Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:58 02-11-2022

ՌԴ-ն է եռակողմ տխրահռչակ հայտարարության հեղինակն ու պետք է կատարի իր պարտավորությունները․ ԱԺԲ անդամ

ԱԺԲ հրավիրած հանրահավաքը նոյեմբերի 9-ին անցկացնելու որոշումը կապված է 2 տարի առաջ եռակողմ տխրահռչակ հայտարարության ստորագրության փաստի ու դրան հետևած իրողությունների հետ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺԲ անդամ, քաղաքագետ Արա Պապյանը։

«Նոյեմբերի 9-ին լրանում է 2-րդ տարելիցը՝ այդ տխրահռչակ եռակողմ հայտարարության, որով ՀՀ-ն Ադրբեջանին հսկայական զիջումներ արեց, ըստ էության, կապիտուլյացիոն զիջումներ։ Եվ դիմացը լուրջ ոչինչ էլ չստացավ, որովհետև Ադրբեջանը խաբեց։

Մասնավորապես, չիրականացրեց իր պարտականությունները։ Օրինակ՝ գերիների վերադարձը»,- ասաց նա։

ԱԺԲ անդամի խոսքով՝ հանրահավաքի օրը լինելու է ջահերով երթ՝ դեպի ՌԴ դեսպանատուն։ «Որովհետև Պուտինն ինքն է ասել, որ ինքն է հեղինակն այդ փաստաթղթի, և երաշխավորը։

Բնականաբար, մենք ՌԴ-ից պահանջելու ենք, որ տեր կանգնի իր պարտավորություններին։ Եվ, կրկնում եմ, այդ շատ վատ, մեզնից զիջումներ կորզող փաստաթղթի կետերը գոնե ի կատար ածի»,- ասաց նա։

«Արցախն ու շրջակա տարածքը դե յուրե ՀՀ տարածք է առ այսօր»,- ասաց ԱԺԲ անդամ, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով իրենց կողմից հնչեցվող «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության վերաբերյալ հանրության կողմից զուգահեռներ տանելու փաստին։

«Այդ արտահայտությունը պատկանում է Ազգալդյանին, և իրենից է գալիս, որը ճիշտ է բոլոր առումներով։ Լեռնային Ղարաբաղը դե յուրե ՀՀ տարածք է առ այսօր։ Իսկ այն ժամանակ, երբ հնչել է տարիներ առաջ կամ տարիներ շարունակ՝ նաև դե ֆակտո ՀՀ էր, ի դեպ՝ ճանաչված բազմաթիվ երկրների կողմից։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ որևէ երկիր չի ճանաչել՝ սուտ է խոսում։

Երևանում գտնվող բոլոր դեսպանատները վիզաներ էին տալիս արցախաբնակ մեր հայրենակիցներին՝ դրանով իսկ ճանաչելով, որ Արցախը ՀՀ մաս է»,- ասաց նա։

Իր խոսքով՝ միջազգային իրավունքի մեջ ճանաչումը լինում է երկու տեսակի՝ ուղղակի և անուղղակի։ Սա, ըստ նրա, անուղղակի ճանաչման ձևերից մեկն էր։

«Հետևաբար, մենք ասում և կրկնում ենք այն, ինչն առկա է՝ ըստ միջազգային իրավունքի։ Այսօրվա վիճակով Ադրբեջանը Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ օկուպացրել է ՀՀ տարածքները, էնտեղ, այսպես ասած, մշտադիտարկման կետ են դրել, դրանով էլ ամրագրում են այդ անօրինականությունը»,- եզրափակեց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի