Ներքին 1 տարի առաջ - 16:20 30-06-2025

«Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի

Համաշխարհային բանկը 1,5 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի «Նաիրիտ» գործարանի շրջակա միջավայրի բարելավման համար։ Համապատասխան որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել գործարանը և տարածքի հողը մաքրել քիմիական նյութերից։Նշվում է, որ 2025 թ. մարտի սկզբին Համաշխարհային բանկը Երևան է ուղարկել փորձագետների, որոնք կազմել են ձեռնարկության լուծարման և տարածքում կուտակված քիմիական թափոնների չեզոքացման նախնական ծրագիրը։ ՀՀ կառավարությունը «Նաիրիտի» արտադրության վերագործարկումը նպատակահարմար չի համարել՝ հաշվի առնելով գործարանի անմիջական հարևանությունը բնակելի թաղամասերին։

Այսպիսով, ստացվում է, որ կաուչուկ արտադրող միակ գործարանը ենթակա է ապամոնտաժման, և դրա փոխարեն հնարավոր է կառուցվեն այլ շենքեր, ինչը կրկին կարող է վտանգել բնակիչների առողջությունը՝ հաշվի առնելով բնությանը պատճառված վնասները։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշեց, որ կաուչուկ արտադրելու հնարավորություն այժմ չկա, քանի որ վերջին 10-20 տարիներին «Նաիրիտում» տեղի է ունեցել միայն թալան և փոշիացում։

«Արտադրական ամբողջ կառուցվածքը անընդհատ թալանվել է՝ գծերով, էլեկտրական կաբելներով, աշտարակներով։ Այս տարիներին գործարանի հզոր համակարգը կազմաքանդվել է, և այժմ այնտեղ գործում են միայն փոքր արտադրություններ, որոնք համընդհանուր արտադրական ցիկլ չեն ապահովում։ Տարածքներն օգտագործվել են մասնակի արտադրական նպատակների համար», – ասաց տնտեսագետը։

Կամենդատյանը հավելեց, որ այս պահին Հայաստանում կաուչուկի արտադրությունը վերականգնելու տեխնիկական հնարավորություն գրեթե չկա, քանի որ այն պահանջում է նաև երկաթուղային ուղիղ կապ՝ օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ։ Նախկինում անհրաժեշտ քիմիական բաղադրիչները երկաթուղով էին ներմուծվում Հայաստան, սակայն այսօր այդ հնարավորությունը բացակայում է։ Բացի այդ, «Նաիրիտի» շուրջ կան բազմաթիվ դատական գործեր, որոնց արդյունքում ձեռնարկության բաժնետոմսերը գրավադրված են բանկերում։ Սա նշանակում է, որ ձեռնարկության հետագա շահագործումը կպահանջի խոշոր ֆինանսական ծախսեր, ինչպես նաև դատական գործընթացներից այն դուրս բերելու ջանքեր։
«Այս գործում ներգրավված են եղել տարբեր ներդրողներ, այդ թվում՝ հնդիկ գործարարներ, և ժամանակին քննարկվել են կապեր Հայաստանի նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Դատական քաշքշուկներն ու իրավական խնդիրները ստիպում են արձանագրել, որ «Նաիրիտը» տեխնիկապես հնարավոր չէ վերածել կայացած քիմիական արտադրության», – նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ վերագործարկման հնարավորությունը բացակայում է մի քանի պատճառով՝ առաջինը տեխնիկական պայմանների բացակայությունն է, երկրորդը՝ ֆինանսական հսկայական ծախսերի անհրաժեշտությունը, իսկ երրորդը՝ այն, որ կաուչուկի համաշխարհային շուկայում գործում են խոշոր խաղացողներ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի կանխեն նման արտադրության ստեղծումը Հայաստանում։

«Կաուչուկի արտադրությունը պահանջում է նաև բարձրակարգ ինժեներական կադրերի լայն շրջանակ։ Բացի այդ, այն լուրջ խնդիրներ է ստեղծում շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից։ Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե «Նաիրիտը» չշարունակի աշխատել, քանի որ հնարավոր եկամուտը չի կարող արդարացնել այն վնասը, որը գործարանը կարող է հասցնել բնակչության առողջությանը և բնությանը», – եզրափակեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