copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 25-01-2023

Ոսկե Ադել. մի նկարի պատմություն

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը» աշխարհին առավել հայտնի է «Ոսկե Ադել» կամ «Ավստրիական Մոնա Լիզա» անվանումներով։ Այս կտավի պատմությունը խաղարկային ֆիլմի համար լիարաժեք ու պատրաստի սցենար է։

Նկարի հերոսուհին 26-ամյա Ադել Բլոխ-Բաուերը վիեննական «Մորից Բաուեր» բանկային միության գլխավոր տնօրենի աղջիկն է։ Նա 18 տարեկանում ամուսնացել է իրենից տարիքով մեծ, շաքար արտադրող խոշորագույն ընկերության ղեկավար Ֆերդինանդ Բլոխի հետ։ Բլոխները հրեական բարձրաշխարհիկ խավից են։ Ֆերդինանդն ու Ադելն ունեին իրենց սալոնը, որտեղ հավաքվում էին գեղանկարիչները, գրողները, սոցիալ-դեմոկրատները, ավստրիական բոհեմի ներկայացուցիչները։




Բլոխ-Բուերների ընտանիքի հյուրերի թվում էր նաև Գուստավ Կլիմտը, ով միանգամից ընկերանում է Ադելի հետ, և նա 1901 թվականին դառնում է նկարչի բնորդուհին նախ «Հուդիթ I» ապա նաև «Հուդիթ II» կտավների համար։



Ադելը, որը մտերիմների բնութագրմամբ «գլխացավով մշտապես տառապող, շոգեքարշի նման ծխող, չափազանց նուրբ և մուգ, ինքնագոհ և էլեգանտ» կին էր, միանգամից գրավում է Կլիմտի սիրտը։

1903 թվականին արդեն ամբողջ Վիեննան քննարկում էր Ադելի և Գուստավ Կլիմտի սիրավեպը։ Կնոջ դավաճանության մասին գիտեր նաև Ֆերդինանդը, սակայն ձևացնում էր, թե իբր ոչինչ չգիտի։ Նրա ընտանիքի դիրքն ու կարգավիճակը թույլ չէին տալիս` բացահայտել կամ որևէ կերպ լուծել այս խնդիրը։ Եվ Ֆերդինանդը հրեային հատուկ որոշում է կայացնում։ Նա Կլիմտին պատվիրում է նկարել իր կնոջ մեծ դիմանկարը, նաև որոշում, որ այնքան երկար ժամանակ հավանություն չի տա կտավին, մինչև Գուստավը չհոգնի Ադելից, և նրանք չբաժանվեն ինքնակամ։ Ֆերդինանդը պայմանագիր է կնքում նկարչի հետ, քանի որ գիտեր, որ Կլիմտը պահանջված նկարիչ է և սա ընտանեկան խնդիրը լուծելուց բացի` նաև շահավետ ներդրում էր։ Ամեն ինչից զատ Ֆերդինանդն այս կերպ նաև փորձում էր հավերժացնել իր ազգանունը։

Կլիմտն էլ անմիջապես համաձայնվում է, քանի որ սա լավ հնարավորություն էր ոչ միայն իր սիրելի կնոջ հետ երկար մնալու, այլ նաև` չափազանց բարձր հոնորարով վարձատրվելու համար։
Նկարիչն այս կտավի համար 100 էսքիզ է ստեղծում։ Ադելի դիմանկարի վրա աշխատում է շուրջ 4 տարի։ 1907 թվականին, երբ արդեն պատրաստ էր նկարի վերջնական տարբերակը` Գուստավի և Ադելի միջև զգացմունքներն իսպառ վերացել էին։

«Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը» 1907 թվականին նախ ցուցադրվում է Կլիմտի արվեստանոցում, ապա նույն թվականին տպագրվում է «Գերմանական մշակույթ և դեկորացիա» ամսագրում։ Այնուհետև նկարը ներկայացվում է Մանհայմի միջազգային ցուցահանդեսում, իսկ 1910 թվականին Վենետիկի բիենալեում ցուցադրվում Կլիմտի սրահում։

1910-1918 թվականներին նկարը այլևս չի ցուցադրվել, քանի որ պահվում էր Ֆերդինանդի և Ադելի մոտ։ Իսկ 1918-1921-ը Ադելի դիմանկարը հանգրվանել է Ավստրիայի պետական պատկերասրահում։



