Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:10 02-07-2025

ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի

ՀԷՑ-ն ազգայնացնելու հիմնավորումներն առայժմ պարզ չեն։ Եթե խնդիրը անջատումներն են ստանդարտից դուրս էլեկտրականության մատուցումը, ապա դեռ չկա որևէ հիմք պնդելու, թե ազգայնացումից հետո նույն անպատասխանատու անջատումները չեն լինելու կամ մաքուր 220 վոլտ հոսանք են տալու սպառողին։

«Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ–ի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ–ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ ՀԷՑ-ի վրա բարկացել է ու թեմա բացել, երբ մայիսի 20-ին այցելել է Հայաստանի պատմության թանգարան, ու այնտեղ լույսն աջատվել է։

Այս գրառումից կարելի է ենթադրել, որ խնդիրը էլեկտրականության մատակարարման որակը լավարկելը չէ, այլ պատժամիջոց կիրառելը և ժողովրդին հասցված վնասը հատուցելը։

Ի՞նչ պատժամիջոցի մասին է ակնարկում վարչապետն, ու ինչպե՞ս կարող է ՀԷՑ-ը հատուցել ժողովրդին հասցված վնասը։

Նախ՝ եթե թեման ժողովրդին հասցված վնասներն են, ապա զարմանալի անտարբություն է ցուցաբերվում ջուր և գազ մատակարարողների հանդեպ։ Այստեղ ևս քաղաքացիների դժգոհությունները բազմաթիվ են՝ հավելագրումներից սկսած և մատակարարման որակից ավարտած։ Սակայն Փաշինյանը դրանք չի տեսնում, քանի որ, հավանաբար, այդքան խիզախ չեն, որ փորձեն ազգայնացնել «Գազպրոմն» ու «Վեոլիա Ջուրը»։ Ի դեպ՝ Հայաստանը ՌԴ-ի կողմից բազմիցս է ենթարկվել գազային շանտաժի նախկինների օրոք։ Նիկոլ Փաշինյանի օրոք այդպիսի շանտաժ չկա, ինչը հավելյալ վկայում է, որ նա ֆորպոստի վարչապետ է, անշեղորեն կատարում է ռուսներին տված խոստումներն ու չի անում այնպիսի բան, որ ռուսները փորձեն գազային շանտաժ անել։

«Գազպրոմն» ազգայնացնելու պարագայում խնդիր է ծագելու Ռուսաստանի հետ, «Վեոլիա Ջուրը» Ֆրանսիայինն է։ Եվ Փաշինյանը, հավանաբար՝ վախենում է դրանց մասին խոսել։ ՀԷՑ-ն այս համեմատությամբ կարելի է որակել որբի գլուխ, անտեր մի բան, որի ազգայանացնելու թեմա կարող են բացել, պատժամիջոցների ու ժողովրդին հասցված վնասի հատուցման մասին խոսել և այլն։

ՀԷՑ-ն ազգայնացնելու պարագայում բազմաթիվ խնդիրներ են ծագելու։ Հետևաբար՝ Փաշինյանը այլ, ավելի դյուրին, անշառ տարբերակ է փնտրում։ Այս մասին է ակնարկում նա վերը բերված գրառմամբ։ Սակայն կա նախադեպ։ ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարությունն ունի մոտ 21 տոկոս բաժնեմաս։ Բաժնեմաս ունի նաև «Լիդիան» ընկերությունում, որը շուտով քերելու է Ամուլսարը։ Փաշինյանը, հավանաբար, այդպիսի մի առաջարկի մասին է ակնարկում։ ՀԷՑ-ը կարող է ՀՀ կառավարությանը տալ իր եկամտի 10-20 տոկոսը ու շարունակել նույն վատ աշխատանքը, անպատասխանատու անջատումները, հավելագրումները, 220-ի փոխարեն 250 կամ 180 վոլտ հոսանք տալը և այլն։ Սակայն Նիկոլ Փաշինյանն այդ ամենն էլ չի տեսնի, քանի որ ՀԷՑ-ը 10-20 տոկոս վճարելով, կհատուցի ժողովրդին հասված վնասը։ Իսկ թե վճարված այդ 10-20 տոկոսից ի՞նչ կհասնի ժողովրդին, կարևոր չէ։

Սամվել Կարապետյանի հետապնդումն ու ՀԷՑ-ն ազգայնացնելու թեման շաղկապված են։ Սամվել Կարապետյանի հետապնդման, նրանից քաղաքական գործիչ կերտելու հարցն ու ՀԷՑ-ն ազգայնացնելու թեման, հավանաբար՝ քննարկվել են Մոկսվայում մայիսի 9-ին ու դրան հաջորդած Լավրովի այցի ժամանակ, ձեռք բերվել հայ-ռուսական պայմանավորվածություն։ Այսինքն՝ Մոսկվան զոհաբերել է Սամվել Կարապետյանին, որ նրա քաղաքական ներգրավվածության արդյունքում կարողանա Հայաստանը 1-2 տարի էլ պահել իր ազդեցության գոտում։ Իսկ ևս մի քանի տարի ֆորպոստի վարչապետ լինելու դիմաց Նիկոլ Փաշինյանին կտրվի բոնուս՝ ՀԷՑ-ի 20 տոկոսը։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ առաջիկայում ՀԷՑ-ում լուրջ քննարկելու են 10-20 տոկոս բաժնեմասը որպես փրկագին վճարելով, Սամվել Կարապետյանին ազատելու թեման։ Ու չի բացառվում, որ հենց ՀԷՑ-ը հանդես կգա նման առաջարկով։ Իսկ Փաշինյանն էլ առաջիկա ասուլիսում կպարծենա, թե ՀԷՑ-ը միլիոնավոր դրամներ է վճարելու պարբերաբար, ժողովրդին հասցված վնասը հատուցելու է։ Ձեռքի հետ կխնդրի ժողովրդին, որ էլ չտրտնջան հոսանքի անջատումներից, որակից, գնից, քանի որ արդեն փայ են, ՀԷՑ-ը մասամբ ժողովրդինն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է