Երևան +9°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:03 22-11-2022

Դալալների ախորժակը մեծացել է. ինչու են մեքենաները թանկացել 50-100 %-ով

Համավարակով պայմանավորված՝ վերջին երկու տարում ավտոմեքենաների համաշխարհային շուկայում գրանցված դեֆիցիտն ամենաուղիղ ձևով ազդել է նաև Հայաստան ներկրվող մեքենաների թվաքանակի վրա։ Հաշվի առնելով նաև 2020 թվականի հունվարի մեկից հետո մաքսատուրքի բարձրացումը, ռուս–ուկրաինական հակամարտությամբ վերջին երկու ամսվա իրադարձությունները՝ զարմանալի չէ, թե ինչու է Հայաստան ներկրվող մեքնենաների թիվը կտրուկ նվազել, իսկ ավտոսրահներում դատարկություն է։ Այս դեֆիցիտի ֆոնին բավականին աճել է երկրորդային շուկայի պահանջարկը, երկրում մեքենաները 50 տոկոսով թանկացել են, ընտրությունը՝ փոքրացել։

Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ կարող էիք մտնել ավտոսրահ, ընտրել ու գնել ձեր նախընտրած մեքենան, ապա այժմ նման հնարավորություն գրեթե չունեք։ Եթե ուզում եք նոր մեքենա գնել, պետք է որոշակի կանխավճար կատարեք և սպասեք։ Ձեր գնած մեքենան լավագույն դեպքում կհասնի մի քանի ամսից։ Սա նոր խնդիր է, ու թե դա ինչով է պայմանավորված, Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է մեքենաների վաճառքով զբաղվողներից մեկի հետ, ով ցանկացավ անանուն մնալ։ Վերջինս ասաց․ «Մեքենաները մի հիսուն տոկոսով թանկացել են, մի հինգ տարի առաջ, օրինակ, RAF 4-ը արժեր 8500 դոլար, հիմա նույն մեքենան 12-13 հազար դոլար ա։ Բայց բոլորը թանկացել են։ Անգամ 100 տոկոսով։ Սա պայմանավորված է ռաստամոժկայի թանկացմամբ, լոգիստիկայի թանկացմամբ։ Աշխարհում արտադրական կրիզիս է, ղազախներ, սաղ գումարվել ա, դալալների ախորժակ, Հայաստանը 2014-ին մտավ ԵԱՏՄ, բայց մինչև 2020-ը Հայաստանը արտոնություն ուներ ու մաքսազերծում էր ավտոն ոչ ԵԱՏՄ կանոնակարգով, այլ իրա հին ձևով, 2020-ին ավարտվեց արտոնյալ ժամկետը, ԵԱՏՄ երկրների ժողովուրդը գալիս էին, այստեղից էժան առնում, տանում։ Դրան գումարվել է նաև դալալների ախորժակը, ու հենց էդ օբյեկտիվ գործոնները եղան, սկսեցին թանկացնել, ու շուկայում հիմա ոչ օրինաչափ վիճակ ա, քանի որ գները անկապ են, ում ինչքան փող պետք ա, ասում ա, ու ով ավտո ունի, իրա երազած գնով դրել ա սայթում, կծախվի՝ կծախվի»։

Հիշեցնենք, որ Հայաստան ավտոմեքենա ներմուծում են հիմնականում Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից։ 2021-ին Հայաստանից արտահանվել է 339 մարդատար մեքենա՝ նախորդ տարվանից ընդհուպ մինչեւ 20 անգամ պակաս։ Զուգահեռ՝ Հայաստանում վերջին տարիներին ավելացել են էլեկտրամեքենաները՝ հաշվի առնելով, որ այս տարի 7000, եկող տարի 8000 մեքենա կարող է երկիր բերվել առանց մաքսատուրքի, ուստի կանխատեսվում է, որ էլեկտրամեքենաների ներկրումը կավելանա։ Իսկ թե ինչքան կձգձգվեն այս թանկացումները, դեռ պարզ չէ։