copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 00:26 02-03-2023

Ինչո՞ւ են Բոտիչելլիի կտավում բոլոր կանայք հղի. մի նկարի պատմություն

1445 թվականի գարնան առաջին օրը Ֆլորենցիայում ծնվել է արվեստի պատմության մեջ երևի ամենագեղեցիկ գարունը պատկերած նկարիչը` Սանդրո Բոտիչելլին։

Վաղ Վերծաննդի մեծագույն նկարիչներից մեկն իր «Գարուն» կտավը ստեղծել է 1482 թվականին։ Արվեստի այս գլուխգործոցը հայտնի է ևս մեկ անվամբ` «Վեներայի թագավորություն», բայց «Գարունն» առավել բնորոշ է ու ավելի ներդաշնակ այս նկարին։

Բոտիչելլիի հրաշագեղ այս կտավի համար հիմք ու աղբյուր է հանդիսացել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը։ Այստեղ գլխավոր հերոսներն են Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը։ Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից:

Նկարը պատկերում է ծաղիկներով ու բույսերով հարուստ նարնջի մի այգի: Բուսաբաններն այստեղ հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ։ Սա ոչ այլ ինչ է, քան բուսաբանական հանրագիտարան։
Այս կտավը բույսերից բացի լի է նաև մարդկային կերպարներով։

Այստեղ է Զեփիրոսը կամ Զեփյուռը, որը արևմտյան քամու աստվածն է և սկսում է քամի փչել գարնան սկզբից: Հենց նրանից էլ սկսվում է նկարը: Այս կերպարը պատկերված է կապտավուն մաշկով, լարվածությունից գրեթե պայթող այտերով։ Սա հույների այնքան էլ չսիրած քամու խորհրդանիշն է, որը բերում էր փոթորիկներ ու անձրև։ Զեփիրոսը ոչ միայն մարդկանց, այլ նաև աստվածների հանդեպ առանձնակի բարյացակամություն չէր դրսևորում։ Բայց այնուամենայնիվ, նրան սիրահարվում է Քլորիդան ու այլևս հնարավորություն չի ունենում փախչելու Զեփիրոսից։



Քլորիդան` ծաղիկների համար պատասխանատու այս նրբագեղ էակը ուժով ու ստիպված դառնում է Զեփիրոսի կինը։ Վերջինս իր բռնությունը փոխհատուցելու և կնոջ զգացմունքներն ու ապրումները մեղմելու համար Քլորիդային հավերժահարսից փոխակերպում է աստվածուհու։ Նրա բերանից սկսում են ծաղիկներ են աճել ու Քլորիդան վերածվում է Ֆլորայի։

Ֆլորան պատասխանատու էր ոչ միայն ծաղիկների, այլ նաև Երկրի ողջ բուսականության համար։ Նկարի մյուս հերոսը փոխակերպված Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում:



Կտավի կենտրոնում Վեներան է, որ ոչ միայն սիրո, այլ նաև ծաղկունքի ու պտղաբերության աստվածուհին է։ Նա միայնակ կանգնած է այգու կենտրոնում։ Բոտիչելլին նրա թիկունքում պատկերել է բույսերից առաջացած կամար, որով ընդգծել է Վեներայի գլխավոր հերոս լինելը։ Ի դեպ, Հին Հռոմում Վեներային նվիրված տոնը նշվել է հենց գարնանը` ապրիլին։



Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է` նրա որդին, որը միշտ ուղեկցում է մորը։ Այս չարաճճի տղան ակտիվ է հատկապես գարնանը։ Նա իր սիրո ներտերով աջ ու ձախ կրակում է, նույնիսկ չտեսնելով, թե ում կխոցի։ Ամուրի աչքերը կապված են։ Չէ՞ որ սերը կույր է։



Նկարում Ամուրի զոհերը Քարիտներն են կամ Գրացիաները։ Նետն ուղղված է նրանց։ Ամուրի նետն, անշուշտ կխոցի նրանցից մեկին։

Բոտիչելիի կտավի այս երեք միանման գեղեցկուհիները հին հունական դիցաբանության մեջ պտղաբերության, հետագայում նաև գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածուհիներ էին։ Նրանք Զևսի դուստրերն են, որոնք հաճախ ուղեկցում էին Վեներային, տարածելով նրա մասին բարի լուրեր։



Կոմպոզիցիայի վերջին հերոսը Մերկուրին է` առևտրի աստվածը, որը պատկերված է սաղավարտով, երկարաճիթ կոշիկներ և սրով: Բոտիչելլին նրան ներկայացրել է որպես այգու պահապան, որն իր երկաթե թրով ցրում է ամպերը` նպաստելով Գարնան գալուն։



Գարունն ազդարարում է կյանքի սկիզբ, պտղաբերության, ծնունդի, զարթոնքի սկիզբ։ Պատահական չէ, որ բոլոր կանայք Բոտիչելիի այս նկարում հղի են։ Նրանք բոլորը գարնան հետ սպասում են նորի, անսպասելիի, գեղեցիկի ու վեհի ծնունդին։

Ի դեպ «Գարուն» կտավը Բոտիչելլիին 1482 թվականին պատվիրել է Լորենցո Հրաշալին` որպես քրոջորդուն հարսանեկան նվեր: Նման նվերներն այդ ժամանակներում սովորական երևույթներ էին: Բոտիչելլին իմանալով, թե որտեղ է կախվելու նկարը, որոշել է ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք ճախրող ֆիգուրների տապավորություն ստեղծեն: Այդպես էլ ստացվել է: Պատվերը տեսնելուն պես Մեդիչիները այն կախել են հատակից 2 մետր բարձրության վրա, և Բոտիչելլիի մտահղացումը լիովին իրականացել է:

1537 թվականին նկարը տեղափոխվել է Կաստելլո, որտեղ այն տեսել է Վազարին` Վերածննդի մեծ տեսաբանը և բարձր գնահատանքի արժանացրել։ 1815 թվականին նկարը տեղափոխվել է Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահ, սակայն քննադատությունների է արժանացել և որպես ուսանողական ուսումնասիրությունների առարկա` 1853-ին ուղարկվել է Ակադեմիա։

«Գարունը» կրկին Ուֆիցիում է հայտնվել 1919 թվականին, որը մինչ օրս այս հեղինակավոր պատկերասրահի առանձնահատուկ գլուխգործոցներից է։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով