Երևան +21°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:16 10-11-2022

Ճիչ, որ գալիս էր բնությունից. մի նկարի պատմություն

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը գիտեն բոլորը։ Այս հարցում իր դերն է ունեցել զանգվածային արվեստը, որտեղ Մունկի կտավը կիրառվել է լիուլի։ Կինոյում բավական է հիշել «Տանը մենակ» ֆիլմի պաստառը կամ «Ճիչ» սարսափ ֆիլմի դիմակավորված մարդասպանին, որի դիմակը վերցված է հենց Մունկի ստեղծած կերպարից։ Կերպարվեստում հայտնի այս դեմքը բազմիցս օգտագործվել է գովազդներում, կոմիքսներում, անիմացիոն ֆիլմերում։ «Ճիչից» ազդված մի քանի գործեր են ստեղծել նկարիչներ Էնդի Ուորհոլը, Էրրոն։

Ինչո՞վ է պայմանավորված նկարի նման ժողովրդականությունը։ Ինչպե՞ս է 19-րդ դարի պատկերը կարողացել արդիական ու «հարազատ» դառնալ 20-րդ և նույնիսկ 21-րդ դարերում։ Ինչո՞ւ և ինչո՞վ է «Ճիչ» նկարը հետաքրքրում ու անգամ հիացնում ժամանակակից դիտողին։ Ու սա այն դեպքում, երբ 19-րդ դարի հասարակությունը քննադատաբար էր վերաբերվել այս աշխատանքին։ Մարդկանց սարսափեցրել էր ոչ միայն նկարի հերոսը, այլ նույնիսկ` կարմիր երկինքը, որը նմանեցնում էին սպանդանոցի ինտերիերի։ Պատկերն այնքան արտահայտիչ է, որ ազդել է դիտողների ամենախորքային զգացմունքների վրա` նրանց մեջ արթնացնելով միայնության և մահվան վախը:



Էդվարդ Մունկը ստեղծել է «Ճիչ»-ի մի քանի տարբերակ՝ օգտագործելով զանազան տեխնիկաներ։

Այս թեմայով նրա առաջին աշխատանքը «Հուսահատություն» նկարն է, որը սկզբում հայտնի էր «Տրամադրություն մայրամուտի ժամանակ» անվանումով։ Այս աշխատանքը հեղինակն ստեղծել է հնարավորինս ռեալիստորեն։ Պատկերված գլխարկով մարդը նման է հենց իրեն՝ Մունկին, ով մի փոքր կռանալով` հենվել է կամրջի բազրիքին և նայում է արնագույն երկնքին։ Երկու այլ տղամարդիկ էլ են պատկերված այս նկարում. նրանք նույնպես գլխարկներով են ու հեռանում են գլխավոր կերպարից։



Մեկ այլ տարբերակում կենտրոնական ֆիգուրը հիշեցնում է իր իսկ «Մելանխոլիա» կտավի գլխավոր հերոսին. նա խոնարհել է գլուխն ու մուգ գույնով ընդգծված աչքեր ունի։ Այս նկարներից պարզ է դառնում, որ հեղինակը երկար ժամանակ չի կարողացել գտնել ու պատկերել իր մտածած այն կերպարը, որը կարտահայտեր անձնապես ապրած և զգացած սարսափն ու հուսահատությունը։



1893 թվականին Մունկը նկարում է կտավի նոր տարբերակը, որը համաշխարհային արվեստի պատմության մեջ հայտնի է դառնում «Ճիչ» անվանումով։ Այս անգամ նկարիչը վերջապես գտել էր իր հերոսին, որն աղավաղված, անսեռ, կմախքի տեսք ունեցող մարդ է։

Այս նկարը և դրա մյուս տարբերակները հանրությանը ցուցադրվել են «Հուսահատություն» անվանմամբ։ Սակայն ավելի ուշ այն արվեստի պատմության մեջ մտավ «Ճիչ» անվանումով։

Էդվարդ Մունկի կենսագիր Ատլե Նեսը գրում է, որ նկարի վերջնական անվանումը նկարչին հուշել է Վիլհելմ Կրագի «Ճիչ» բանաստեղծությունը։

«Ճիչ» կտավի ֆոնային բնապատկերը հիշեցնում է Կրիստիանիայի Էկեբերդ բլուրից բացվող տեսարանը դեպի Օսլո Ֆյորդը։

