարձր է գնահատել, որ Իրաքի վարչապետն ընդունել է Իրան այցելելու իր հրավերը։ Ռաիսին արդյունավետ է համարել Իրաքի վարչապետի այցը՝ երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից։
Նա հույս է հայտնել, որ Ալ-Սուդանին և իր ձևավորած կառավարությունը կարող են մեծ քայլեր ձեռնարկել երկու երկրների լավ հարաբերությունների ուղղությամբ։ «Իրաքի հետ մեր հարաբերությունները սովորական հարաբերություններ չեն, մեր հարաբերությունները հիմնված են երկու ազգերի համոզմունքների վրա, որոնք միավորել են երկու ժողովուրդներին և երկու կառավարություններին»,- ասել է նա:
Ռաիսին նշել է, որ Թեհրանն ու Բաղդադը համագործակցում են մշակութային, քաղաքական, սոցիալական և անվտանգության ոլորտներում։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը Իրաքում ձևավորված նոր կառավարության օրոք նույնպես կբարելավվի։
Իրանի նախագահի խոսքով՝ երկու երկրների կառավարությունները կարևորում են տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։ Նա նշել է, որ այս համատեքստում կողմերը համակարծիք են և ընդհանուր կամք ունեն ահաբեկչական խմբավորումների, կազմակերպված հանցագործությունների, թմրամիջոցների մաքսանենգության հանցախմբերի և տարածաշրջանին սպառնացող ցանկացած անապահովության դեմ պայքարում։
Ռաիսին շեշտել է, որ տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը պետք է հաստատեն բացառապես տարածաշրջանի երկրները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին,որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը ոչ մի կերպ անվտանգություն չի ստեղծում և հետևաբար տարածաշրջանից նրանց հեռացումը միանշանակ կարող է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը։
Իրանի նախագահը Իրանում Իրաքի վարչապետի ներկայությունը շրջադարձային է անվանել երկու երկրների հարաբերություններում։ Նա ասել է, որ Իրանի և իրաքյան պաշտոնյաների բանակցությունները միանշանակ կարող են մեծ քայլ լինել հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Վերջինս շեշտել է, որ կողմերի միջև բանակցությունների հիմնական թեմաներից է տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցությունը։ Նրա համոզմամբ՝ իրանական և իրաքյան պատվիրակությունները կարող են մեծ նշանակություն ունենալ իրենց միջև առկա խնդիրների լուծման գործում։
Իրաքի վարչապետն իր հերթին նշել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Նա միևնույն ժամանակ իր խոսքում շեշտել է, որ Իրաքը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ պետությունների դեմ պայքարում։