Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 20 ժամ առաջ - 22:37 17-11-2025

Հայ-ամերիկյան նոր երկկողմ խումբ․ Սոնատա Քալթերի քաղաքական ուղին և հակառուսական օրակարգը

Մեկնարկել է հայ-ամերիկյան աշխատանքային երկկողմ խմբերի գործունեությունը, որը զբաղվելու է վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործմամբ ու «Թրամփի ուղու» զարգացմամբ։ Աշխատանքային խումբը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը։

Oragir.News-ը ուսումնասիրեց խմբի ղեկավարի՝ Քալթերի քաղաքական կարիերան, որը հիմնականում հակառուսական տրամաբանության շրջանակներում էր։

Նախ, պաշտոնը ստանձնելուց անմիջապես առաջ նա եղել է Բիշքեկում (Ղրղզստան) գտնվող ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը և առաքելության ղեկավարի տեղակալը։ Նախկինում Քալթերը 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունիսը աշխատել է որպես քաղաքական խորհրդականի տեղակալ Մոսկվայում (Ռուսաստան) գտնվող ԱՄՆ դեսպանատանը։ Նրա այլ արտասահմանյան պաշտոնների թվում են քաղաքական/տնտեսական ղեկավարը Բիշքեկում (Ղրղզստան), ավագ տնտեսական պաշտոնյանը Մոնրովիայում (Լիբերիա), ինչպես նաև նախկինում աշխատանքը Մոսկվայում և Եկատերինբուրգում (Ռուսաստան)։

Վաշինգտոնում նա աշխատել է որպես Կովկասի օգնության համակարգող՝ ԱՄՆ օգնության համակարգողի գրասենյակում Եվրոպայի և Եվրասիայի ուղղությամբ, լուսաբանել է Իրանի դեմ պատժամիջոցները Տնտեսական բյուրոյի սպառնալիքների ֆինանսավորման և պատժամիջոցների գրասենյակում, ինչպես նաև եղել է Չադի և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության գրասենյակի պատասխանատու։ Քալթերը ծնունդով Լոս Անջելեսից է, Կալիֆոռնիա։

Նա ունի արվեստի պատմության և ֆրանսերենի բակալավրի աստիճան Կոլումբիայի համալսարանից, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Ջորջ Վաշինգտոնի համալսարանից։ Նա խոսում է ռուսերեն և ֆրանսերեն։ Ոչ այնքան հարուստ քաղաքական կենսագրության մեջ կարևոր է նշել, որ 2025 թ․ գարնանը նա ղեկավարեց ԱՄՆ պատվիրակությունը Ստամբուլում՝ ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում, որոնք վերաբերում էին դիվանագիտական առաքելությունների ֆինանսավորմանը, դեսպանատների աշխատանքի և դիվանագիտական արգելքների հարցերին։ Այդ բանակցությունները միջազգային մակարդակում ներկայացվեցին որպես «կառուցողական», սակայն դրանց բովանդակությունը հիմնականում կապված էր ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների կարգավորման տեխնիկական կողմերի, ոչ թե տարածաշրջանային քաղաքականության հետ։

Նրա ելույթները, մասնավորապես Brigham Young University–ում, նույնպես ընդգծում են նույն ուղղվածությունը․ Ռուսաստանը ԱՄՆ-ի համար մշտական ռազմավարական սպառնալիք է, և Միացյալ Նահանգները պետք է սահմանափակի նրա ազդեցությունը Եվրասիայում։

Այս մոտեցումը բնորոշ է նրա ողջ քաղաքական կարիերային։ Կարևոր է ընդգծել, որ Սոնատա Քալթերի պաշտոնական և փորձագիտական ուղին որևէ փուլում չի առնչվել Հարավային Կովկասին, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին կամ տարածաշրջանի անվտանգության խնդիրներին։ Նրա ամբողջ գործունեությունը, փորձը և քաղաքական դաշտը կապ չունեն Հայաստանի հետ։ Նրա ներգրավվածությունը հայ-ամերիկյան համագործակցության ձևաչափերում չի նշանակում, որ Հայաստանը դարձել է նրա առաջնահերթությունը։

Ընդհակառակը՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ նրա այստեղ լինելու նպատակը Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելն է, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես հարմար հարթակ այդ քաղաքականությունը իրականացնելու համար։ Այսինքն՝ նա այստեղ է ոչ թե Հայաստանի, այլ իր՝ ամերիկյան հակառուսական օրակարգի համար։

Ստեղծված խմբի, ակնկալվող արդյունքների ու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, ով նշեց, որ Թրամփի վարչակազմի գործողությունների տրամաբանությունը պայմանականորեն կարելի է նկարագրել որպես «փայ ստանալու» փորձ։

«Վերջերս դուք տեսաք, որ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ ևս տեղի ունեցավ հանդիպում, որտեղ խոսվում է հանածոների, հազվագյուտ մետաղների, էներգակիրների մասին։ Հիմա նույնը վերաբերում է նաև մեզ․ եթե իրենք ունեն հնարավորություն «փայ ստանալու»՝ լինի դա կոմունիկացիայի տեսքով, լինի դա ներկայության տեսքով, իրենք փորձելու են անել։ Տնտեսական կապերը պետք չէ բերել և հավասարեցնել խաղաղությանը կամ խաղաղության գործընթացին։ Եթե մենք վերադառնում ենք ամսի 8-ի պայմանավորվածություններին, ապա մենք մի իրավիճակում ենք, երբ Հայաստանով անցնող կոմունիկացիայի վերաբերյալ ոչ թե պարզապես ստեղծվում է հայ-ամերիկյան կազմակերպություն, այլ նաև ադրբեջանցիները դրա վրա փաստորեն ազդեցություն ունեն»,- նշեց քաղաքագետը։

Քնարիկ Սահակյան

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