copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 30-10-2022

Ճանաչե՛ք Արցախի ինքնորոշման իրավունքը․ Արթուր Թովմասյան

Հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը՝ պատգամավորների նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել: Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Նիստը մեկնարկել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով. «Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը, որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայոց պետականության և ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգներին, դիմել է նաև ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:


Նիստի օրակարգում ԱՀ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին հարցն էր: Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մարսել Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Մոսիյանը և Մետաքսե Հակոբյանը:
Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն: Նիստի ավարտից հետո խորհրդարանականներն ու աշխատակազմի անդամները միացել են հանրահավաքին: