Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:43 07-11-2022

Անահիտ Ավանեսյանին եւ «Ուիգմորին» բիզնես շահե՞ր են կապում․ նոր հիվանդանոցի բացումը ռիսկային է մանկաբուժության ոլորտի համար

Առաջիկայում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախատեսված է Ուիգմոր կլինիկայի հերթական մասնաճյուղի բացումը։

Իհարկե, շատերին ոգևորում է նոր հիվանդանոցի բացումը, սակայն ոլորտի մասնագետները լուրջ մտահոգություններ ունեն։

Բանն այն է, որ Հայաստանում մանկաբուժության ոլորտը քանդվում է, և եթե Անահիտ Ավանեսյանն իր տեղում լիներ, առնվազն թույլ չէր տա նման կլինիկայի բացումը։

Խնդիրն այն է, որ Ուիգմոր կլինիկան մեծ վնաս է հասցնում Արաբկիր բժշկական կենտրոնին՝ Հայաստանի լավագույն կադրերին տանելով իր մոտ․ փաստորեն, պետպատվերի շրջանակում Արաբկիրում նույն մասնագետի կողմից բուժօգնություն ստանալու փոխարեն՝ շատերը դիմում են մասնավոր հիվանդանոց՝ բավականին թանկ վճարելով այդ ծառայության դիմաց։

Արդյունքում՝ պետպատվերով աշխատող Արաբկիրը կադրային, ֆինանսական խնդրի առաջ է կանգնում, հատկապես որ երիտասարդ սերնդին չի ոգևորում մանկաբուժությունը։ Ասվածի վկայությունը այս ֆակուլտետն ավարտողների տարեկան թիվն է։

Մասնագետները հեռանում են պետպատվերով աշխատող հիվանդանոցից, հնարավորություն ունեցողները դիմում են մասնավոր, իսկ հնարավորություն չունեցողները սպասարկվում են նրանց մոտ, ովքեր կան, մնացել են։ Բայց վերջնարդյունքում՝ Ուիգմոր կլինիկան չունի այնքան մահճակալային բազա, որպեսզի կարողանա սպասարկել ամբողջ հանրապետությանը, այդ հնարավորությունն ունի Արաբկիրը, որը փաստացի կադրային խնդրի առաջ է հայտնվում։

Ինչո՞ւ է Առողջապահության նախարարը թույլատրում, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվի մանկաբուժության բնագավառում․ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այստեղ շրջանցված չէ անձնական շահը։ Կան լուրեր, որ Ավանեսյանին և Ուիգմորին այլ՝ «բիզնես շահեր» են կապում․ Պուշկինի վրա գտնվող հիվանդանոցի շենքը Ուիգմորը վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։

Երեք օր առաջ, պատասխանելով այն հարցին, թե ինչ կապ ունի իր մայրը Ուիգմոր կլինիկայի հետ, Անահիտ Ավանեսյանը նշել էր․ «Որևէ կապ չունի։ Վաղուց ի վեր, տարիներ առաջ այդ շենքը պատկանել է իմ մայրիկի գլխավորած կազմակերպությանը, բայց այն վաղուց ի վեր վաճառվել է»։ Հարցին, թե ով է գնորդը, Ավանեսյանը պատասխանել է, որ չգիտի։

Oragir.News-ի նույն հարցին ի պատասխան ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն էլ նշեց՝ գիտի, որ ոչ մի կապ չկա։ Հարցրինք նաև առաջացող ռիսկերի մասին։ Պարբերաբար լսում ենք, որ օդակաթիլային վարակների սեզոնային սրացումների ժամանակ մանկական հիվանդանոցներում առանց այդ էլ մահճակալների պակաս է լինում, երբեմն էլ ֆոնդն սպառվում է, և առավել թեթև վիճակով փոքրիկ հիվանդներն իրենց ստացիոնար բուժումն ստանում են միջանցքներում՝ ոչ թե մեկ-երկու րոպե սպասում են միջանցքում, այլ նրանց մահճակալներն են տեղադրվում միջանցքում։

Այն հարցին, թե հիմա, արդյո՞ք առավել լուրջ խնդրի չենք բախվի, Հռիփսիմե Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանում միայն Արաբկիրը չէ, որ մանկական բաժանմունք ունի․ «Մենք էլի հիվանդանոցներ ունենք․ եթե չգիտեք, հուշեմ, Մուրացան հիվանդանոցն է, Աստվածամայրն է, Նորքի ինֆեկցիոնում մեծ բաժանմունք կա մանկական։ Որևէ հարց մահճակալային ֆոնդի հետ կապված, որ կարող է չբավարարել, չկա»։ Իսկ այս փոփոխությունից հետո և՞ս չեն լինի․ «Իրավիճակային որոշումները միշտ էլ լինում են միշտ էլ հօգուտ, բնականաբար, պացիենտի։ Պարբերաբար մահճակալային ֆոնդը վերանայվում է, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»։

Հարցին, թե արդյոք եղել են մասնագետների հետ քննարկումներ, և այս որոշումն ինչ ռիսկեր է պարունակում, Խաչատրյանը պատասխանեց, որ պիտի այս մասով ուղարկենք գրավոր հարցում, քանի որ ինքը պիտի մասնագետների դիտարկումներն իմանա, և մեզ հաղորդի․ «Բայց ամեն որոշումից առաջ մասնագետների հետ քննարկումներ ունենում ենք»,- ասաց նա։

Հարցին, թե կարո՞ղ եմ, ըստ այդմ, նշել, որ եղել է քննարկում, իսկ մանրամասներն իմանալու համար արդեն կուղարկենք գրավոր հարցում, Խաչատրյանն ասաց․ «Ոչ, այդ հարցով ևս ես պիտի մասնագետից ճշտեմ։ Դրա համար հարցում ուղարկեք»։

Հարցին, թե հնարավո՞ր է հիմա ճշտել միայն այն կետը՝ եղե՞լ է մասնագետների հետ քննարկում, թե՞ ոչ, իսկ մանրամասները հետո՝ գրավոր հարցման ընթացակարգով՝ 5-օրյա ժամկետում, կամ անհրաժեշտության դեպքում 25-օրյա ժամկետում, Խաչատրյանն արձագանքեց, որ հնարավոր չէ։