copy image url
Հայտարարագիր 4 ամիս առաջ - 22:00 17-07-2025

7 անշարժ գույք, 2 մեքենա, 1 մլն դոլար ավանդ, 50 մլն կանխիկ, 43․7 մլն եկամուտ. Մհեր Գրիգորյանի, նրա կնոջ և դստեր ունեցածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանի, նրա կնոջ՝ Աննա Գրիգորյանի և չափահաս դստեր՝ Եվա Գրիգորյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Մհեր Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի կաբինետի այն եզակի պաշտոնյաներից է, ով իր պաշտոնում նշանակվել է 2018-ի իշխանափոխությունից հետո, և առ այսօր մնացել նույն պաշտոնին։ Նա ի սկզբանե փոխվարչապետ էր նշանակվել ԲՀԿ-ի քվոտայով, սակայն, երբ 2018-ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին ազատեց պաշտոններից, Գրիգորյանը հեռացավ ԲՀԿ-ից՝ նախընտրելով պահպանել փոխվարչապետի պաշտոնը։

Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք․ բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2011-ի նոյեմբերի 21-ին, սեփական տուն՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ գնված 2015-ի նոյեմբերի 17-ին, հողամաս՝ կրկին Աշտարակում՝ գնված 2007 թվականի մարտի 15-ին, ինչպես նաև 2 ավտոտնակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2009-ի ապրիլի 21-ին և 2011-ի հուլիսի 22-ին։ 5 անշարժ գույքին էլ Մհեր Գրիգորյանը տիրապետում է համատեղ սեփականությամբ, իսկ տարեվերջին դրանք նույնությամբ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Գրիգորյանը չի հայտարարագրել։

Գրիգորյանը տարեսկզբին 511․700 դոլարի պարտատոմսեր է հայտարարագրել Արդշինբանկում, որոնք ձեռք էր բերել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Տարեվերջին այս պարտատոմսերը մարվել են։ Բացի այդ, վերջինս առևտրային բանկերից մեկում տարեվերջի դրությամբ ունեցել է 500 հազար դոլար անվանական արժեքով ավանդ։

Պաշտոնյայի բանկային հաշիվներին տարեսկզբի եղել է 4 մլն 606․097,4 դրամ, տարեվերջին՝ 7 մլն 88,537,6 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 70 մլն, տարեվերջին՝ 50 մլն դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Մհեր Գրիգորյանի եկամուտները կազմել են 33 մլն 771․361,96 դրամ, որից 24 մլն 326․151 դրամը Փաշինյանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 24․214 դոլարը և 125․717 դրամը Արդշինբանկից ստացած այլ եկամուտը, 17․928 դրամն էլ՝ նույն բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։

Վերջինիս կինը՝ Աննա Գրիգորյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 բնակարան, որոնցից մեկը միանձնյա, մյուս՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2007 թվականի հոկտեմբերի 17-ին և 2011 թվականի նոյեմբերի 21-ին, համատեղ սեփականությամբ 2 ավտոտնակ՝ Աշտարակում, որոնք գնել է 2009 թվականի ապրիլի 21-ին և 2011 թվականի հուլիսի 22-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը գնել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ինչպես համատեղ սեփականությամբ բնակարանին, այնպես էլ ավտոտնակներին, Աննա Գրիգորյանը տիրապետում է ամուսնու՝ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Աննա Գրիգորյանը չի հայտարարագրել։

Աննա Գրիգորյանը տարեսկզբին առևտրային բանկերից մեկում ունեցել է 600 հազար դոլար անվանական արժեքով ավանդ, տարեվերջին՝ 500 հազար դոլար։

Պաշտոնյայի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 127․816,9 դրամ և 10․25 եվրո, տարեվերջին՝ 13 մլն 986․813 դրամ, 22․864,41 դոլար և 2․74 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

2024 թվականի հաշվետու տարում Աննա Գրիգորյանի եկամուտները կազմել են 7 մլն 208․675,24 դրամ, որից 7234,78 դոլարը Արդշինբանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն ու այլ հատուցումն է, 11․524,37 դոլարը՝ նույն բանկից ստացած այլ եկամուտը։

Վերջինս իր եկամուտներից 33 մլն 491․187 դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։

Մհեր և Աննա Գրիգորյանների չափահաս դուստրը՝ Եվա Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2022-ի դեկտեմբերի 3-ին, որը տարեվերջին պահպանվել է։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 881․865,2 դրամ, տարեվերջին՝ 113․186 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

2024-ին Եվա Գրիգորյանի եկամուտը կազմել է 3 մլն 705․078 դրամ, որը ՀՀ Կենտրոնական բանկից ստացած աշխատավարձն է։