1918 թվականին 52 տարեկան հասակում Կլիմտը մահացավ։ Ադելը նրանից հետո ապրեց ևս 7 տարի։ 1925-ին` մահից առաջ նա ամուսնուն խնդրել է Կլիմտի 4 բնապատկերներն ու իր երկու դիմանկարները նվիրել Բելվեդերի թանգարանին։ Ամուսինը կատարեց կնոջ խնդրանքը։



1938 թվականին, երբ Ավստրիան մտավ Գերմանիայի կազմի մեջ` Ֆերդինանդի վիճակը ծանրացավ, քանի որ որպես հրեա նա հետապնդվում էր։ Նրան հաջողվեց փախչել Շվեյցարիա` ողջ կարողությունը և նկարները թողնելով Ավստրիայում։ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը մահացավ 1945 թվականին Ցյուրիխում` միայնության մեջ։ Նա այդպես էլ Ադելին չասաց, որ գիտեր իր և Գուստավի սիրավեպի մասին։

Մահից առաջ Ֆերդինանդն իր կտակով փոխեց նկարները ավստրիական թանգարանին հանձնելու կնոջ խնդրանքը։ Քանի որ Ֆերդինանդն ու Ադելը երեխաներ չունեին, նա կտավները կտակեց եղբոր ընտանիքին։ Կտակի փոփոխության մասին իմացվեց բավականին ուշ։

Ֆերդինանդի եղբայրն ամուսնացած էր Ադելի քրոջ հետ։ Պատերազմի ժամանակ նրանց դստեր` Մարիայի ամուսնուն աքսորել էին, իսկ նրա ունեցվածքը, այդ թվում նաև Ադելի դիմանկարը առևանգել էին` Գերմանիային և անձամբ Հիտլերին հանձնելու համար։ Թեև Հիտլերը դրական էր վերաբերվում Կլիմտին, սակայն Ադելի դիմանկարը տեղ չի գտել Երրորդ Ռեյխում, քանի որ նկարում պատկերված էր հրեա կին։ Պատերազմի տարիներին նկարի ճակատագիրն անհայտ էր, և միայն պատերազմի ավարտից հետո այն հայտնվում է Վիեննայի պետական պատկերասրահում։
Պատերազմի ժամանակ Մարիային հաջողվում է մեծ գումարով աքսորից ազատել ամուսնուն և միասին փախչել ԱՄՆ։

1998 թվականին Ավստրիան ընդունում է մշակութային արժեքների իրավունքները վերականգնելու մասին օրենքը, որն էլ հնարավորություն է տալիս իմանալ թանգարաններում պահվող ցուցանմուշների ձեռքբերման պատմությունը։ Այստեղ է, որ բացահայտվում է Ֆերդինանդի մահից առաջ փոխված կտակը։ 1998-ին եղբոր երեխաներից ողջ էր միայն Մարիան, ով արդեն 80 տարեկան էր ու ապրում էր ԱՄՆ-ում։

Շուրջ 7 տարի Մարիա Ալտմանը դատարանի միջոցով փորձում էր ձեռք բերել դիմանկարը և միայն 2005 թվականին է նրան հաջողվում հասնել ուզածին։ Ավստրիան տագնապած էր. իրար հետևից լույս էին տեսնում հրապարակումներ` «Ավստրիան կորցնում է իր մասունքը», «Մենք Ամերիկային չենք տա մեր ազգային հարստությունը» ու համանման վերնագրերով։ Օրենքը, սակայն, այլ բան էր պահանջում։



Մարիան համաձայնում է, որ նկարները մնան Ավստրիայում` եթե իրեն վճարեն 155 միլիոն դոլար: Ավստրիան հանգանակության միջոցով թեև հավաքվում է անհրաժեշտ գումարը, սակայն Մարիան որոշում է բարձրացնել գինը և պահանջում է 300 միլիոն դոլար: Այս գումարը չափազանց մեծ էր, և Ավստրիան անկարող էր վճարել այն։ 2006 թվականին «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I», «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար II», «Կեչիների պուրակ», «Խնձորենի I» և «Տուն Ատերզեի մոտ Ունտերախում» կտավները հանձնում են նկարների տիրուհուն։

Մարիան մահացավ 2011 թվականին` 94 տարեկան հասակում։ Մինչ այդ նա Ադելի դիմանկարը 135 միլիոնով արդեն վաճառել էր Ռոնալդ Սթիվեն Լաուդերին։ Նկարն այժմ ցուցադրվում է Նյու Յորքի Նոր պատկերասրահում, իսկ Ավստրիան բավարարվում է միայն Ադելի դիմանկարով հուշանվերներ արտադրելով ու տարածելով։

Նաիրա Եղիազարյան