Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, պատրաստվում է բացել սահմանը և դեսպանատուն։ Նա նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում երկրից և երկրի գլխավոր ռուսամետ օլիգարխի ձերբակալություն։
Սաակաշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից, իսկ ստեղծված իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը, նրա խոսքով, չափազանց վտանգավոր է։
Oragir.News-ը այս թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, որը կարևոր համարեց փաստը, որ նման լուրերը առաջինը իմանում ենք արտաքին ուժերից, այլ ոչ Հայաստանի իշխանություններից։
«Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր կարևոր իրադարձությունները մենք իմանում ենք ադրբեջանական, թուրքական, ռուսական, ֆրանսիական կամ վրացական քաղաքական գործիչներից և լրատվամիջոցներից։ Արդեն յոթ տարի է՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները կամ համապատասխան նախարարությունների մամուլի ծառայությունները հանդես չեն գալիս պաշտոնական հայտարարություններով։ Ինչո՞ւ ենք մենք այս ամենը իմանում Սաակաշվիլիից։ Մի մոռացեք, որ Սաակաշվիլին այն քաղաքական գործիչն է, ով, 2003 թվականին իշխանության գալով, Ռուսաստանին բառի բուն իմաստով դուրս շպրտեց Վրաստանից և երկիրը դարձրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության գոտի»,- նշեց Համբարյանը։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի կառավարման տարիներին Վրաստանը ամբողջությամբ կախված դարձավ Թուրքիայից և Ադրբեջանից՝ հատկապես էներգետիկայի ոլորտում։
«Վրաստանը չուներ մեծ ընտրություն. կամ պիտի շարունակեր համագործակցել Ռուսաստանի հետ, կամ արևմտյան հովանու ներքո մտներ Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արդյունքում մենք տեսանք, թե ինչ եղավ․ 2008-ին Արևմուտքն ու Թուրքիան պարզապես խաբեցին Վրաստանին»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը բարձրացրեց հարցը, թե ի՞նչ կարող է զիջել Հայաստանը փոխարենը, եթե Թուրքիայի հետ սահման բացվի։
«Հայաստանը, փաստացի, արդեն ամեն ինչ զիջել է։ Եթե գործընթացը շարունակվի, Հայաստանը կարող է փոխել նույնիսկ իր զինանշանը հօգուտ Թուրքիայի, հրաժարվել Ցեղասպանության ճանաչման պահանջներից, նվիրել Թուրքիային ռազմավարական ոլորտներ։ Պատահական չէ, որ Վրաստանն էլ, հրաժարվելով ռուսական գազից և էլեկտրաէներգիայից, դարձավ թուրք-ադրբեջանական էներգակիրների գերի։ Հիմա նույնը սպասվում է Հայաստանին։ Փաշինյանը Թուրքիա այցից անմիջապես հետո սկսեց խոսել ՀԷՑ-ի մասին։ Դա պատահական չէ․ Էրդողանն ասել է՝ էլեկտրաէներգիայի ոլորտը տալիս ես մեզ»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան կհետապնդի նաև ավելի խորքային նպատակներ. «Թուրքիայի գլխավոր նպատակն է փակել Հայաստանի ատոմակայանը։ Չի բացառվում, որ Անկարան Փաշինյանին պարտադրել է Սյունիքում բնակեցնել 300-400 հազար ադրբեջանցի։ Չի բացառվում նաև «Զանգեզուրի միջանցքի» զիջումը։ Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ ասում են՝ մեզ համար անվերահսկելի միջանցքն է կարևոր, հայերն ինչպես կկոչեն այն, իրենց անձնական խնդիրն է»։
Քաղաքագետը զգուշացրեց նաև Թուրքիայի հետ սահման բացելու հնարավոր հետևանքների մասին։
«Թուրքիան հենց այնպես սահման չի բացի։ Իսկ եթե բացի, համոզված եղեք՝ մեկ-մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունը կվերանա։ Թուրքական էժան գյուղմթերքը հոսելու է Հայաստան, և Փաշինյանը երբեք օրենքներ չի ընդունի՝ տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Նա նույնիսկ կհամոզի, որ սա արդար մրցակցություն է, բայց մեր արտադրողը չի կարող մրցել թուրքական էժան գյուղմթերքի հետ։ Բացի այդ, Հայաստանում մնացած թեթև արդյունաբերությունը ևս կկործանվի։ Ներքին արտադրողի շահերին նպաստող օրենքներ պետք էր ընդունել սահման բացելուց առաջ, բայց Փաշինյանը դա չի անի, քանի որ նրա տերերը Անկարայում և Բաքվում են, և նրանք թույլ չեն տա»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը: