Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:28 14-11-2022

Լավ օրից չէ, որ կամավորներին ներգրավում ենք մարտական գործողությունների. ՔՊ-ական պատգամավոր

Կամավորների ներգրավումը ծայրահեղ անհրաժեշտություն է եւ լավ օրից չէ, որ նրանց ներգրավում ենք մարտական գործողությունների: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Բայց նաեւ պետությունը մեխանիզմ է մտածել, որ այդ կամավորները, երբ անցնում են ծառայության, որոշակի չափով վարձատրություն են ստանում: Վարձատրության չափը կախված է մարտական գործողություններին մասնակցել-չմասնակցելուց, այն հաստիքներից, որոնցում նրանք ներգրավվում են:

Նրանք վարձատրվում են, թեեւ կամավորությունն ու վարձատրությունն իրար հակասող սկզբունքներ են: Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ, չպետք է ակնկալի վարձատրություն, բայց պետությունը գնացել է դրան եւ վարձատրում է իր հնարավորությունների չափով»,- ասաց նա:

Ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում են սադրանքները։ «Որևէ զարմանալի բան չկա, մենք, ինչքան հիշում ենք, այդ սադրանքներն անընդհատ եղել են, կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին», - հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ հայկական կողմից բավական ակտիվ շարունակվում են ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում արդեն տրվել է ավարտ։

Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ առաջնագծում կահավորում իրականացնելը, ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ սահմանների գծման հեռանկարի հետ. պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ.

«Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք եւ զինամթերքով, եւ ինժեներատեխնիկական լուծումներով: Սա արվում է այդ նպատակով, որևէ կապ չունի սահմանների գծնանշման աշխատանքների հետ։ Մեր հարևանն Ադրբեջանն է եւ հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ», - ասաց պատգամավորը։