Սովորական
վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ կարծում եմ՝ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Հարցին՝ ում հորդորով է առաջարկվել վերահաշվարկ իրականացնել` հաշվի առնելով, որ տեղեկեկություններ կան, որ վերահաշվարկի առաջարկ անողը եղել է Արսեն Թորոսյանը, Պապոյանը պատասխանեց.
«Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել։ Ես կարծում եմ նման սխալներ են տեղի ունեցել, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր ու դանդաղ է հաշվարկը տեղի ունեցել՝ փորձելով բացառել սխալները։
Չեմ կարծում, որ լուրջ սխալ է տեղի ունեցել։ Խմբակցության ղեկավարի ձայները, կարծեմ, չի փոխվել, կամ 1-2-ով ավելացել, կամ պակասել է: Ձայները իրար այնքան մոտ են, 4-5 ձայն ավել կամ պակաս են: Եթե մեկի ձայնը 2-ով ավելացել է, մյուսին էլ 1-ով պակասել է, այդտեղ փոփոխություն է տեղի ունենում: Իմ ձայներն էլ են ավելացել: Այնքանի մեջ պայմանական ասած, 30 տոկոսի ձայները մնացել է նույնը, 30 տոկոսինը օրինակ 3-4 ով ավելացել է, մի 30 տոկոսինն էլ 3-4-ով պակասել է, սրանք միջինացված եմ ասում»։
Պապոյանը բացառեց ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած։
Ավելի վաղ տեղեկություններ
էին տարածվել, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են, որի հետևանքով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարող են դուրս մնալ վարչության կազմից, նրանց փոխարեն քվեներով առաջ են անցել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։