Ներքին 1 տարի առաջ - 20:00 07-11-2022

«Փեթակը» շարունակում է աշխատել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ, որոնց վերացման համար սահմանվել էր ժամկետ, սակայն դրա ավարտից հետո խնդիրները չէին լուծվել։

Հոկտեմբերի 7-ին «Փեթակի» առևտրականները բողոքի ակցիա էին արել Կառավարության մոտ՝ հիմնավորելով, որ այդ օրը սովորականի նման աշխատանքի գնալիս տեսել են, որ կենտրոնը փակ է։ Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները գնացել էին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շենք։

Ավելի ուշ ՏՀԱ տեսչական մարմինը հայտարարեց, որ ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։

Oragir.News-ը «Փեթակ»-ի աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ստուգումների հետ կապված հաճախորդների պակաս կա՞, թե՞ ոչ, կա՞ն տաղավարներ, որ այս ընթացքում փակվել են։

«Մենք բողոքի ակցիա իրականացրինք Կառավարության շենքի առջև, մտանք նախարարի մոտ, պայմանավորվեցինք։ Այնտեղից գնացինք ԱԻՆ։ Եկել, ստուգել են, տեսել, որ մեր տնօրենությունը բոլոր գործերը կատարել է, ամեն ինչ արված է բարձր որակով»,- նշել է աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցներից մեկը հավելեց, որ ինքը նույնիսկ հարցրել է՝ կա արդյոք «Փեթակ»-ի նման այլ ապահով կենտրոն, իսկ նրան ասել են, որ չկա։

Ըստ աշխատակիցների՝ իրենց տնօրենությունը վերացրել է տեսչական մարմնի կողմից արձանագրած խախտումները։