Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանն այս պաշտոնում նշանակվեց նախորդ տարի նոյեմբերի 5-ին, իսկ նախքան դա նա Գլխավոր դատախազությունում համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Գալյանի պաշտոնի կտրուկ առաջխաղացումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նա նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, իսկ նախքան դա աշխատել է Քննչական ծառայությունում։Որպես անշարժ գույք՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է 2023 թվականի փետրվարի 17-ին, համատեղ սեփականությամբ հողամաս՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որը գնել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2023-ի փետրվարի 3-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Դիլիջանում, որը գնել է 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։
Վերջինս 2024-ի տարեսկզբին «Ադրեսս» ՍՊԸ-ում ունեցել 2 մլն 800 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին կազմել է 6 մլն 500 հազար դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 6 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, տարեվերջին՝ 4 մլն 312․000 դրամ։
Սրբուհի Գալյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 32․969 դրամ, տարեվերջին՝ 552․300 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 600 հազար դրամ և 4000 դոլար, տարեվերջին՝ 2 մլն 700 հազար դրամ և 5000 դոլար։
2024 թվականի հաշվետու տարում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 33 մլն 836․676 դրամ, որի գերակշիռ մասը՝ 25 մլն 74․581 դրամը Դատախազությունից, 3 մլն 152․259 դրամն՝ Արդարադատության նախարարությունից, 1 մլն 6386 դրամը Արդարատադության ակադեմիայից, 390․450 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 1 մլն դրամը Պետրոս Մկրյանից, 2 մլն 497 հազար դրամը՝ ՊԵԿ-ից, 716 հազար դրամն էլ՝ Ակբա բանկից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291․842 դրամ։
Գալյանն իր եկամուտներից 39 մլն 374․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։