Օրեր առաջ վերահանի վրա գրոհը դիմակայելու և Միքայել Սրբազանին աջակցելու հարցում յուրաքանչյուրի ներդրումն էլ գնահատելի է։ Այս առումով՝ տարօրինակ է տարածվող ասեկոսեն, թե Արա Զոհրաբյանն ու Արման Թաթոյանն են համոզել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնա քննչական կոմիտե։ Թեման շատ զգայուն է, ուստի՝ ասեկոսեին անդրադարձան փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու Մարինե Ֆարմանյանը։ Վերջինս ասեկոսեն որակեց զրպարտություն։ Իսկ Արա Զոհրաբյանը մանրամասն պարզաբանեց, ցրելով բոլոր թյուրըմբռնումներն ու կասկածները։
Ուշագրավ է Արման Թաթոյանի անվան շահարկումն այս պատմության մեջ։ Տպավորություն է, թե ասեկոսեի հիմնական հերոսը նա է։ Ովքե՞ր են հանրային ուշադրությունը սևեռում նրա անձի վրա։ Արդյո՞ք այստեղ քաղաքական ենթատեքստ կա։
44-օրյա պատերազմի շրջանում ու դրանից հետո ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցները նրան մեծ ճանաչում բերեցին։ Նրա վարկանիշն աճեց։ ՄԻՊ պաշտոնը լքելուց հետո էլ նա որոշակի ժողովրդականություն է վայելում։ Ներկայումս էլ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի քաղաքականության քննադատությամբ, երբեմն՝ դուրս է գալիս իրավապաշտպանի կաղապարից և քաղաքական շեշտադրումներ անում, որոնք հաշվի առնելով, ոմանք կարծում են, թե նա քաղաքական գործիչ կարող է դառնալ, նույնիսկ՝ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այսինքն՝ նրան Նիկոլ Փաշինյանի պոտենցիալ մրցակից են դիտում։ Սակայն ի տարբերություն պոտենցիալ մյուս մրցակիցների, Արման Թաթոյանի հանդեպ հալածանքներ, հետապնդումներ չկան։ Ահա, սա ոմանց մոտ կասկածի տեղիք է տալիս։ Եթե Թաթոյանին չեն հետապնդում ու հալածում, ապա գուցե պայմանավորվածությո՞ւն կա Փաշինյանի, քաղաքական մյուս ակտորների և Թաթոյանի միջև, և նրան քաղաքական դերակատարություն է վերապահված առաջիկայում։
Թաթոյանն աշխատել է ՄԻՊ 2016-2022-ին, գործի բերումով հարաբերություններ է ունեցել և՛ Սերժ Սարգսյանի հետ, և՛ Նիկոլ Փաշինյանի։ Ենթադրելի է, որ նրանց հետ ներկայումս էլ ունի ուղիղ կամ միջնորդավորված գործակցություն։ Հետևաբար՝ ոմանք նրա քայլերի մեջ փնտրում են Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի կամ նրանց երկուսի հետ պայմանավորվածության հետքեր։ Մասնավորապես՝ ենթադրում են, թե Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ պայմանավորվածություն ունի, իբր փոխարինելու է Փաշինյանին, երբ լրանա վերջինիս ժամկետը։ Այսինքն՝ ինչպես 2018-ին Սերժ Սարգսյանը ռուսների միջնորդությամբ հանձնեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, ու վերջինս դարձավ ֆորպոստի վարչապետ, նույնպես Փաշինյանն է աթոռը հանձնելու Արման Թաթոյանին, երբ ժամը գա։
Ոմանք էլ երևակայական այս սցենարը քիչ հավանական են համարում, քանի որ Արման Թաթոյանը քաղաքական գործիչ չէ, իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, որն էապես տարբերվում է քաղաքական գործունեությունից։ Չնայած՝ քննադատում է իշխանություններին, սակայն քաղաքական օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ հրապարակավ դիրքորոշում չի հայտնում, քաղաքական լուծումներ չի առաջարկում, քաղաքական հավակնություն չի ներկայացնում, որևէ կուսակցության կամ ճամբարի հետ չի ասոցիացվում, կուսակցություն հիմնելու նախաձեռնություն չունի։ Հետևապես՝ ինչքան էլ լավ կամ վատ հարաբերություններ ունենա Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա վարչապետ դառնալն իրական չէ։ Պարզ ասած՝ նա քաղաքական իրական մրցակից չէ, քանի դեռ հավակնություն չի հայտնել։
Ի վերջո՝ կա ստուգելու պարզ ձև՝ նրա շուրջ հյուսվող մութ պատմությունները կե՞ղծ են, թե՞ իրական։ Կարելի է նրան առաջ մղել որպես իմպիչմենտի թեկնածու։ Եթե Թաթոյանը Միքայել Սրբազանի նման ինքնաբացարկ հայտնի, ապա թեման կփակվի։ Բայց քանի որ որոշ ուժերի, ենթադրաբար, ձեռնտու չէ թեման փակելը, ապա Արման Թաթոյանին ոչ ոք հրապարակավ չի առաջադրի, չի ներգրավի նրան քաղաքական լուրջ գործընթացներում, և նա կմնա քաղաքական գունապնակում «մութ ձի», նրա շուրջ կհյուսվեն մութ պատմություններ, նրա անունը կշահարկեն, ինչպես Միքայել Սրբազանի դեպքում։
Թաթուլ Մկրտչյան