Արվեստի պատմության մեջ նշվում են բազմաթիվ վարկածներ, թե ինչն է առիթ դարձել «Ճիչը» ստեղծելու համար։ Մունկի մյուս կենսագիր Դյու Պրիդոն գրում է, որ Էկեբերգի մոտ էր գտնվում էր Օսլոյի ամենամեծ սպանդանոցը, իսկ դրանից ոչ շատ հեռու կար մի հոգեբուժարան, որտեղ բուժվում էր Էդվարդ Մունկի կրտսեր քույրը՝ Լաուրա Մունկը։ Կենսագիրը որպես վարկած նշում է. «Ասում էին, որ մորթվող կենդանիների ճիչն ու հոգեկան հիվանդների աղմուկը միախառնվում էին միմյանց, և դա անտանելի էր»։ Նա ենթադրել է, որ նկարիչն այդ աղմուկից ստացած տպավորություններն է կտավին հանձնել։



Արվեստաբանների մի խումբ էլ պնդում էր, թե կտավի առաջին պլանում պատկերված տարօրինակ, անսեռ արարածին նկարիչը, հնարավոր է` տեսած լիներ 1899 թ. Փարիզում բացված Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Մունկը տեսել ու ազդվել էր պերուական մումիաներից, որոնք փաթաթված էմբրիոնի դիրքով, բաց բերանով ու պարզած ձեռքերով սարսափելի կերպարներ էին։ Ի դեպ, այդ մումիաները ցնցել էին նաև Պոլ Գոգենին։ Նա էլ այդ թեմայով ստեղծել էր իր ուրվականների շարքը։

Կենսագիրները ու արվեստաբանների ենթադրությունները շարունակում են մնալ անհիմն ու անիրական, քանի որ դրանք հակասում են Էդվարդ Մունկի 1892-ի օրագրային գրառմանը։ Նկարիչն այնտեղ պատմել է, թե որն է եղել այս նկարի ոգեշնչման աղբյուրը.

«Ես իմ երկու բարեկամների հետ քայլում էի արահետով, արևն արդեն մայր էր մտնում և հանկարծ ակնթարթորեն երկինքը դարձավ բոսորագույն։ Ես կանգ առա լրիվ ուժասպառ, հենվեցի ցանկապատին ու դիտեցի արյունը և բոցավառ լեզուները կապտասև ֆյորդի և քաղաքի վրա։ Իմ բարեկամներն առաջ անցան, իսկ ես շարունակեցի կանգնած մնալ և հուզմունքից դողալ՝ զգալով անվերջ մի ճիչ, որը գալիս էր բնությունից»։



Մունկի այս ազդեցիկ, անտարբեր չթողնող ու հայտնի կտավներից երկուսն այսօր ցուցադրվում են Օսլոյի Մունկի թանգարանում, մեկը` Օսլոյի ազգային պատկերասրահում։ Այս նկարի պաստելով արված տարբերակը գտնվում է մասնավոր հավաքածուում, որը 2012-ին աճուրդում 119 միլիոն 922 հազար դոլարով ձեռք է բերել ամերիկացի կոլեկցիոներ Լեոն Բլեքը։

Ի դեպ, «Ճիչը» կտավի թանգարանային օրինակները բազմիցս դարձել են գայթակղիչ թիրախ հանցագործների համար։

1994 թվականին, երկու տղամարդ Օսլոյի ազգային պատկերասրահի շենքից գողացան «Ճիչի» տարբերակներից մեկը, այնտեղ թողնելով երկտող` «Շնորհակալություն ցածր մակարդակի անվտանգության համար»։ Բարեբախտաբար, նկարը մի քանի ամիս անց գտնվեց և վերադարձվեց իր տեղը։ Սակայն սրան հաջորդեց մյուս գողությունը։ Այս անգամ Մունկի թանգարանից 2004-ին «Ճիչ» նկարի հետ գողացան նաև Մունկի «Տիրամայրը» կտավը։ Երկու տարի անց, երկար փնտրտուքից հետո աշխատանքները գտնվեցին ու վերադարձան թանգարան, ցավոք, վնասված վիճակում։ Վերականգնումը տևեց ավելի քան երկու տարի, որից հետո մինչ օրս անվտանգ ու ապահով դրանք ցուցադրվում են նկարչի անունը կրող թանգարանում։

Նաիրա Եղիազարյան