Արտաքին 4 տարի առաջ - 18:36 05-11-2022

Թուրքիայի փոխնախագահն այցելել է օկուպացված Շուշի

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ադրբեջան կատարած այցելության շրջանակներում այցելել է նաև Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Միջազգային օդանավակայանին ծանոթանալուց հետո Ադրբեջանի վարչապետը և Թուրքիայի փոխնախագահը Վարանդա-Շուշի ավտոճանապարհով, որն Ադրբեջանում անվանում են հաղթանակի ճանապարհ, մեկնել են Շուշի։

Ասադովը և Օքթայը Շուշի քաղաքում ծանոթացել են քաղաքի մշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին։ Այնուհետև պաշտոնյաները հայտարարություններով են հանդես եկել հոկտեմբերին Բաքվում կայացած Ադրբջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքների վերաբերյալ։

Թուրքիայի փոխնախագահը մեղադրել է Հայաստանին՝ այսպես կոչված ադրբեջանական տարածքներում վանդալիզմ իրականացնելու մեջ։ Նրա խոսքով՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրենք ականատես են եղել այդ վանդալիզմին և տեսել, որ Վարանդայից մինչև Շուշի քաղաք ամեն բան հողին է հավասարվել։

Վերջինս նշել է, որ «այն տարածքներում, որտեղից ադրբեջանցիներին վտարել են, նույնիսկ խոտ չի աճել, և դա պետք է տեսնի ողջ աշխարհը»։ Օքթայն ընդգծել է, որ շատ գոհ է Ադրբեջանի կողմից իր վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերականգնման աշխատանքներից։ Թուրք պաշտոնյան հիշեցրել է նաև, որ օրեր անց Ադրբեջանը տոնելու է 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի երկրորդ տարին։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն իր հերթին նշել է, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի առաջին րոպեներից եղել է Ադրբեջանի կողքին։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պարոն Ֆուաթ Օքթայը, Թուրքիայի ղեկավարությունը և ողջ թուրք ժողովուրդը սատարեցին ադրբեջանական ժողովրդին։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այդ օրերը»,- նշել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Ադրբեջան կատարած այցելության շրջանակներում նախատեսում էր այցելել նաև Արցախի Հանրապետության` Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք։



Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին