Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:34 09-11-2022

Քննադատությունը, թե ինչպես կարելի է ռազմատենչ հարևանների հետ բանակցել, ընդունելի չէ․ ՔՊ պատգամավոր

Առաջինի լրատվական ալիքում Աննա Դանիելյանի «Հարցազրույց» հաղորդման հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է։ Հարցազրույցի ընթացքում Խանդանյանը խոսել է 44-օրյա ծանր պատերազմի ու ռազմական պարտության դասերի մասին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրան հաջորդող երկու տարիները շատ առանցքային նշանակություն են ունեցել մեր երկրի վրա, և թե ինչու չդարձան դաս պատերազմը և պատերազմի հետևանքները մեր հանրային քաղաքական դաշտի համար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառը գուցե շոկն էր, որ ապրեց հանրությունը պատերազմի հետևանքով, նաև ընդհանուր քաղաքական համակարգը շոկի ենթարկվեց՝ պատերազմի և պատերազմի հետևանքների պատճառով։ Իսկ սուբյեկտիվ հանգամանքներն այն են, որ այն քաղաքական ուժերը, որոնք կիսամեռ էին հանրային քաղաքական դաշտում և ընդհանրապես հավակնություններ չէին կարող ունենալ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու և որևէ քաղաքական լծակի տիրապետելու, պատերազմը և պատերազմի հետևանքները դարձան նրանց համար գործիք՝ իշխանության հասնելու կամ նման ցանկություն ունենալու համար»։

Խանդանյանը վստահ է, որ պատերազմից հետո իշխանությունների կողմից խաղաղության հասնելու մանդատը ստանձնելը գլխավոր օրակարգ է, որին պետք է հավատարիմ մնալ։

Անդրադառնալով հարցին, թե հանրությունը դեռ հետպատերազմյան շոկի մեջ է, և որքանով է իրատեսական խաղաղության օրակարգը, պատգամավորը նշեց, որ հիմա է հենց այդ պահը, այսօր ամենաշատն է դրա կարիքը զգացվում։

«Եվ եթե դու ինչ-որ բանի կարիք հրատապ ունես, այդ հարցը պետք է շատ արագ լուծել և փորձել արդյունքների հասնել։ Այդ քննադատությունը, թե ինչպես կարելի է ռազմատենչ հարևանների հետ գնալ, բանակցել և խաղաղության հասնել, ինձ համար ընդունելի չէ»։

Խանդանյանը պնդեց, որ հայկական կողմը չի կարող այդ հարցը վաղվան թողնել։ Վերջինիս համոզմամբ՝ կոնֆլիկտը չլուծելու, ձգձգելու հետևանքով ենք մենք այսօրվան հասել։