copy image url
Ներքին 6 օր առաջ - 17:05 24-11-2022

Ինչո՞ւ Փաշինյանը չկարողացավ հասնել ՀԱՊԿ-ում անհրաժեշտ փաստաթղթի ստորագրմանը․ Ագնեսա Խամոյան

Պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ «երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր էր Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, ինչո՞ւ այդպես էլ չկարողացավ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ, ինչպես ասում են, Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականներ եւ կանխարգելիչ միջոցառումներ կլինեին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նկատեց, որ իշխանությունը երբեք չի ընդունում իր մեղքը։

«Նրանց խոսքով՝ պատերազմ հրահրելու մեջ իրենք մեղավոր չեն, բանակցությունների ձախողման համար մեղավոր չեն, իրենք մեղավոր չեն, որ Ադրբեջանի զորքերը մնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նրանք ոչ մի բանում մեղավոր չեն։ Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։ Այդ հարցերը պետք է տալ Հայաստանի իշխանությանը»,- ասաց Խամոյանը։

Պատգամավորը հիշեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի մասին, որը հարված հասցրեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը։

«Սա նույն Նիկոլ Փաշինյանն է, ով 2019-ին «հերոսաբար» օդանավակայանում Պուտինին չդիմավորեց։ Նրա բոլոր քայլերն ուղղված են սեփական իշխանությունը պահելուն։ Եթե երաշխավորը լինի Ռուսաստանը, ապա նա Հայաստանը կտանի Ռուսաստանի հետ հարաբերությունների ինտեգրման ուղղությամբ, եթե երաշխավորը լինի Արեւմուտքը, ապա կտանի արեւմտյան ուղղությամբ։

Եթե իշխանությունը լիներ մեր քաղաքական ուժը, եթե վարչապետը լիներ մեր խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ապա այնպիսի իրավիճակ, ինչպիսին Փաշինյանի օրոք է, հաստատ չէր լինի»,- եզրափակեց Խամոյանը։